Ադրբեջանը սրում է Հայաստանի վրայ քարոզչական-հոգեբանական ճնշումը՝ վախեցնելով Թուրքիայով
Որքանո՞վ կարող են իրաւական լինել թուրքական տարածքային պահանջները
![](/wp-content/uploads/2025/02/546-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Ադրբեջանական քարոզչական լրատւամիջոցները, այսպէս ասած՝ «Զանգեզուրի միջանցք»-ի համատեքստում սկսել են արդէն Հայաստանին սպառնալ, թէ Թուրքիան եւս տարածքային պահանջներ կը ներկայացնի, Ալեքսանդրապոլի պայմանագիր եւ այլն: Այսինքն, Հայաստանը ստիպւած կը լինի Թուրքիայի հետ եւս «սահմաններ ճշգրտել»:
Այլ հարց է, որ ադրբեջանական համապատասխան յօդւածում Հայաստանին ներկայացւող սպառնալիքները զուրկ են իրաւական հէնքից, միւս կողմից, 44-օրեայ պատերազմից յետոյ ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստները եւս իրաւական հէնք չեն ունեցել, ըստ էութեան, այդ թւում՝ 2024 թւականին Տաւուշում սահմանազատման եւ սահմանագծման պիլոտային գործընթացը:
168.am-ի հետ զրոյցում ՀՅԴ անդամ, պատմաբան, ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարեանը նախ հարկ է համարել շեշտել, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ոչ վաւէր փաստաթուղթ է:
«Այն իրաւական ուժ չունի, որովհետեւ այդ փաստաթուղթը ստորագրելուց առաջ, Հայաստանի Առաջին Հանրապետութեան իշխանութիւնը Երեւանում յանձնել էին բոլշեւիկներին: Եւ այդ ժամանակ ընդամէնն Առաջին Հանրապետութեան այն ղեկավարները, որոնք Գիւմրիում, այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլում, ստորագրել էին դա՝ լաւ հասկանալով, որ այն իրաւական ուժ չունի, բայց դրանով փորձեցին զսպել թուրքական զօրքերի ներխուժումը Հայաստանի Հանրապետութեան տարածք, որոնք արդէն մտել էին Շիրակի մարզ:
Եւ սրանով կանգնեցւեց զօրքերի առաջընթացը, եւ տեսանք, որ յետոյ այդտեղից թուրքական զօրքերը դուրս եկան, իսկ այդ հատւածն էլ ամբողջութեամբ մնաց Հայաստանի Խորհրդային Հանրապետութեան կազմի մէջ: Ալեքսանդրապոլի պայմանագիրն իրաւական ուժ չունէր նաեւ այլ առումով. 1920 թւականին ո՛չ ԽՍՀՄ գոյութիւն ուներ, ո՛չ էլ Թուրքիայի Հանրապետութիւն, վերջինը ձեւաւորւել է 1923 թւականի վերջին ամիսներին՝ աշնանը:
Առհասարակ, այդ ժամանակւայ փաստաթղթերը վիճարկելի են, որովհետեւ գոյութիւն չունէր նաեւ Խորհրդային Միութիւնը՝ 1920-ին, կար Խորհրդային Ռուսաստան՝ որպէս առանձին հանրապետութիւն, եւ Խորհրդային Միութիւնը ձեւաւորւել է 1922-ի դեկտեմբերի 30-ին, իսկ Թուրքիայի ներկայիս հանրապետութիւնը՝ 1923-ին:
Այսինքն, 1920 թւականի դրութեամբ չէին կարող փաստաթղթերն ունենալ որեւէ իրաւական եւ իրական ուժ, ինչի մասին ադրբեջանական կողմը խօսում է: Սակայն այսօր աշխարհն այնպէս է փոխւել, տեղի է ունենում նոր բաժանում, ուստի միւս կողմից, ժամանակավրէպ է խօսելը՝ իրաւական առումով ինչ կարող են եւ ինչ չեն կարող, քանի որ ուժն է թելադրում: Ըստ այդմ՝ չեմ կարող երաշխաւորել, որ մէկ այլ պատրւակով կը բացառւի ներխուժումը»,- մանրամասնել է պատմաբանը:
Անդրադառնալով, այսպէս կոչւած՝ «Զանգեզուրի միջանցք»-ին, Արթուր Եղիազարեանն ուշադրութիւն հրաւիրեց հետեւեալ հանգամանքի վրայ.
