Տիգրան Քոչարեան. «Ջերմուկի բարձրադիր դիրքերից ադրբեջանական զօրքին դուրս չշպրտելը պայմանաւորւած է ՀՀ իշխանութիւնների կողմից թշնամական օրակարգի սպասարկումով»
2 տարի առաջ՝ 2022 թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածաւալ յարձակում սկսեցին ՀՀ Գեղարքունիքի, Սիւնիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղութիւններով՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախաւորելով թէ՛ ռազմական, եւ թէ՛ քաղաքացիական ենթակառուցւածքները։
2 օր տեւած ռազմական գործողութիւնների ժամանակ ադրբեջանական կողմը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրեց գրեթէ Երեւան քաղաքի չափ տարածք՝ 200 քառակուսի կիլոմետր, ըստ պաշտօնական տւեալների. հայկական կողմը տւեց 225 զոհ։
Ջերմուկի դէպքերից 2 տարի անց՝ հայկական հողը շարունակում է գտնւել ադրբեջանական օկուպացիայի տակ, իսկ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինեանը շարունակում է կրկնել, որ այդ տարածքների համար Ադրբեջանի հետ պատերազմի մէջ մտնելու մտադրութիւն չունի, քանի որ ունի յոյս, որ ադրբեջանական զօրքը բանակցութիւնների արդիւնքում կը հեռանայ Հայաստանից։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանը, խօսելով Ջերմուկի դէպքերի մասին, շեշտել է՝ Ջերմուկ քաղաքը թշնամին չկարողացաւ գրաւել հայ զինւորի խիզախութեան ու հերոսական պայքարի արդիւնքում։
«Ջերմուկի մարտերը ե՛ւ ողբերգակական են, ե՛ւ հերոսական. թշնամուն կարողացան կանգնեցնել Ջերմուկի մատոյցներում»,- ասել է Քոչարեանը՝ յիշեցնելով, որ թշնամին Ջերմուկը չկարողացաւ գրաւել, քանի որ այդ մարտերին մասնակցեցին նաեւ Արցախից յատուկ ջոկատայինները, ինչի մասին ՀՀ իշխանութիւնը նախընտրում է լռել։
«Ինչո՞ւ թշնամին ընտրեց Ջերմուկը, որովհետեւ Ջերմուկով անցնում է Սիւնիքով միջանցքը բացելու ամենանեղ հատւածը»,- ասել է Տիգրան Քոչարեանը՝ Հայաստանի իշխանութեան կողմից Ջերմուկի բարձրադիր դիրքերից ադրբեջանական զօրքին դուրս չշպրտելուն միտւած քաղաքականութիւնը պայմանաւորելով իշխանութեան կողմից թշնամական օրակարգի սպասարկումով՝ ինքնիշխանութեան լոզունգների եւ հակառուսականութեան ալիքի ներքոյ։
«Փաշինեանը ռուսին դարձնում է մեզ թշնամի, բայց չէ՞ որ երբ դու մի քայլ ես ձեռնարկում, որը հաշւարկւած չէ, վաղը կարող ես Ռուսաստանից շատ աւելի մեծ կախւածութեան մէջ ընկնել։ Այո, իրավիճակը կարող է բերել Ռուսաստանից աւելի մեծ կախւածութեան, կամ նրան, որ Ռուսաստանը որոշի չփրկել Հայաստանը… Թէ ո՞վ է առաջինը սկսել հայ-ռուսական յարաբերութիւնները վատացնել, պատասխանը շատ պարզ է։
Փաշինեանը գնում է Սահակաշւիլու օրինակով։ Նա տնով-ցեղով հակառուս է, իսկ ռուսական կառոյցներից Հայաստանը դեռ դուրս չի բերում, որովհետեւ Ռուսաստանը ցանկութեան դէպեում կարող է մեծ վնաս հասցնել Փաշինեանին եւ Հայաստանին։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթէ քեզ սխալ պահեցիր, կուլ են տալու։ Փաշինեանը գիտի, որ որոշ օլիգարխներ իր գլուխը կուտեն, եթէ ինքն ընդդէմ ՌԴ-ի կտրուկ քայլեր անի»,- ասել է Քոչարեանը՝ ընդգծելով՝ «Երբ այս տարաշածրջանի բոլոր երկրները թեքւում են դէպի Ռուսաստան, իսկ դա աւելի ակնյայտ կը դառնայ Վրաստանում ընտրութիւններից յետոյ, անհասկանալի է, թէ ո՞ւր է պատրաստւում Հայաստանը տանել Փաշինեանը։
Միեւնոյն է, որքան էլ թպրտան, մէկ է՝ Հայաստանը նոր ձեւաւորւող Եւրասիայի մէջ է։ Վրաստանի ընտրութիւններով էլ պայմանաւորւած է լինելու Հայաստանի գոյաբանական իմաստը»: