Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. «Սեպտեմբերեան մարտերի ժամանակ Ադրբեջանը խնդիր էր դրել ՀՀ-ի նկատմամբ մարտավարական, ռազմավարական առաւելութիւն եւ վերահսկողական հնարաւորութիւններ ունենալ, ինչը ստացաւ»

Երկու տարի առաջ այս օրը՝ 2022 թւականի սեպտեմբերի 12-ի լոյս 13-ի գիշերը, Ադրբեջանի զինւած ուժերը յարձակողական գործողութիւններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղութեամբ 4 ուղղութիւններով, հետագայում, ինչպէս Նիկոլ Փաշինեանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը յայտարարել, երկու-երեք ուղղութիւն եւս աւելացել է:

ՀՀ կառավարութեան ծրագրի 2022 թւականի կատարման ընթացքի եւ արդիւնքների մասին զեկոյցում նշւած է. «2022 թւականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինւած ուժերը լայնածաւալ ագրեսիա են սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թւում՝ զոհւել է քաղաքացիական 3 անձ, վիրաւորւել է 293 զինծառայող եւ քաղաքացիական 7 անձ, գերեվարւել է 20 զինծառայող»:

Ինչ վերաբերում է տարածքային կորուստներին, ապա սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից օրեր յետոյ՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում ԳՇ պետը յայտարարել էր, որ Ջերմուկի հատւածում հակառակորդը մխրճւել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ. լայնութեամբ ճակատով եւ մինչեւ 7.5 կմ. խորութեամբ, այդ օրւայ դրութեամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատոյցներից 4.5 կմ. հեռաւորութեան վրայ էր:

Ասրեանը շարունակել էր, որ՝ «հակառակորդն ապահովել է 1-1.5 կմ. մխրճման խորութիւններ Ներքին Հանդի ուղղութեամբ, որոշակի դիրքային առաւելութիւն Շորժաների ուղղութեամբ, Իշխանասարի ուղղութեամբ մօտ 0.5 կմ. խորութեամբ յաջողութիւն»:

Աւելի ուշ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը լրագրողների հետ զրոյցում յայտարարել էր՝ վերջին գործողութիւնների հետեւանքով հայկական կողմը կորցրել է 50 դիրք:

Այս տեղեկութիւնն «Ազատութեան» հետ զրոյցում հաստատել էր նաեւ լրագրող Թաթուլ Յակոբեանը։

«Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմը 50 կէտում մտել է, 50 հայկական դիրք է զաւթել, որոնցից 17-19, ինչքանով տեղեակ եմ՝ 19, հաւանաբար, Հանդ, Ներքին Հանդ, Ճակատէն հատւածում, միւսները՝ Ջերմուկի, Վերին Շորժայի, Վարդենիսի, Կուտականի հատւածներում»,- մանրամասնել էր նա՝ յաւելելով, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանն առնւազն 100 կէտում ներխուժել է Հայաստանի Հանրապետութեան տարածք։

2022 թւականին ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանի գրաւոր հարցմանն ի պատասխան՝ մասնաւորապէս, յայտնել էր, որ «2022 թւականի սեպտեմբերի 13-14-ն իրականացւած ագրեսիայի ընթացքում թշնամու կողմից օկուպացւել է 90.93 քկմ. տարածք»:

168.am-ն ուսումնասիրել էր 2022-ի սեպտեմբերեան մարտերին նախորդած եւ յաջորդած իրադարձութիւններն ու պաշտօնական յայտարարութիւնները եւ առանձնացրել այն դրւագները՝ ում եւ ինչ զանգեր են եղել մարտերի օրերին, եւ, թէ ինչ խնդիր լուծեցին Փաշինեանն ու Ալիեւը սեպտեմբերեան մարտերով:

Իսկ 168.am-ը ՀՀ տարածքում սեպտեմբերեան մարտական գործողութիւններից երկու տարի անց ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամեանի հետ զրոյցում եւս մէկ անգամ փորձել է գնահատել՝ ինչ մասշտաբի եւ բնոյթի ռազմական գործողութեան հետ գործ ունէինք, քանի որ կան կարծիքներ, որ դիրքային մարտեր էին, եւ 200-ից աւելի զոհ չպէտք է ունենայինք:

«2022 թւականի Ադրբեջանի գործողութիւնները եկան լրացնելու 2021 թւականի մայիսին եւ նոյեմբերին Հայաստանի տարբեր ուղղութիւններով իրականացւած ներխուժումները: Եւ հիմնական խնդիրը, որը դրել էր Ադրբեջանն իր առաջ, դա Հայաստանի նկատմամբ մարտավարական եւ ռազմավարական առաւելութիւն ստանալն էր, շօշափելի դիրքային եւ վերահսկողական հնարաւորութիւններ ունենալը, ինչը ստացաւ ՀՀ կարեւոր կոմունիկացիաների, ջրային պաշարների հանգոյցների նկատմամբ:

Ըստ էութեան, սա Ադրբեջանի համար նաեւ հնարաւորութիւն էր հետագայում իր համար՝ ինչպէս պաշտպանական խնդիրներ լուծելու, այնպէս էլ՝ ռազմական գործողութիւնների ժամանակ մեկնարկային շատ մեծ առաւելութիւններ ստանալու համար:

Այսօր արդէն վստահ կարող եմ ասել, որ ադրբեջանական այդ յաջողութիւնը ռազմի դաշտում նաեւ ազդեցութիւն ունեցաւ հետագայում բանակցային գործընթացում դիրքերն առաւել ամրապնդելու եւ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու տեսանկիւնից»,- ասաց Տիգրան Աբրահամեանը:

– Այս դէպքերից անցել է երկու տարի, ի՞նչ հետեւութիւններ են արւել, Դուք յաճախ էք լինում առաջնագծում։ Կամ՝ ի՞նչ պիտի արւի առաջնագծում, ի՞նչ է յուշում այսօրւայ անվտանգային իրավիճակը, ամրացւած շրջանների մասին իշխանութեան ներկայացուցիչները շատ են խօսում, աւտոմատացւած կառավարման համակարգ չպէ՞տք է ունենանք։

– Հայաստանի գործող ռազմաքաղաքական ղեկավարութեան դէպքում անվտանգութեան եւ պաշտպանութեան հարցում որեւէ խորքային կամ արմատական փոփոխութիւններ հնարաւոր չէ՝ քաղաքական կամքը, պոտենցիալը, պատկերացումները եւ գաղափարական առաջնահերթութիւնները հաշւի առնելով:

Հայաստանին անվտանգութեան առումով լրիւ այլ ճարտարապետութիւն է պէտք՝ բոլորովին այլ առաջնահերթութիւններով: Այն, ինչ այսօր իրականացւում է, միգուցէ տեղային առումով դրանք խնդիրը լուծում են, բայց նպատակը ոչ թէ պիտի լինի առանձին հատւածներում որեւէ փոփոխութիւն ստանալը, այլ իր ամբողջ համակարգի մէջ լուրջ արդիւնքներ ունենալը, ինչն այս պարագայում որեւէ կերպ չի ապահովւում: Այն, ինչի մասին շատ յաճախ խօսում են իշխանութիւնները եւ փորձում են ներկայացնել՝ որպէս առաւելագոյն, վստահեցնում եմ, որ նրանց ճնշող մեծամասնութիւնը չգիտի՝ ինչի մասին է խօսում: Կամ՝ առաւելագոյնը պատկերացնում են իրենց ներկայացրած շինութիւնները զուտ ֆիզիկական, այլ ոչ թէ դրանց նշանակութեան եւ տարբեր իրադրութիւններում դրանք գործածելու եւ խնդիր լուծելու տեսանկիւնից:

– Այս համատեքստում անդրադառնանք հայ զինւորի, սպայի բարոյահոգեբանական պատկերին, 44-օրեայ պատերազմից յետոյ բանակի նկատմամբ հանրութեան վստահութիւնը կորել է, եւ այս վիճակը գնալով խորանում է, բայց վստահ եմ՝ կան լաւ սպաներ դեռ զինւած ուժերում, որոնք այլ կառավարութեան դէպքում, թերեւս, այլ կերպ էին ծառայելու: Այսինքն, կախւած է՝ սպայի առաջ ինչ խնդիր է դրւում:

– Մեր գլխաւոր խնդիրն ու անյաջողութիւններն այն չեն, որ այսօր ծառայութիւն կրող տարբեր օղակների զինծառայողներ, հրամանատարական կազմն իրենց խնդիրը լուծում կամ չեն լուծում, որովհետեւ եթէ խօսում ենք անվտանգութեան մասին իր ամբողջութեան մէջ, ապա դա պէտք է պատկերացնել պետութեան մասշտաբով եւ բոլոր հնարաւոր ուղղութիւններով, որովհետեւ ամբողջ համակարգը պէտք է առաջին հերթին ծառայեցւի մեր պաշտպանութեան ապահովմանը: Այն պարագայում, երբ գործող կենտրոնական իշխանութիւնն անընդհատ հարկի-անհարկի թիրախաւորում է զինծառայողին, սպայակազմին, նրա կերպարը, բնականաբար, բարոյահոգեբանական տեսանկիւնից չենք կարող ունենալ այնպիսի արդիւնք, որ հետագայում մեզ համար դառնայ մարտունակութիւն, պատրաստւածութիւն եւ խնդիրների կատարում, որովհետեւ սպայի դերը հասարակութեան մէջ առաջին հերթին իջեցւել է պետական առաջին դէմքերի յայտարարութիւններով, թիրախաւորումով, որոնք անհարկի եւ վտանգաւոր խոցելիութիւն են ապահովել զինծառայողների համար: Այդպիսի բարոյահոգեբանական իրավիճակում մարտական խնդիրների կատարման մասին խօսելը լուրջ չէ:

– Ի՞նչ ռիսկեր է պարունակում ԱԱԾ-ում «Պաշտպան հայրենեացի» ներդրումը, նախագծում նշւում է, որ սահմանազատման գործընթացի արդիւնքում ԱԱԾ սահմանապահ ուժերը յաւելեալ ուժի կարիք են ունենալու, ուստի ճիշտ է, որ Սահմանապահ զօրքերում առնւազն 6 ամիս ծառայած զինծառայողները, որոնք տեղափոխւում են ԶՈՒ, իրենց մօտ դառնան ծրագրի շահառու։

– Քանի որ իշխանութեան համար առաջնահերթութիւն է դարձել բանակային կորպուսների կողմից իրականացւող մարտական հերթապահութիւնը փոխել ԱԱԾ սահմանապահ ուժերի տեղակայման կամ այս դէպքում վերատեղակայման հարցը, ըստ այդմ էլ փորձում են սահմանապահների թիւը մեծացնել, որը, բնականաբար, ՀՀ-ում առկայ բարոյահոգեբանական իրավիճակի եւ այս իշխանութեան վարած քաղաքականութեան պարագայում բաւականին ծանր գործ է, եւ հիմա որպէս միջոց՝ որոշել են դիտարկել այս ծրագիրը, որ գոնէ համալրման հարցերն այս ձեւով լուծեն:

– Այս ամենով հանդերձ՝ Նիկոլ Փաշինեանն օրերս ԱԺ-ում յայտարարել է, որ մեր անվտանգութեան երաշխաւորը մենք ենք եւ մենք պիտի լինենք։ Իհարկէ, նա, թերեւս, նկատի ունի Ալիեւի հետ երկկողմ հարցեր լուծելը, այլապէս պատերազմից յետոյ բանակի ուժերը կը վերականգներ, բանակին այլ խնդիրներ կառաջադրւէին, այլ քաղաքականութիւն կը լինէր: Ի վերջոյ, մէկ այլ առիթով հէնց ինքն է ասել, որ բանակին չպէտք է դիտարկել անվտանգութեան ապահովման եւ երաշխաւորման առաջնային գործօն: Միւս կողմից՝ այդ յայտարարութիւնն արտաքին քաղաքականութեան ձախողման մասին է յուշում:

– Հայաստանի իշխանութիւնն ամէն ինչ արել է, որ Հայաստանն իր առջեւ եղած բոլոր սպառնալիքների եւ մարտահրաւէրների պայմաններում մնայ մենակ: Եւ այն, որ ՀՀ իշխանութեան ղեկավարը յայտարարում է, որ մեր անվտանգութեան երաշխաւորը մենք ենք, դա ոչ թէ խօսում է այն մասին, որ Հայաստանը հասել է մի կէտի, որ կարող է առանց դաշնակիցների եւ բարեկամների ապահովել իր անվտանգութիւնը, այլ, որ ՀՀ իշխանութիւնը երկիրը դրել է մի իրավիճակում, որի պարագայում Հայաստանն ունի ինքնամեկուսացւածի կարգավիճակ: Մեզ կամ դիտարկում են այլոց դէմ կիրառւելու գործիք, կամ՝ սուբիեկտայնութիւնը կորցրած երկիր, որի հետ ինչպէս ասես կարելի է վարւել:

– Եւ վերջում, ի՞նչ զարգացումներ սպասել Ադրբեջանից եւ Թուրքիայից ՀՀ սահմաններին էսկալացիոն իրավիճակ ստեղծելու առումով՝ խաղաղութեան պայմանագրի, ՀՀ Զինւած ուժերին առաջադրւող պահանջների համատեքստում, որ Հայաստանի բանակի զինւելը սպառնում է տարածաշրջանի անվտանգութեանը: Սա այն դէպքում, երբ Ադրբեջանը ոչ միայն զինւում է, զօրավարժութիւններ է անում տարբեր երկրների հետ, Թուրքիայի հետ համատեղ, նաեւ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան զօրավարժութիւնների քանակն աւելացնելու մասին օրերս պաշտպանութեան նախարարների մակարդակով պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել:

– Թուրքիան եւ Ադրբեջանը փորձելու են ՀՀ-ին առնչւող կամ Հայաստանից կախւած բոլոր հարցերում ստանալ առաւելագոյն զիջումներ՝ ե՛ւ ազդեցութեան, ե՛ւ տարածքային, ե՛ւ այնպիսի մօտեցումների, որոնք տասնամեակներ իրենց արտացոլումն են ունենալու ՀՀ կենսունակութեան եւ անվտանգութեան վրայ: Իհարկէ, բոլոր այն փուլերում, եթէ տեսնեն, որ ժամանակային կամ մէկ այլ առումով դա իրենց չի բաւարարում, չի բացառւում՝ արդէն գնան մարտական գործողութիւնների, ինչպէս դրանք եղել են տարբեր փուլերում՝ 2021, 2022, 2023 թւականներին, ինչո՞ւ չէ՝ 2020 թւականի 44-օրեայ պատերազմի ժամանակահատւածում: Թէ այդ էսկալացիան ինչ մասշտաբներ կընդգրկի, ինչքան կը տեւի, եւ ինչ հետեւանքներ կունենայ, դա կախւած է տարբեր իրողութիւններից, շատ բան կախւած է քաղաքական եւ դիւանագիտական գործընթացներից եւ հիմնական դերակատարների առումով մեր տարածաշրջանում ստեղծւած իրավիճակից:

Զրոյցը՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button