Տեղի ունեցաւ «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» գիտաժողովը
Դեկտեմբերի 11-12-ին Ֆրանսիայի «Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների ազգային ինստիտուտում» (INALCO) տեղի ունեցաւ «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով երկօրեայ գիտաժողովը, որը կազմակերպւել էր «Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների ազգային ինստիտուտ» (INALCO) հիմնադրամի եւ «Յիշատակարան» նախագծի նախաձեռնութեամբ:
Գիտաժողովի բացմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրէն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութիւնն ու գնահատանքը։
Այնուհետեւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիէռ Ուզուլիասը։
Գիտաժողովին ներկայ էին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրեանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիկին Յասմիկ Տոլմաջեանը, Ֆրանսիայի մշակութային ժառանգութեան ազգային ինստիտուտի տնօրէն Շառլ Պերսոնազը, հայ եւ օտարերկրացի գիտնականներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ:
Գիտաժողովի ընթացքում ներկայացւեցին զեկոյցներ՝ նւիրւած Շուշիի եւ առհասարակ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրներին եւ ուղենշւեցին այդ ուղղութեամբ հայ ու ֆրանսիացի գործիչների համագործակցութեան ճանապարհները։
Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը բանախօսեց «Շուշին որպէս կրթական եւ հոգեւոր կենտրոն Արցախի թեմում եւ Սուրբ Էջմիածնի առաքելութիւնը Արցախի մշակութային ժառանգութեան պահպանման գործում» թեմայով, ինչպէս նաեւ ներկայացրեց Ադրբեջանի կողմից հայոց սրբավայրերի թիրախաւորման եւ պատմա-մշակութային արժէքների ոչնչացման փաստագրւած ապացոյցներ ու միջազգային հանրութեան կողմից ձեռնարկւելիք քայլերի առաջարկներ։
Yerkir.am