««Զանգեզուրի միջանցք», նման հասկացութիւն երբեւիցէ չի եղել: Դա նոյնպէս կարելի է ասել՝ 1990-ականներին յօրինւեց, որովհետեւ նոյնիսկ 1920-ականներին նման թեմա գոյութիւն չունէր, որովհետեւ Նախիջեւանը նոյնիսկ Ադրբեջանի՝ 1918-1920 թւականների կեղծ անունով ձեւաւորւած հանրապետութեան կազմում չէր: Եւ հետագայում այն խորհրդային իշխանութիւնների կողմից տրւեց Ադրբեջանին, բայց մի նրբութիւն. Ինչո՞ւ նա կոչւեց Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն, որովհետեւ Նախիջեւանի այդ ժամանակւայ բնակչութեան 40 տոկոսից աւելին հայեր էին, եւ դա կարծես հայկական ինքնավարութիւն էր Ադրբեջանի կազմում, որն ինչպէս տեսանք, խորհրդային տարիներին ամբողջութեամբ հայաթափւեց եւ 1988-ին վերջնականապէս այն դարձաւ ադրբեջանական: Իրականում Նախիջեւանը երբեք Ադրբեջանի տարածք չի եղել, ուստի չէին կարող ինչ-որ միջանցքներ, կապող օղակներ… «Զանգեզուրի միջանցք» հասկացութիւնը դա պանթուրքիզմի տեսութիւններում է, որ Թուրքիան Նախիջեւանի միջոցով կապւի թուրքալեզու միւս պետութիւնների՝ Ադրբեջանի, Միջին Ասիայի, Ռուսաստանի հարաւի, Չինաստանի հիւսիս-արեւելքի հետ:
Իսկ ներկայիս Հայաստանի Հանրապետութեան տարածքը ո՛չ Օսմանեան կայսրութեան մէջ է եղել, ո՛չ էլ Թուրքիայի Հանրապետութեան, հետեւաբար՝ Հայաստանին Թուրքիան չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել, բայց, կրկնում եմ, ոչ թէ պահանջի տեսքով, այլ ինչ-որ քայլեր արդարացնելու համար կարող է ներխուժել Հայաստան, չի բացառւում:
Չեմ ուզում վախեցնել, սակայն աշխարհը փոփոխւում է, տեսնում ենք տարածաշրջանային խնդիրներ, աշխարհի այլ կէտերում հակամարտութեան օջախներ… այսինքն, կարող է միջազգային հանրութեան ուշադրութիւնը լինի այլ ուղղութեամբ, եւ դրանից օգտւի Թուրքիան»:
Շարունակելով պատմական դրւագների ներկայացումը, Արթուր Եղիազարեանն ընդգծել է.
«Ադրբեջան» պետութիւն չի եղել այս տարածաշրջանում, որտեղ ներկայիս Ադրբեջանն է: Այո, հայկական լեռնաշխարհից հարաւ Ատրպատական նահանգ է եղել, որը դարերի ընթացքում անւանափոխւել է եւ դարձել Ազերբայջան կամ Ադրբեջան: Իսկ այս կեղծ պետութիւնն էլ ստեղծւեց՝ յաւակնութիւն ունենալով «իրանական Ադրբեջանի» նկատմամբ, եւ անունը դրեցին Ադրբեջան, որպէսզի հետագայում արդարացնեն Իրանից այդ երկրամասի անջատումը եւ միացումը թուրքական աշխարհին: Ինչ վերաբերում է այսօրւայ Ադրբեջանի տարածքին, ապա այնտեղ մինչեւ 1918 թիւը երբեք, այսպէս ասած, Ադրբեջան չի եղել:
Խորհրդային կարգերից յետոյ նաեւ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետութիւն առաջացաւ, բայց յիշենք, որ մինչեւ 1918-ն այդ տարածքում ռուսական նահանգներ էին՝ Բաքւի եւ Ելիզաւետպոլի:
Ցարական իշխանութիւնների քաղաքականութեան արդիւնքում, որպէսզի Բաքւի կամ Ելիզաւետպոլի նահանգներն ամբողջութեամբ էթնիկ դիմագիծ չունենային, այնպէս էին կառուցել, որ Ելիզաւետպոլի նահանգը գերակշիռ մասով հայկական էր՝ Ուտիք-Արցախի տարածքների եւ Սիւնիք նահանգի հիման վրայ ձեւաւորւած, սակայն սահմաններն այնպէս էին գծել, որ նրա մէջ նաեւ այլ էթնոսներ էին՝ յատկապէս թուրքալեզու մուսուլմաններ, որոնք հետագայում կոչւեցին հաւաքական ադրբեջանցիներ, եւ Բաքւի նահանգը, որտեղ էլ համախմբել էին կովկասեան, թուրքալեզու, իրանալեզու ժողովուրդներին: Այսինքն, այնպէս էին արել, որ երբ պէտք լինի ազգամիջեան կռիւներ հրահրեն, չթողնեն, որ այդ նահանգները միատարր տեսք ունենան, ինչը տեսել ենք հայ-թաթարական բախումների ժամանակ վերը նշւած այդ երկու նահանգներում»:
Իսկ թէ ինչ վտանգներ սպասել այսօր, այդ թւում՝ պատմական որոշ իրողութիւններ հաշւի առնելով, ռազմական վերլուծաբանն անդրադարձել է արցախցի Ղարիբ Բաբայեանի դէպքին, ով ադրբեջանցիների մասնակցութեամբ տեսանիւթ էր տարածել, որի համար նրան մեղադրանք է առաջադրւել:
«Արեւելեան արտաքինով օտար տարրերի շատացումը Հայաստանում կարծես թէ սկսում է սպառնալիք դառնալ: Առաջ Հայաստանը գրեթէ մոնոէթնիկ էր, եւ ցանկացած օտարի դէմք գրեթէ տարբերւում էր, այսօր Հայաստանում բնակւում են տասնեակ-հազարներով հնդկա-պակիստանա-իրանա-թուրքա-չգիտեմ ինչ արտաքինով մարդիկ, իհարկէ, մեծ մասը հէնց էմիգրանտներ են, արտագնայ աշխատանքի եկածներ, բայցեւ չի բացառւում, որ այս էթնոսների, այդ արտաքինով մարդկանց տակ Հայաստան ներթափանցեն յատուկ խմբեր։
Յիշենք Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցած վերջին աղմկայարոյց դէպքը, երբ ադրբեջանական «Ղարաբաղ» երգը երգելով՝ ինչ-որ խումբ ակնյայտ սադրում էր եւ կոնֆլիկտ հրահրում, ինչը չգիտակցեցինք: Իսկ այսօր մամուլում նաեւ կարդացի, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դաւիթ» եւ «Հանրապետութեան հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատւածում, դիմակաւորւած անձինք, օտարերկրացիներ ներկ են փչել գնացքի վագոնների վրայ: Այսինքն, այսօր ցրւում է այն մշուշը, թէ Հայաստանն անվտանգ երկիր է, իսկ կանխարգելող միջոցառումներ չեմ տեսնում դեռ»,- եզրափակել է Եղիազարեանը: