«Տեսնես ո՞ր երկրից է արձակւել հրթիռը»
Բաքւի նախագահի կնոջ թերթի հերթական ցեխարձակումները
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Բաքւի ոչ պաշտօնական խօսնակ համարւող լրատւամիջոցը՝ Yeni Musavat-ը Թեհրանում Իսմայիլ Հանիէի դէմ իրականացւած ահաբեկչութիւնն ուղերձ որակելով նշել է, որ Իսմայիլ Հանիէն եւ Իսրայէլի դէմ կռւող կազմակերպութիւնները մտածում էին, որ Թեհրանն աւելի անվտանգ է, քան իրենց տները Գազայի հատւածում ու Ռամալլահում, եւ հրապարակումը վերնագրել հետեւեալ ձեւակերպումով. «Ձեզ կը սպանեն այնտեղ, որտեղ քնում էք դուք»:
Սոցցանցային տիրոյթում մի քանի տարբեր լրատւական ալիքների խմբագիր Զիա-սալեհին իր վերջին գրառումներից մէկում անդրադարձել է «Yeni Musavat»-ի հերթական այդ գռեհկաբանութեանը, որով թերթն անդրադարձել է նաեւ բրիտանական «Զանգեզուրի միջանցք»-ի դէմ Իրանի իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդի հակազդեցութեաննը եւ այն համարել «ոչ պատւաբեր անխոհեմութիւն»:
Թերթը, որի սեփականատէրն Իլհամ Ալեւի կինն է, յաւելել է. « «Զանգեզուրի միջանցք»-ը գլոբալ խնդիր է եւ ձեռնտու է բոլորին, այդ թւում՝ Հայաստանին։ Բայց ինչ-ինչ շահերից ելնելով Իրանը տարօրինակ քաղաքականութիւն է վարում Ադրբեջանի նկատմամբ: Ինչո՞ւ է (այաթ.) Խամենէին դա անում այն ժամանակ, երբ (Բաքու-Թեհրան) յարաբերութիւնները փխրուն են»։
Հրապարակման մասին Բաքւի ԶԼՄ-ների՝ մէկը միւսից վերցնելու իրարանցմանը զուգահեռ, տեղի էր ունենում Հայաստանի վարչապետի եւ Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդի վերջին հանդիպումը, որին անմիջապէս յաջորդեց Բաքւի Սահմանային անվտանգութեան ստորաբաժանումների յայտարարութիւնը, որտեղ նրանք Իրանի քաղաքացիների իրական անունները նշելով, նրանց ձերբակալել են 74 կիլոգրամ չոր մարիխուանայի տեղափոխման համար, ովքեր փորձել են թմարմիջոցը Ադրբեջանի Հանրապետութիւն տեղափոխել։
Յայտարարութիւնը նոյնութեամբ, մէկ մարդու պէս ընթացք են տւել Ադրբեջանի բոլոր լրատւական միջոցները:
Միեւնոյն ժամանակ, Բաքւի խորհրդարանի պատգամաւոր Ազար Բադամովն նշել է, որ Իրանի տեսակէտը «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ մնում է անփոփոխ: «Միամտութիւն կը լինէր ասել, որ Փեզեշքիանի նախագահութեան օրօք Իրանի տարածաշրջանային մօտեցումներում կարող են էական փոփոխութիւններ լինել: Դրանք ուրւագծւում եւ որոշւում են Գերագոյն հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէիի կողմից»-, յիշեցրել է Բադամովը:
Այս ընթացքում Բաքւին ոգեւորել է մէկ այլ երկրից հրթիռի արձակումը՝ Թեհրանի հիւսիսում գտնւող Իսմայիլ Հանիէի կեցավայրի ուղղութեամբ վարկածը, ինչը մեծ ոգեւորութիւն է առաջացրել Բաքւի ԶԼՄ-ների շրջանում: Նրանցից մի քանիսը մտածելու տեղիք տւող հարցով են գրել այդ մասին. «Տեսնես ո՞ր երկրից է արձակւել հրթիռը»: