Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վաղ թէ ուշ դա էլ կը փակւի

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ

 

Արտաքուստ ցոյց տրւող բարձր աճերի ֆոնին՝ տնտեսութիւնը հասցրել են աղետալի վիճակի։ Յայտնի ու անյայտ օլիգարխներն ապրանքները մի տեղից բերում, մէկ այլ տեղ ծախում են ու դա համարում են տնտեսական աճ։

Սրանով են տնտեսական աճ ցոյց տալիս։ Մարդկանց աչքերին թոզ են փչում։

Նման տնտեսական աճերի ազդեցութիւններն արդէն բացայայտ երեւում են բիւջէի եկամուտների վրայ, բիւջէի փողերը չեն կարողանում հաւաքել։

Յոյսը դրել էին ներմուծումների ու վերարտահանումների վրայ, բայց դրանք էլ այլեւս չեն բաւարարում, չնայած շարունակում են մեծ տեմպերով աւելանալ։

Այս տարի էլ արտաքին առեւտուրը շատ ակտիւ է։ Աւելի քան կրկնակի աւելացել է։ Աւելացել է՝ ինչպէս ներմուծումը, այնպէս էլ՝ վերարտահանւող ապրանքների քանակութիւնը։ Բայց անգամ այդ պայմաններում բիւջէի եկամուտները չեն ապահովւում։ Արդէն հսկայական ճեղք է առաջացել, որն ամսեամիս խորանում է, ձնագնդի նման մեծանում է։ Մեծանում է նաեւ բիւջէի ծախսերը կատարելու վտանգը։

Տնտեսութիւնը չի աշխատում, որպէսզի յաւելեալ հարկեր գեներացւեն։ Էլ տեղ չմնաց, որ հարկային բեռ չաւելացնեն, տոյժ-տուգանքները չխստացնեն։ Չեն հասկանում, որ դրանով խեղդում են տնտեսութիւնը։

Առանց այդ էլ տնտեսութիւնը մի լաւ օրի չէ։ Հասցրել են մի վիճակի, երբ բազմաթիւ ոլորտներ անկում են ապրում։

Այն էլ այնպիսի ոլորտներ, որոնք առանցքային նշանակութիւն ունեն տնտեսութեան համար։

Արդէն երկրորդ տարին է, աճ չկայ հանքարդիւնաբերութեան ճիւղում։ Մի շարք ընկերութիւններ ստիպւած դադարեցրել են գործունէութիւնը, նաեւ փակւել։

Տնտեսութեան մասին յիշում են միայն այն ժամանակ, երբ հարկեր են գանձում։ Ոչինչ չեն անում ծանր պահերին օժանդակելու ու աջակցելու համար։

Իրականացւած անմիտ հարկային քաղաքականութիւնը բերեց նրան, որ տնտեսութեան ու պետական բիւջէի համար հսկայական նշանակութիւն ունեցող ճիւղը ճգնաժամային իրավիճակում է յայտնւել։

Տարիներ շարունակ հանքարդիւնաբերութիւնը եղել է բիւջէի եկամուտների ապահովման հիմնական ճիւղերից մէկը, հպարտանում էին, որ այս ոլորտի ընկերութիւնները մեծ հարկեր են վճարում, քաղաքական նպատակներով խեղդում էին՝ առանց հետեւանքները հաշւի առնելու։

Հետեւանքները տեսնում ենք՝ ինչպէս ճիւղի անկման, այնպէս էլ՝ պետական բիւջէի եկամուտների վրայ ունեցած բացասական ազդեցութեան տեսքով։

Բայց խնդիրը միայն հանքարդիւնաբերութիւնը չէ։ Արդիւնաբերութեան բազմաթիւ ճիւղեր, որոշները՝ անգամ անցած տարւայ անկումից յետոյ, նւազեցրել են արտադրութեան ծաւալները։ Սննդամթերքի արտադրութիւնը, որը միշտ էլ եղել է տնտեսութեան ամենամեծ ու ամենակարեւոր ճիւղերից մէկը, անկման մէջ է։ Նւազել է անգամ անցած տարւայ նւազումից յետոյ։ Անկման տեմպը նոյնիսկ խորացել է։

Ծխախոտի արտադրութիւնն է կրճատւել, հագուստինը, էլեկտրոնիկայինը, համակարգիչներինը։

Պաշտօնական վիճակագրութեան մէջ այլեւս խօսք չկայ Հայաստանում սկսւած աւտոմեքենաների արտադրութեան մասին։ Այս տարի ոչ մի աւտոմեքենայ չի արտադրւել։

