Հայաստան - Արցախ

«Նախորդ նամակներում ձեզ դիմել էի «տղաս», սխալւել եմ, Իւրան ու ես ձեզ նման տղայ չէինք կարող ունենալ»

Անահիտ Բախշեանի բաց նամակը՝ Փաշինեանին

Կրթութեան ոլորտի փորձագէտ Անահիտ Բախշեանը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինեանին

«Երեւանի Դերենիկ Դեմիրճեանի անւան դպրոցում մասնակցեցի ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԱԼԷՆ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԱՆՒԱՆ ԴԱՍԱՍԵՆԵԱԿԻ ԲԱՑՄԱՆԸ: Անչափ յուզւած ու տխուր վերադարձայ ու լրատւութիւնն էի փորփրում, մէկ էլ մի տեղ կարդացի, որ դուք ասել էք. Հայաստանի Հանրապետութեան թիւ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է: Մտքումս մի շառաչուն ապտակ տւեցի ձեզ (յուսամ որպէս քաղբանտարկեալ ինձ չէք դատի), չնայած լաւ հասկանում եմ նաեւ ձեր հիմնաւորումը, բայց այդ պահին աչքիս առաջով անցան մեր երրորդ հանրապետութեան բոլոր հերոսները, որոնց շնորհիւ այսօր կանք եւ որոնց բացակայութեան պատճառով դուք էք մեր ՊԵՏՈՒԹԵԱՆ ԳԼՈՒԽՆ ու այս օրին ենք այսօր:

Հասկացա՞ք ում նկատի ունեմ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ ՎԱԶԳԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ եւ ԿԱՐԷՆ ԴԵՄԻՐՃԵԱՆԻՆ: Չնայած ինչո՞ւ եմ զարմանում: Վստահ եմ, որ 2018-ին Ազգային ժողովի թանգարանի բացմանը եղել էք ու չէք տեսել, որ այդ թանգարանում ոչինչ չկայ ցուցադրւած 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճի ահաբեկչութեան վերաբերեալ, այսինքն չկան նոյնիսկ նշածս հերոսների նկարները:

Թէ ինչո՞ւ չէք տեսել թանգարանի այդ լուրջ բացը, հիմա հասկացայ: Նրանք ձեր հերոսները չեն: Ո՞նց էք այդքան արժեզրկում ՀԵՐՈՍ ԲԱՌԸ, գուցէ նրանից է, որ ինչպէս դուք, այնպէս էլ ձեր քաղաքական որոշ թիմակիցներ չէ՞ք ծառայել ու չէք պատկերացնում, թէ ինչպէս կարող է մարդ կեանքը զոհել յանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ, յանուն ՊԵՏՈՒԹԵԱՆ: Փաստօրէն դուք հարկատուին, ով պարտաւորւած իր քսակի մի փոքր մասը տալիս է պետութեանը, գերադասում էք իր 21-ամեայ կեանքը տւած ԱԼԷՆ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ՞Ց, ով տաղանդաւոր երիտասարդ էր, արդէն ընդունւել էր ԲՈՍՏՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ եւ ունէր հնարաւորութիւն բանակ չզօրագրւելու, բայց որոշեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼ ու յետոյ շարունակել կրթութի՞ւնը:

Դուք ի՞նչ բարոյական իրաւունքով էք շարունակելու ղեկավարել մեր ՊԵՏՈՒԹԻՒՆՆ ու ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, որի առաջ ծառացած օրհասական խնդիրներ կան յատկապէս ԲԱՆԱԿԻ ու ՍՊԱՍՒՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՒԱԾ: Ձեր այդ մի անբովանդակ արտայայտութեամբ արժէզրկում էք թէ՛ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ, թէ՛ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ, գրողը տանի: Իսկ ամենացաւալի փաստն ինձ համար այն է, որ ձեր այս արտայայտութիւնից յետոյ առաւել վտանգւած եմ տեսնում մեր ՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՊԱԳԱՆ այն դէպքում, երբ ինքս ժողովրդավար պետութեան հաւատաւորն եմ, հաւատացել եմ «թաւշեայ» յեղափոխութեանը:

Միշտ յիշում եմ. Իւրան իր հարցազրոյցներից մէկում ասել էր, որ արդար, հզօր ՊԵՏՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՈՉ ԹԷ ՆՊԱՏԱԿ ՊԻՏԻ ԼԻՆԻ, այլ՝ միջոց: Իհարկէ, Ձեր ու Իւրայի ազգային արժեհամակարգը շատ տարբեր են: Իւրան ՆԺԴԵՀԱԿԱՆ ԷՐ, իսկ դուք ձեր թիմակիցների հետ չգիտեմ ինչական էք»,- գրել է Բախշեանը:

Related Articles

Back to top button