Հայաստան - Արցախ

Հայաստանի կառավարութիւնն անհեթեթ բեռ է աւելացնում արդէն իսկ տառապեալ արցախցիների վրայ

Կարծես թէ բռնի տեղահանւած արցախահայերի խնդիրները քիչ էին, հաշւի առնելով նրանց հարկադրաբար հեռացումն իրենց հայրենի հողից եւ նրանց կրած հետագայ զրկանքները Հայաստան ժամանելուց յետոյ՝ բնակարանի, սննդի, դեղորայքի եւ այլ առաջին անհրաժեշտութեան պարագաների բացակայութեան պատճառով, այժմ էլ Հայաստանի կառավարութիւնն է աւելորդ խնդիրներ ստեղծում նրանց համար:

Երկար ժամանակ Հայաստանի քաղաքացի հանդիսացող արցախահայերին Հայաստանի կառավարութիւնը յանկարծ յայտնեց, որ իրենք Հայաստանի քաղաքացի չեն, թէեւ ունեն Հայաստանի Հանրապետութեան կողմից տրւած անձնագրեր։ Բազմաթիւ արցախահայեր տարիներ շարունակ օգտագործել են իրենց հայկական անձնագրերը՝ առանց որեւէ խնդրի արտասահման մեկնելու համար, ինչը նշանակում է, որ Հայաստանի եւ այլ երկրների իշխանութիւնները նրանց անձնագրերն ընդունել են որպէս իսկական հայկական անձնագրեր։ Ինչպէ՞ս է հնարաւոր, որ արցախցիները Արցախում ապրելու ժամանակ եղել են Հայաստանի քաղաքացիներ, սակայն Հայաստան ժամանելուց յետոյ՝ ոչ։

Աւելի մեծ խառնաշփոթ ստեղծելով, Հայաստանի կառավարութիւնն այժմ արցախահայերին ասում է՝ քանի որ իրենք Հայաստանի քաղաքացի չեն, կարող են հետագայում դիմել Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու համար: Սա կատարեալ անհեթեթութիւն է։ Ինչպէ՞ս կարող է Հայաստանի քաղաքացին երկրորդ անգամ դիմել քաղաքացիութիւն ստանալու համար։ Եթէ ես՝ որպէս Միացեալ Նահանգների քաղաքացի, երկրորդ անգամ դիմեմ ԱՄՆ քաղաքացիութիւն ստանալու համար, ամերիկեան պետական պաշտօնեաներն ինձ կը համարեն խենթ եւ դուրս կը հրաւիրեն։

Կարծում եմ, որ Հայաստանի կառավարութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, թաքնւած օրակարգ ունի արցախահայերին որպէս ոչ քաղաքացի վերաբերւելու հարցում։ Նա ցանկանում է արգելք հանդիսանալ, որ արցախահայերը չեն կարողանայ քւէարկել Հայաստանում առաջիկայ ընտրութիւնների ժամանակ՝ իմանալով, որ նրանցից շատերը չեն քւէարկելու իր կուսակցութեան թեկնածուների օգտին, քանի որ Փաշինեանն է Արցախը յանձնել Ադրբեջանին։ Այժմ մենք ունենք լրացուցիչ ապացոյց, որ երկրի ղեկավարը ոչ միայն կոմպետենտ չէ, այլեւ խախտում է երկրի օրէնքները՝ յանուն քաղաքական շահերի։ Սա հաստատում է ՀՀ Ներքին գործերի նախարարութեան յայտարարութիւնը՝ «Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի համապետական ընտրութիւններում ընտրելու եւ ընտրւելու իրաւունք»։

Անցեալ շաբաթ ՀՀ Ներքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն տարածեց՝ «Բռնի տեղահանւած Արցախի Հանրապետութեան քաղաքացիների կողմից յաճախ տրւող հարցերի պատասխաններ» ձեւաչափով։ Այս առաջին նախադասութեան մէջ արդէն սխալ կայ։ Արցախահայերը Հայաստանի քաղաքացիներ են, ոչ թէ Արցախի կամ Ադրբեջանի։

