Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գէորգ Սրբազան. «ԱԱԾ-ն կուզի՝ թող լսի, Մայր աթոռը թաքցնելու բան չունի, եկեղեցին մշտապէս պէտք է ասի իր խօսքը. աղանդները սպառնալիք են ազգային անվտանգութեանը»

168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր Հայ Առաքելական Եկեղեցու Մասեացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Գէորգ եպիսկոպոս Սարոյեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

– Թէ՛ Միւռոնօրհնութիւնը, եւ թէ՛ Մայր տաճարի վերաօծութիւնը համազգային նշանակութեան իրադարձութիւններ են, եւ համայն հայութիւնը սրտատրոփ սպասում է դրանց։ Տաճարի հիմնանորոգման աշխատանքները տեւել են գրեթէ 7 տարի, հետազօտական աշխատանքների հետ միասին՝ 12 տարի։ Մեր ժողովուրդը իւրայատուկ հոգեւոր խորը կապւածութիւն ունի Մայր Տաճարի հետ, եւ դա էր պատճառը, որ վերջին տարիներին մեզ պատուհասած դժբախտութիւնները ժողովուրդը կապում էր Տաճարի փակ դռների հետ։ Բայց դա այդպէս չէ։ Դա նախապաշարմունք է։ Տաճարը փակ էր բացառապէս հիմնանորոգման համար։ Մեր ազգին պատուհասածն օբիեկտիւ պատճառներ ունի։

– Մերօրեայ Հայաստանն ունի քաղաքակրթութեան ինքնութեան խնդիր։ Տարբեր ուղղւածութիւն ունեցող խմբեր կան, ու նրանց մէջ լարումն առկայ է։ Ես չգիտեմ՝ ով էր Տաճարի խաչը սղոցելու փորձ անողը՝ այդ խմբերի անդա՞մ էր, թէ՞ խելագար։ Մեր հասարակութիւնն ունի նաեւ հանրային համակեցութեան խնդիր։ Քաղաքական բեւեռացումը հասել է նաեւ հանրային համակեցութեանը։ Պէտք է վերականգնել դա։ Մենք հիմնական շեշտը դնում ենք միւռոնի՝ ազգը համախմբող իմաստի վրայ։

Յիշեցնենք, որ 2018 թւականի յեղափոխութիւնից օրեր անց՝ ապրիլի 29-ին, մի մարդ, բարձրանալով Մայր տաճարի վրայ, փորձել էր տաճարի խաչը սղոցել՝ խաչի փոխարէն երկաթեայ վարդ տեղադրելու նպատակով:

– Մայր աթոռն ամէն ինչ թափանցիկ է անում, ԱԱԾ-ն կուզի՝ թող լսի։ Մենք մեր առաքելութեան մէջ ենք։

– Տաճարի վերաօծման արարողութեանն իշխանութիւններին հրաւիրելու մէջ ես վատ բան չեմ տեսնում։ Ընդհակառակը, ես այստեղ տեսնում եմ մեր եկեղեցու լայնախոհութիւնը։ Թող բոլոր հայ մարդիկ, ովքեր իրենց ճակատին միւռոն են կրում, ներկայ լինեն։ Հայ ժողովրդին պառակտողները միւռոնին էլ են դէմ։ Եկեղեցու՝ բոլորին հրաւիրելու քայլը պէտք է ազդակ լինի բոլորին։ Արդեօ՞ք մենք ցանկանում ենք համախմբւել, թէ՞ ցանկանում ենք շարունակել պառակտւել։ Այդ հրաւէրը թաքուն չի եղել։ Մայր աթոռը թաքցնելու բան չունի։

– Այո՛, կան եկեղեցի-պետութիւն անհամաձայնութիւններ։ Իշխանութիւններին այդ միջոցառումներին հրաւիրելը դեռ չի նշանակում, որ այդ անհամաձայնութիւնները հարթւել են։ Իհարկէ, շատ կուզենք, որ հարթւեն, միմեանց միջեւ չարութիւնը, մերժողական տրամադրութիւնները մարեն։

– Եկեղեցին չի որոշում՝ իշխանութիւնը կը մնա՞յ, թէ՞ կը գնայ։ Դա ժողովուրդն է որոշում։ Ես չեմ կարծում, որ հայ եկեղեցուն պէտք է իջեցնել այն մակարդակին, որ ներկայացւի, թէ հայ եկեղեցին ազդեցութիւն ունի քաղաքական գործընթացների վրայ։ Հայ եկեղեցու առաքելութիւնն Աւետարան քարոզելն է, բայց եթէ հայ եկեղեցին մտածում է, որ մեզ վտանգ է սպառնում, պէտք է ասի այդ մասին։ Մեր եկեղեցին մշտապէս իր խօսքը, ճշմարտութիւնը պիտի ասի։

– Սկզբում աղօթում են նրանց համար, ում շատ են սիրում, եւ աղօթում են նաեւ չարերի համար, որ դարձի գան չար ճանապարհից։ Աղօթում ենք անգամ եկեղեցին քարկոծողների, մեր սրբութիւններն անարգողների համար։ Եկեղեցին ոչինչ չի պարտադրում, եկեղեցին քարոզում է, յորդորում։

– Այս տարիների ընթացքում եղել են անարժապատիւ ձեւակերպումներ ու խօսքեր։ Չեմ ուզում մասնաւորեցնել, որ շատ չքաղաքականացւի, եղել են այդպիսի բաներ, բայց հայ եկեղեցին անձերին չի նայում, իրականութեանն աւելի լայն հայեացքով է նայում։

– Կան խորհրդանիշներ, որոնք համազգային նշանակութեան են, որ դրանց չպէտք է կպչել։ Թոյլ են տրւել բաներ, որ հայ մշակոյթին, հայ քաղաքակրթական ինքնութեանը բնորոշ չեն։ Հայոց եկեղեցին Միւռոնօրհնութեան արարողութեամբ օրինակ է տալիս միմեանց ներելու։ Ազգի ոգին պէտք է միաբանւի։ Պառակտւած վիճակը կործանարար է։ Հրաւիրել ենք բոլորին, այդ թւում՝ Հայաստանի նախկին բոլոր նախագահներին։

– Հայոց եկեղեցին երբեք ազգի զաւակներին իրար դէմ չի հանել, միշտ փորձել է համերաշխութիւն հաստատել նրանց միջեւ։ Հայոց եկեղեցին Խորհրդային պետութիւն է տեսել ու յաղթահարել։

– Այլ եկեղեցիներում միւռոնն օգտագործւում է սոսկ մկրտութեան համար։ Մեզ մօտ այն աւելի լայն նշանակութիւն ու կիրառելիութիւն ունի։

– Տաճարի հիմնանորոգման ժամանակ պարզւեց, որ Ագաթանգեղոսի մօտ յիշատակւած վարկածը, որ Տաճարն ի սկզբանէ խաչաձեւ է եղել, իրականութիւն է։

– Այո՛, Եհովայի վկաները շատ հետեւողական են ու իրենց դէմ պայքարողներին դատի են տալիս։ Մինչդեռ նրանք հոգէորսութեամբ են զբաղւում։ Երբ ՌԴ-ում արգելւեց այդ կազմակերպութիւնը, նրանց մի մասը եկաւ Հայաստան։ Ես մեր իրաւապահների հետ էլ եմ խօսել։ Նրանց մօտ բռնութեան մի քանի տեսակ կայ՝ սկսած հոգեւոր բռնութիւնից, աւարտած ֆիզիկական բռնութեամբ։ Բացի դրանից, աղանդաւորներին ստիպում են տասանորդ տալ։ Շատերին համոզում են, որ իրենց ունեցւածքը կտակեն իրենց։ Մարդիկ ենթարկւում են հոգեւոր թրաֆիքինգի, ոմանք հոգեկան շեղումներ են ստանում… Ո՞վ պէտք է զբաղւի այդ մարդկանց իրաւունքների պաշտպանութեամբ։ Եհովայի վկաների համար չկայ հայրենիք, մերժում են բանակում ծառայելը… Այդ մարդիկ, նման կազմակերպութիւնները սպառնալիք են մեր ազգային անվտանգութեանը։ Մէկ օր շուտ նրանց դէմը պէտք է առնել։ «Եհովայի վկայ» աղանդն անգամ արգելւած է եւրոպական որոշ երկրներում, որովհետեւ նրանք մերժում են, օրինակ, արեան փոխներարկումը։ Էլ չեմ ասում այն մասին, որ այս մարդիկ ազատւած են բանակում ծառայութիւնից։ Սա համապետական կարեւորութեան հարց է։

– Ժողովրդի մէջ արթնացում է տեղի ունեցել։ Մեր հովիւներն աշխատանք են տանում։ Բայց սա համազգային, պետական խնդիր է։ Շատ եմ վերջերս լսում, որ մեր հովիւները պատմում են՝ այսօր եհովականի կամ հոգեգալստականի պսակեցինք…

– Մարդու իրաւունքների պաշտպանի (ՄԻՊ) ուշադրութիւնը մի քանի անգամ հրաւիրել ենք աղանդաւորների հետ կապւած մարդու իրաւունքների խախտումների խնդիրների վրայ։ Ոչ մի պատասխան չենք ստացել։

– Շարժման վերաբերեալ ինչ մտածում եմ, Բագրատ Սրբազանին ասել եմ։ Չեմ ուզում հիմա բարձրաձայնել, որպԷսզի իմ մեկնաբանութիւնը չծառայի որեւէ կողմի քաղաքական նպատակներին։

Related Articles

Back to top button