Ազգային շարժումը չի մարի, քանի դեռ ազգը չի մարել
Յունիսի 27-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր Բանասիրական գիտութիւնների դոկտոր, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը: Անդրադարձ է կատարւել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի գլխաւորած «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առանձնայատկութիւններին ու նպատակներին, ցոյց տրւել շարժման տեղը յետպատերազմեան շարժումների եւ դժգոհութիւնների մէջ:
Խօսելով բուն շարժման մասին՝ Հայկազուն Ալւրցեանը մասնաւորապէս ընդգծել է. «Այն դեռեւս չի կողմնորոշւել: Նկատի չունեմ շարժման ղեկավարներին: Շարժումն ինքն իր մէջ դեռ չի կողմնորոշւել՝ քաղաքակա՞ն շարժում է, թէ՞ ազգային-ազատագրական շարժում: Այդ երկու տարրերն էլ կան: Իր այս վերջին փուլում շարժումը կարծես դարձել է աւելի շատ ազգային-ազատագրական, ազգային ինքնութեան վերականգնման, մաքրման շարժում է դարձել»:
Ըստ Հայկազուն Ալւրցեանի՝ Տաւուշի սահմաններից սկսւել է այս շարժման վերջին փուլը: «Իսկ բուն շարժումն իմ կարծիքով սկսւել է Նիկոլի իշխանութեան գալուց անմիջապէս յետոյ՝ լուռ դժգոհութիւններով, մտաւորականութեան մտահոգութիւններով, քաղաքական դէմքերի ամենախիստ յայտարարութիւններով, ընդդիմութեան դաշտում նոր վերադասաւորումներով, իսկ աւելի ուշ, 44-օրեայ պատերազմից յետոյ, նաեւ զանգւածների մասնակցութեամբ: Այն ժամանակ սա աւելի շատ քաղաքական պայքար էր եւ շարժման տարբեր փուլերի անուններն էլ աւելի քաղաքական էին: Տաւուշից սկսւած փուլը նոր անւանում ունեցաւ եւ նոր ընդգրկում: «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը քաղաքական ընդդիմադիր շարժումից աւելի վեր է, դա յանուն հայրենիքի պայքար է: Իսկ Յանուն հայրենիքի պայքարը, մենք գիտենք, մղւում է ոչ թէ քաղաքական ընդդիմախօսների, այլ հայրենիքի անվտանգութեանն սպառնացող ուժերի դէմ»,- ասել է Հայկազուն Ալւրցեանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ իշխանութիւններն ու նրանց սպասարկող շրջանակներն ամէն առիթով ասում են, թէ շարժումը մարել է, դադարել, տապալւել՝ Հայկազուն Ալւրցեանը նկատել է. «Այսպիսի շարժումները չեն կարող մարել կամ դադարել: Դա տեղի կունենայ միայն այն ժամանակ, երբ այս շարժման գաղափարի կրողները ֆիզիկապէս վերանան: Քանի դեռ մեզանում կը լինի մարդկանց՝ ազգային գաղափարները դաւանող տեսակը, նոյնիսկ եթէ այն մէկ տոկոս կազմի ողջ հասարակութեան մէջ, այսպիսի շարժումները չեն կարող մարել: Եւ որքան շուտ այս շարժումը յաղթանակի, մեր ժողովրդի կորուստներն ու տառապանքներն այնքան քիչ կը լինեն»: