Գեղամ Մանուկեան. «Փաշինեանի պաշտօնական արարողութիւնը Սարդարապատում նախատեսւած է եղել վաղ առաւօտեան»
«ԱԼԻՔ» – Մայիսի 28-ին, երբ այլեւս հասարակութեան համար յստակ էր, որ սեփական երկրում Փաշինեանն այլեւս փախուստ է տալիս ու չի կարողանում ներկայ գտնւել Սարդարապատի յուշահամալիրում պաշտօնական, պետական արարողութեանը, իշխանական քարոզչամեքենան փորձեց իրեն չհասկացողի տեղ դնել ու ներկայացնել, թէ կարեւորն արարողութիւնը կայացաւ:
Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:
«Բայց փաստերն ու փաստաթղթերը, լուսանկարները վկայում են՝ պաշտօնական արարողութիւնը Սարդարապատում նախատեսւած է եղել մայիսի 28-ի վաղ առաւօտեան, որին ներկայ հազարաւոր քաղաքացիներից վախենալով, Փաշինեանը հրաժարւել է ժամանել:
Իշխանութիւնը Սարդարապատում մշակել էր գեներալական ուսադիրներ ու պարգեւներ յանձնելու հերթական շոուն (2020 թւականի յուլիսեան բեմականացման պէս), բայց մտափոխւել ու արարողութիւնը վերջին պահին յապշտապ տեղափոխել էր նախագահական նստավայր:
Հանրային հեռուստաընկերութիւնն ու իշխանական քարոզչամեքենան մայիսի 28-ին Սարդարապատում առաւօտեան պատրաստւում էին հանրութեան վրայ հերթական քարոզչական գրոհի, բայց ձախողեցին ու նպատակին չհասան:
Սրբազան շարժումն ու Բագրատ Սրբազանն են իրավիճակի տէրն ու թելադրողը, եւ նրանց շարժով է իշխանութիւնը պարտադրւած գործել»,- գրել է նա: