Կը յիշե՞ն նրան յետայսու. լրացաւ ՀՀ զինանշանի հեղինակ Յ. Կոջոյեանի 140-ամեակը
Դեկտեմբերի 13-ը ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարւեստի եւ գրաֆիկայի վարպետ Յակոբ Կոջոյեանի ծննդեան օրն էր. լրացաւ նրա 140-ամեակը։
Կոջոյեանի ստեղծագործութիւններն աչքի են ընկնում ինքնատիպ ոճով, որտեղ պահպանւած են ազգային մշակութային աւանդոյթները։ Նրա ուշագրաւ աշխատանքներից է «Սասունցի Դաւիթ»-ը, որտեղ նկարիչը արտացոլել է միաժամանակ պատմական, կենցաղային ու դրամատիկական-հոգեբանական թեմաները: «Սասունցի Դաւիթ» գրաֆիկական կոմպոզիցիան համարւում է 1920-ական թւականների լաւագոյն եւ բարդ գործերից, այժմ գտնւում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում։
Կոջոյեանը պատկերազարդել է գրքեր, ստեղծել բնանկարներ եւ թեմատիկ այլ գործեր։ Նա նաեւ փայտագրութեան խոշոր վարպետ է: Այնուամենայնիւ, Կոջոյեանի անունը հասարակութիւնը դեռեւս շարունակում է կապել ՀՀ զինանշանի հետ, որը նկարչի եւ ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանի համատեղ աշխատանքն է։
«Հայաստանի Հանրապետութեան պետական զինանշանի մասին» օրէնքն ընդունւել է Գերագոյն խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին: Այդ օրէնքով վերականգնւել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան (1918-1920 թթ.) զինանշանը։
Յիշեցնենք, որ վերջին տարիներին քննարկւում է Հայաստանի զինանշանի փոփոխութիւնը։ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ այն կապ չունի 1991 թւականին հիմնադրւած պետութեան հետ։
«Արարատ սարի վրայ Նոյեան տապանն է, ՀՀ այսօրւայ տարածքը ջրհեղեղի տակ է, առիւծ, որն արդէն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում, եւ այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, իրականում մեզնից իւրաքանչիւրը, չթւայ միայն ձեր մէջ է, մեզնից իւրաքանչիւրի մէջ առկայ երկւութեան մասին է, պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի», – ասել էր Փաշինեանը։
Զինանշանի կենտրոնում է սրբազան Արարատը՝ Նոյեան տապանով, վահանի վրայ՝ հայկական չորս թագաւորական տոհմերի զինանշանները եւ վահանը պահող առիւծ ու արծիւ։
«Այն պատկերը, որը մեզ համար սրբութիւն է, մեզնից իւրաքանչիւրի համար, իսկ 91 թւականին հիմնադրւած պետութեան հետ ինքն ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է»,- նշել էր Փաշինեանը եւ յաւելել՝ զինանշանի շուրջ բանավէճն այն մասին է, թէ պատմական Հայաստա՞նը պէտք է ծառայի իրական Հայաստանին, թէ՞ իրական Հայաստանը Պատմականին։
Աննա Յարութիւնեան
Խ. Աբովեանի անւան ՀՊՄՀ, կուլտուրայի ֆակուլտետ, լրագրութեան բաժին, 3-րդ կուրս
Yerkir.am