Իշխան Սաղաթէլեան. «Ճանապարհը մէկն է՝ շարունակել աշխատել մարդկանց հետ, դուրս գալ փողոց»
«ԱԼԻՔ» – Յուլիսի վերջին տասնօրեակում աշխատանքային այցերով Բելգիայում եւ Նիդեռլանդներում եղած ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում պնդում է՝ իր հանդիպումները եւս մէկ անգամ վերահաստատում են՝ Հայաստանի միջազգային գործընկերներին շատ դժւար է բացատրել, թէ ինչպէ՞ս է ստացւում, որ երկրին պատերազմ եւ պարտութիւն բերած իշխանութիւնը նորից վերընտրւում է։
«Դժբախտութիւն, պատերազմ, մահ բերած իշխանութիւնն ինչպէ՞ս է կարողանում մնալ. սա դրսի մեր գործընկերներից շատերի համար անհասկանալի է»,- ասել է Սաղաթէլեանը՝ ընդգծելով՝ «Խոշոր հաշւով այս հարցի պատասխանը գտնելը դժւար է հայաստանեան իրական ընդդիմութեան համար, որն իր բոլոր ռեսուրսներով 4 տարի շարունակ փորձում է երկիրն ազատել այս իշխանութիւնից»։
«Պայքարում ենք, եթէ կարողանայինք ժողովրդի լայն հատւածներին բացատրել, թէ ի՞նչ է մեզ սպասւում, այսօր այս իրավիճակում չէինք լինի»,- ասել է Իշխան Սաղաթէլեանը՝ շեշտելով՝ ընդդիմութեան համար պայքարի վերջնանպատակին հասնել չի յաջողւում, որովհետեւ իշխանութիւնը մի կողմից՝ հայ ժողովրդին կարողանում է խաբել եւ մոլորեցնել խաղաղութեան մասին կեղծ լոզունգներով՝ զուգահեռաբար Հայաստանին բերելով տարածքային կորուստներ, միւս կողմից՝ ընդդիմութեան դէմ տեղեկատւական ահաբեկչական գործողութիւնների է դիմում։
«Մէկ օրում հերոսին դարձնում են դաւաճան եւ հակառակը. մենք սրան հակակշռող համակարգեր դեռ չենք կարողացել ստեղծել»,- նշել է նա։
Ըստ Սաղաթէլեանի՝ այս ու այլ հարցերում արձանագրած թերացումներից ընդդիմութիւնը լուրջ հետեւութիւններ է արել ու եկել աւելի արդիւնաւէտ աշխատելու հրամայականին։
«Ճանապարհը մէկն է՝ շարունակել աշխատել մարդկանց հետ, դուրս գալ փողոց եւ ազատւել սրանցից՝ երկիրը դուրս բերելով այս իրավիճակից։ Այս պահին գոյութիւն ունի շարժում, որի առաջնորդ Բագրատ Սրբազանը խօսել է այն մասին, թէ ինչ են պատրաստւում անել։ Առաջիկայում շատ աւելի կոնկրետ բաներ կասւեն»,- ասել է Սաղաթէլեանը։
Նա պայքարից դժգոհող եւ խորհրադարանական ընդդիմութեան աշխատանքը քննադատող քաղգործիչների համար եւս մէկ անգամ կրկնել է՝ զուր են պահանջում ընդդիմութիւնից վայր դնել մանդատները, որովհետեւ այդ պարագայում արտահերթ ընտրութեան անցկացումը երաշխաւորւած չի լինելու, աւելին՝ Փաշինեանը կարող է արտահերթ ընտրութիւն նշանակել բացառապէս իրեն յարմար ժամկէտում։
«Այնպէս որ, Փաշինեանին է ձեռնտու, որ խորհրդարանում չլինի այս ընդդիմութիւնը։ Ասւածը, միեւնոյն ժամանակ, չի նշանակում, որ մենք մեր մանդատները վայր չենք դնելու։ Մի քանի ամիս առաջ ես Դաշնակցութեան անունից յայտարարել եմ՝ Դաշնակցութիւնը չի՛ լինի այն խորհրդարանում, որը կը վաւերացնի Հայաստանի կապիտուլեացիայի պայմանագիրը»,- ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը:
Վերջինիս փոխանցմամբ՝ խորհրդարանական ընդդիմութեան քննադատները քննադատելու փոխարէն՝ պէտք է նպաստեն, որպէսզի ձեւաւորւի տեղեկատւական այնպիսի համակարգ, որը կը հակակշռի այս իշխանութեան տեղեկատւական ահաբեկչութեանը, ինչն էլ իր հերթին՝ կը նպաստի աւելի բազմամարդ փողոցային պայքար ունենալուն։
«Նորերից որեւէ մէկին մեր գրասենեակի նկուղում չեմ պահում։ Եթէ ամէն մեծ-մեծ խօսացող 100 մարդ կարողանար հաւաքել, շատ աւելի հեշտ կը լինէր։ Բազկաթոռի վրայ նստած չենք, մեր գործընկերները յայտնւել են բանտում, մինչդեռ, բազմոցին նստածներն ասում են՝ յարմար ընդդիմութիւն ենք, պէտք է փոխել։ Ասել ու նորից կրկնում եմ՝ այս խորհրդարանական ընդդիմութեանը փոխելու ամենահեշտ տարբերակն այդ ընդդիմութիւնից աւելի արդիւնաւէտ աշխատելն է»,- եզրափակել է Իշխան Սաղաթէլեանը։