Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Ռուստամեան. «Այս վարչախմբի մատուցածը ոչ թէ խաղաղութիւն է, այլ պարտութեան ամրագրում»

«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը սեպտեմբերի 2-ի հանրահաւաքին:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, Արցախի անկախութեան 34-րդ տարեդարձին մենք ազգովի կրում ենք հայ ժողովրդի եւ արցախահայութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը տարանջատելու եւ հակադրելու կործանարար քաղաքականութեան հետեւանքները:

Գործող վարչախմբի մշտական քարոզը եղել է այն, որ ըստ էութեան հէնց այդ իրաւունքներն ու անվտանգութիւնը նոյնացնելով է, որ մեր պետութիւնը ի սկզբանէ գնացել է ոչ թէ անկախութեան, այլ դրա կորստի ճանապարհով: Եւ որդեգրւեց «անհրաժեշտ է հրաժարւել Արցախից, որ փրկենք Հայաստանը» կարգախօսը:

Հիմա արդէն անթաքոյց խոստովանում են, որ որոշակի զիջումներով կարելի էր խուսափել 44-օրեայ պատերազմից: Բայց իբրեւ թէ Հայաստանի անկախութեան համար այս վարչախումբը փաստօրէն մտածւած մեր ժողովրդին տարել է նւաստացուցիչ պարտութեան:

Այսինքն, այս վարչախումբը 44 օր գոռալով յաղթելու ենք , դիտաւորութեամբ հազարաւոր մեր եղբայրներին ու քոյրերին տարել է մահւան՝ յանուն իր համար բաղձալի պարտութեան:

Պարտութիւն, որ ըստ վարչախմբի՝ մեզ պէտք էր 29,743 քռ կմ սահմանների վրայ իրական անկախութիւն ունենալու համար: Այս տրամաբանութիւնը ընդունողներին, եթէ նրանք բանականութեան հետ կապւած խնդիրներ չունեն, մի հարց է մշտապէս հետապնդելու՝ բա եթէ այդպէս էր, ինչու այդպիսի «փայլուն մարտավարութեամբ» միանգամից չկանգնեցինք այդ 29,743 քռ կմ սահմանների վրայ, որ գոնէ հիմա էլ դրանից կորուստներ չունենայինք:

Այսինքն սա անգամ յանուն ոչնչի զոհեր չեն , այլ յանուն ինքնաոչնչացման: Պատերազմական կանոններով սա նշանակում է անցնել թշնամու կողմը:

Ուստի, քանի դեռ այս վարչախմբի համար մեր պարտութիւնն ու կորուստներն են յաջողութեան հասնելու միջոցը, նրանք ի հեճուկս առողջ տրամաբանութեան, մեր ժողովրդին պահելու են պարտւելով ու զիջելով իբրեւ թէ իրական խաղաղութիւն կերտելու պատրանքի մէջ, մինչեւ որ իրականութիւն դառնան թուրք-ադրբեջանական տանդեմի անխտիր բոլոր պահանջները:

Հետեւաբար այս վարչախմբի մատուցածը իրականում ոչ թէ խաղաղութեան, այլ մեր կրած պարտութեան ամրագրման գործընթաց է:

Դրա համար հետեւողականօրէն իրականացւում է պարտւաողականութեան եւ զիջողականութեան քարոզչութիւնը: Ըստ որի, բաղձալի խաղաղութեան համար կարելի է զիջել այնքան, որ ոչինչ չմնայ զիջելու, որ հակառակորդն էլ բան չունենալով քեզնից պահանջել՝ քեզ հանգիստ թողնի:

Սա որեւէ աղերս իրական խաղաղութեան հետ չի կարող ունենալ, որովհետեւ անիմաստ է խօսել թէ այն կայանում է վիճելի հարցերի արդար լուծման եւ ուժերի ռազմաքաղաքական հաւասարակշռութեան պայմաններում:

Առաւել եւս անիմաստ է խօսել, որ այն ձեռք է բերւել միջազգային չափանիշներով ընթացած խաղաղ բանակցութիւնների արդիւնքում, քանզի փաստացի դրանք եղել են հանդիպումներ յաղթածի եւ պարտւածի միջեւ, որտեղ յաղթողը պարբերաբար ցուցումներ եւ յանձնարարութիւններ է փոխանցել պարտւողին առ ի կատարումն որպէս տնային աշխատանք:

Եւ ուրեմն, մեծագոյն խաբէութիւն է պարտութեան ամրագրման այս գործընթացի մի փուլում ձեռք բերւած զինադադարը, որպէս վերջնական խաղաղութիւն մատուցելը:

Աւելին, կործանարար է լինելու լիարժէք չերաշխաւորւած զինադադարի դիմաց մեր սեփական շահերից ու իրաւունքներից հրաժարւելը:

Այսպիսի խաղաղութիւն կոչւածի անխուսափելի հետեւանքը լինելու է հայկական ինքնութեան եւ հայոց պետականութեան կորուստը, որովհետեւ խորքի մէջ հէնց մեր հայկական ինքնութիւնն ու հայոց պետականութեան առկայութիւնը չի հանդուրժում թուրք-ադրբեջանական տանդեմը, այն համարելով որպէս գլխաւոր խոչընդոտ պանթուրանական ծրագրերի համար:

Նրանք մշտապէս հաշտ չեն եղել հայի մեր տեսակի հետ: Դրա վկայութիւնն է նաեւ այն, որ չբաւարարւելով Արցախի հայաթափումով թուրք-ադրբեջանական տանդեմն արդէն անցել է Արցախում հայկական հետքի իսպառ վերացմանը:

Իսկ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը որպէս դարակազմիկ եւ պատմական խաղաղութեան հաստատման տօն նշողները փորձում են ապացուցել անապացուցելին, թէ խաղաղութեան առաջացած սպասումը նոյնն է, ինչ որ կայուն եւ արդար խաղաղութիւնը:

Այո, Վաշինգտոնում հանդիպման մասնակից երեք հոգին էլ իրենց ուզածը ստացան. Թրամփը դարձաւ Խաղաղութեան Նոբէլեան մրցանակի իրական յաւակնորդ, Ալիեւը ստացաւ իր բաւարարւած պահանջների հերթական չափաքանակը, Փաշինեանը ստացաւ խաղաղութիւն թղթի վրայ կամ աւելի ճիշտ՝ թղթէ խաղաղութիւն, որն ընտրութիւններին ընդառաջ իրեն օդ ու ջրի պէս պէտք է: Եւ այս ամէնի համար գին պէտք է վճարի մէկը, որն իրականում սեղանի շուրջ ներկայ չէր եւ այդ բացական հայ ժողովուրդն էր:

Իհարկէ ֆորմալ առումով հայ ժողովրդին ներկայացնողը կար, բայց նրա շահերը պաշտպանողը չկար: Այն պարզ պատճառով, որ նախորդ ընտրութիւնների արդիւնքով այս վարչախումբը բոլորովին այլ բան էր ստանձնել: Կայ նաեւ հաստատւած կառավարութեան ծրագիրը, որը վաղուց արդէն չի կատարւում:

Հիմա իրենց ընտրողներին խաբելու են, որ իրար հետ անհամատեղելի դէ իւրէ հաստատւած, բայց դէ ֆակտօ կատարւող իրարամերժ այս ծրագրերը նոյնն են եւ իրենց նոր ու աւելի հզօր մանդատ է պէտք սկսածը աւարտին հասցնելու համար: Մեր ժողովուրդը չի կարող, էլ ռեսուրս չունի կրկին խաբէութեան զոհ դառնալու: Եւ այս վարչախմբից զատ բոլորիս պարտքն է թոյլ չտալ, որ պատրանքային խաղաղութեան սպասումը գայթակղի ոմանց նպաստելու այս վարչախմբի իշխանութեան պահպանմանը:

Այս առումով, դարի ձեռքբերում ներկայացւող վաշինգտոնեան պայմանաւորւածութիւնների պարունակած խութերին եւ վտանգներին առաւել համապարփակ անդրադառնալու կարիք անշուշտ կայ: Նամանաւանդ, որ առաջիկայում դեռ պէտք է բացայայտել անպատասխան հարցեր եւ անորոշութիւններ յարուցող համաձայնութիւնների թաքնւած ու խնամքով քօղարկւած մասը՝ որն ակնյայտօրէն շատ աւելի մեծ է քան հրապարակւածը: Եւ այդ անորոշութիւնները ինչպէս մեր դառը փորձն է յուշում մշտապէս մեկնաբանւել է մեր շահերի դէմ եւ ուղեկցւել մեր կողմից նորանոր միակողմանի զիջումներով:

Սակայն արդէն իսկ կարելի է արձանագրել հետեւեալը.

– Թղթէ խաղաղութեան եւ ոչնչով չերաշխաւորւած զինադադարի դիմաց իրացւում է Ադրբեջանի պահանջների հերթական չափաբաժինը:

– Անտեսւած են Արցախում իրականացւած էթնիկ զտման եւ Ցեղասպանութեան գործողութիւնների, Բաքւում ընթացող կեղծ դատավարութիւնների, այնտեղ պահւող մեր պատանդների, արցախահայութեան վերադարձի իրաւունքի եւ Հայաստանի տարածքների բռնազաւթման հետ կապւած մեր շահերից բխող բոլոր հարցերը, սակայն դրան հակառակ Ադրբեջանի պահանջով համաձայնեցւում են Մինսկի խմբի լուծարման, միջազգային դատարաններում մեր շահերի պաշտպանութեանն ուղղւած յայցերը յետ կանչելու հարցերը:

Ինչը պէտք է Ադրբեջանին Արցախի հարցը փակելու, հետագայում պատասխանատւութիւնից խուսափելու եւ իրեն ապահովագրելու համար: Աւելին, Ադրբեջանին ոչինչ չի խանգարելու օրակարգ բերել այսպէս կոչւած «արեւմտեան ադրբեջանցիների» վերադարձի հարցը, հանդէս գալ տուժողի դիրքերից եւ Հայաստանից իր տարածքները գրաւած լինելու համար՝ պահանջել փոխյատուցում:

– Ադրբեջանին Հայաստանի տարածքով տրամադրւում է «անխոչընդոտ հաղորդակցութիւն», ինչն իրականում ծառայելու է «թուրանական միջանցքի» գաղափարի իրականացմանը՝ Հայաստանի ինքնիշխանութեան սահմանափակման հաշւին: Որպէս հետեւանք Հայաստանը որպէս սուբիեկտ կարող է կորցնել իր նշանակութիւնը եւ դառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ:

– Իրաւական անորոշութիւնները եւ թերի կարգաւորումները հակասութեան մէջ մտնելով մինչ այժմ ընդունւած երկկողմ եւ բազմակողմ միջազգային պայմանագրերի հետ անվտանգային լրջագոյն սպառնալիքներ են առաջացնում եւ խարխլում Հայաստանի տնտեսական, պաշտպանական եւ անվտանգային համակարգերը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովրդին հատւածների բաժանելը եւ նրանց իրաւունքներն ու շահերը հակադրելը մշտապէս եղել է մեր կորուստների եւ պարտութիւնների հիմնական պատճառը:

Դժբախտաբար, մենք այսօր դա տեսնում ենք արցախահայութեան հետ պատահածի օրինակով, երբ ունեցանք մի վարչախումբ, որը նպատակադրւած հակադրեց Հայաստանի ժողովրդի եւ Արցախի ժողովրդի շահերը եւ կորուստներն իրենց սպասեցնել չտւեցին: Բայց մեր սերունդը ապրել է մի այլ ժամանակ եւս, երբ այդ իրաւունքներն ու շահերը նոյնացւած էին եւ ձեւաւորւած էր միասնական մէկ ընդհանուր անվտանգային համակարգ:

Երբ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան շնորհիւ հայ ժողովուրդը ունէր ազատ Արցախ եւ ուժեղ Հայաստան ու վայելում էր իր կերտած յաղթանակների բերկրանքը: Սա է միասնութեան ծնած ուժը եւ ահաւասիկ, այսօր՝ պառակտումի բերած աւերը:

Այս փորձառութեան տէր ժողովուրդը իրաւունք չունի չհաւատալու իր միասնական ուժի զօրութեանը եւ թոյլ տալու, որ իր յաղթանակները արժեզրկեն կամ այլոց վերագրեն: Ով չի տեսնում, որ դարեր շարունակ մեր ժողովրդի պայքարը մշտապէս եղել է որպէս իր տեսակի գոյութեան կռիւ, կամ անտեղեակ է իր ազգի պատմութիւնից, կամ իր իսկ տեսակը չի կարեւորում, կամ էլ պարզապէս հայի տեսակից չէ:

Հիմա էլ յանուն մեր հայկական ինքնութեան եւ հայոց պետականութեան պահպանման պայքարը այլընտրանք չունի, որովհետեւ հակառակը՝ Հայաստանի թուրքացումն է:

Իսկ այս վարչախմբի քարոզը, թէ իրենց վարած քաղաքականութիւնը միակ ճիշտն է, իրականում նպատակ է հետապնդում համոզելու հանրութեանը, որ Հայաստանի գոյութիւնը անհնար է առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեհաճութեան:

Բայց մեր ժողովուրդը գիտի, թէ ինչ աւարտ է մեզ համար ամէն անգամ ունենում այդ բարեհաճութեանն ապաւինելը՝ մի նոր ցեղասպանութիւն:

Ուստի, մենք այստեղ ենք՝ վճռականօրէն ասելու ո՛չ դանդաղ մահւան դատապարտող այս ծրագրերին: Այստեղ ենք նաեւ ասելու՝ այո՛, հայ ժողովուրդը կարող է եւ ունի հնարաւորութիւն, իր ինքնութիւնն ու սեփական պետականութիւնը պահպանելու: Մնում է միայն ունենալ այդ հնարաւորութիւնների տեղն իմացող եւ դրանք իրականութիւն դարձնող իշխանութիւն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք նորայայտ փրկիչների կարիքը չունենք:

Մեր միասնութեանը եւ յարատեւութեանը հասնելու լաւագոյն բանաձեւը մեզ փոխանցւել է Հայ Առաքելական եկեղեցու սպասաւոր մեր Սուրբ հայրերի կողմից, որն ասում է. Ազատութիւն երկրորդական բաներում, Միութիւն՝ կարեւոր բաներում եւ Սէր՝ ամէն ինչում:

Եւ ուրեմն՝ Միութիւն, Պայքար, Յաղթանակ»:

Related Articles

Back to top button