Խօսքը յայտնի «Սեպուհների» մասին է, որ այդքան շահարկեցին։ Իբր աւտոմեքենաների արտադրութիւն են սկսել։ Չնայած իրականում ընդամէնը հաւաքման մի արտադրամաս էր բացւել։ Դա էլ չկարողացան պահպանել։ Ամիսներ յետոյ, ինչպէս բազմաթիւ այլ նմանատիպ դէպքերում, արտադրութիւնը փակւեց ու դադարեցրեց գործունէութիւնը։ Դժւար էլ թէ առաջիկայում վերսկսի աշխատել, ինչպէս եղաւ նոյն հեռուստացոյցերի, սառնարանների, լւացքի մեքենաների, կենցաղային այլ տեխնիկայի, գազի բալոնների եւ այլ արտադրութիւնների հետ։

Որպէս այդպիսին՝ վերջին տարիներին Հայաստանում նոր արտադրութիւններ գրեթէ չեն բացւում, բացւելուց էլ չեն կարողանում աշխատել։ Ինչպէս բացւում, այնպէս էլ արագ փակւում են։ Գովազդով աւարտւում են։

Ոչ մէկը չի ուզում ուսումնասիրել, հասկանալ, թէ ինչո՞ւ արտադրութիւնները Հայաստանում չեն կայանում։ Եթէ չեն կայանում, նշանակում է, ինչ-որ պատճառ պիտի լինի դրա համար։ Բայց պէտքները չէ։

Արդիւնաբերութեան մէջ պաշտօնապէս 30 տոկոսին մօտ աճեր են գրանցւել։ Բայց տակը ոչինչ չկայ, ընդամէնը մէկ ապրանքատեսակ է՝ ոսկերչական արտադրանքը, որն այս տարի անգամներով աւելացել է։ Ո՞նց, ինչի՞ հաշւին, ոչ մի բացատրութիւն չկայ։

Միայն ոսկեգործութեան արտադրանքի թողարկման աճն աւելին է, քան ամբողջ արդիւնաբերութեանը։

Ամբողջ արդիւնաբերութեան արտադրանքն առաջին եռամսեակում աւելացել է 167 մլրդ. դրամով, միայն ոսկեգործութեանը՝ 175 միլիարդով։ Ամբողջը, մի բան էլ աւելին, եղել է ոսկեգործութեան հաշւին։

Սա նշանակում է, որ արդիւնաբերութեան միւս բոլոր ճիւղերում միասին՝ անկում է։ Արտադրութեան ծաւալները բուն տնտեսութեան մէջ նւազում են։ Այն էլ՝ երկու տարւայ կտրւածքով։

Յիշեցնենք, որ անցած տարի էլ արդիւնաբերութիւնն անկումային էր մինչեւ այն պահը, երբ տարեվերջի երկու ամիսներին սկսւեց ոսկեգործութեան «փառահեղ վերելքը»։

Վիճակը գնալով սրւում է նաեւ ծառայութիւնների ոլորտում։ Որոշ առանցքային ճիւղերում սկսւել է արտադրութեան ծաւալների անկումը։ Դա նկատելի է յատկապէս ՏՏ-ում։

Նիկոլ Փաշինեանը վերջերս յայտարարում էր, թէ ոլորտից արտահոսք չկայ։ Դրսից տեղափոխւածները շարունակում են մնալ Հայաստանում, կեղծ տեղեկութիւններ են տարածում, թէ գնացել են կամ գնում են։

Այնինչ՝ նոյն պաշտօնական վիճակագրութիւնն է արձանագրել, որ ՏՏ-ում գործերը լաւ չեն։ Անկում է գրանցւում։ Անկման տեմպերը գնալով խորանում են։

Այստեղ էլ ձախողեցին, չկարողացան գոնէ այն հնարաւորութիւնը, որն առաջացել էր դրսից բիզնեսի ու մասնագէտների տեղափոխման արդիւնքում, պահել։

Տրանսպորտային ծառայութիւններն են նւազել աւելի քան 17 տոկոսով։ Եւ դա՝ 14-15 տոկոսանոց տնտեսական ակտիւութեան, 30 տոկոսանոց արդիւնաբերական աճերի պարագայում։

Մնացել է առեւտուրը. վաղ թէ ուշ դա էլ կաւարտւի։ Իսկ մինչ այդ կը կորցնենք նաեւ ներքին արտադրութիւնը, որն աստիճանաբար փոխարինւում է ներմուծմամբ։

168.am

Related Articles

Back to top button