Նախարարութիւնը փորձել է համոզել արցախահայերին ընդունել փախստականի կարգավիճակ՝ ասելով նրանց, որ փախստականի կարգավիճակ ունեցողները պարտաւոր չեն ծառայել Հայաստանի Զինւած ուժերում։ Այսինքն՝ արցախահայերը, որոնք պէտք է ծառայեն Հայաստանի Զինւած ուժերում որպէս Հայաստանի քաղաքացիներ, սխալմամբ ազատւում են զինծառայութիւնից, ինչը Հայաստանի օրէնսդրութեան խախտում է։

Նախարարութիւնը նաեւ յայտարարել է, որ որպէս փախստական՝ արցախահայերն իրաւունք չունեն ունենալ գիւղատնտեսական նշանակութեան հողեր։ Այս դրոյթը նրանց զրկում է սեփական հողամասում սննդամթերք աճեցնելու հնարաւորութիւնից, մինչդեռ նրանք անհրաժեշտ միջոցներ չունեն սնունդ գնելու համար։

Նախարարութիւնն այնուհետեւ յայտարարել է, որ փախստականները չեն կարող մեկնել օտար երկիր։ Սա նոյնպէս կեղծիք է, քանի որ արցախահայերն իրենց հայկական անձնագրերով կարող են անհրաժեշտ մուտքի արտօնագիր ստանալուց յետոյ մեկնել ցանկացած երկիր։ Որոշ երկրներ Ռուսաստանի նման մուտքի արտօնագիր չեն պահանջում Հայաստանի քաղաքացիներից։ Հազարաւոր արցախահայեր արդէն լքել են Հայաստանը՝ պարզապէս ցոյց տալով իրենց հայկական անձնագրերը, ինչը նշանակում է, որ ինչպէս Հայաստանը, այնպէս էլ այլ երկրներ ճանաչել են նրանց անձնագրերը որպէս օրինական ճամբորդական փաստաթղթեր։

Նախարարութիւնն այնուհետեւ հակասել է ինքն իրեն՝ նշելով, որ «փախստականի անձնագրի ժամկէտը լրանալու դէպքում այն կարելի է թարմացնել՝ ներկայացնելով երկու լուսանկար եւ ժամկէտանց անձնագիրը»։ Ինչպէ՞ս կարող են արցախահայերը Հայաստանում երկարաձգել իրենց անձնագրերը, եթէ նրանք Հայաստանի քաղաքացի չեն եւ չունեն հայկական անձնագրեր։

Մէկ այլ հակասութեան մէջ նախարարութիւնը յայտարարել է, որ այն արցախահայերը, որոնք դառնում են Հայաստանի քաղաքացի, չեն կորցնում փախստականների համար սոցիալական աջակցութեան ծրագրերից օգտւելու հնարաւորութիւնը։ Միակ պահանջն այն է, որ նրանք դասակարգւեն որպէս «տեղահանւածներ»: Եթէ նրանք չեն վտանգում օգնութիւն ստանալու իրենց իրաւունքը Հայաստանի քաղաքացի դառնալուց յետոյ, ապա ինչո՞ւ են նրանց յայտարարում փախստականներ եւ չեն ճանաչում որպէս քաղաքացիներ:

Անհաւատալի է, որ Արցախը յանձնելուց եւ Հայաստանում Արցախի անունից որեւէ քաղաքական գործունէութիւն իրականացնելու արցախահայութեան իրաւունքները ճնշելուց յետոյ ՆԳՆ-ն յայտարարում է, որ Արցախում նրանց ունեցւածքի կորուստները «չեն անհետանում կամ դադարում գոյութիւն ունենալուց մարդու իրաւական կարգավիճակի փոփոխութեան հետեւանքով», նկատի ունենալով Հայաստանի քաղաքացիութեան ձեռք բերումը։ Դեռ յայտնի չէ, թէ արդեօք Հայաստանի կառավարութիւնը, զուտ խօսքերից դուրս, պատրաստ կը լինի՞ հայցեր ներկայացնել միջազգային ատեաններ՝ պաշտպանելու արցախահայութեան սեփականութեան իրաւունքները։

Արցախահայերը, որոնք Հայաստանի քաղաքացիներ են, չափից դուրս տառապել են եւ չպէտք է նրանց ծանրաբեռնել նման աւելորդ բիւրոկրատական անհեթեթութիւններով։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button