Բագրատ Սրբազան. «Եթէ Արցախը յանձնել են ու հպարտ են, ամէն ինչը կը յանձնեն ու հպարտ կը լինեն»
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 8-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցաւ Բագրատ Սրբազանի հերթական հանդիպումն իր աջակիցների հետ:
«Կիրանցում իշխանութիւնները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետութեան գոյութեանը հակառակ յանցաւոր գործ եւ դրա համար հպարտանում են»,- հանդիպման մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրոյցում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նախօրէին ՔՊ-ականների Կիրանց կատարած այցի արձանագրումներին։
Ըստ նրա՝ բացի դրանից, կատարել են այն հրահանգը, որը թելադրւած է թշնամու կողմից՝ զիջել հայրենիքը։
«Ստրուկի ու ճորտի պէս գնացել են ցոյց տալու իրենց տիրոջը՝ Ադրբեջանի իշխանութեանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լաւ աչքով նայիր։ Յետոյ, լաւ կը լինի, որ Գոհարիկի գրութիւնը կարդան, այն աղջնակի, որն ապրում է Կիրանցում։ Նրանք մարդկանց չեն հանդիպել, որեւէ մէկին չեն տեսել։ Մարդկային ողբերգութեան վրայ կառուցել են թշնամու թելադրանքից, պարտադրանքից բխած սահմանը՝ թէ՛ մարդկային, թէ՛ բարոյական, թէ՛ իրաւական, թէ՛ պետական։ Եթէ Արցախը յանձնել են ու հպարտ են, ամէն ինչը կը հանձնեն ու հպարտ կը լինեն»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Ինչ վերաբերում է Կիրանցում տեղադրւած փշալարերին, որի շուրջ լուսանկարւել է Նիկոլ Փաշինեանը, Բագրատ Սրբազանը հետեւեալն է ասել․ «Այդ փշալարերը շատ խորհրդանշական կերպով պատկերացնում են ,թէ իրենք ուր պէտք է յայտնւեն»։
Իսկ իր ելոյթում Սրբազանն անդրադառնալով մարզեր կատարած այցերին, ասել է, որ նկատել է՝ հասարակութեան շրջանում վախի մթնոլորտ է տիրում.
«Ամէն հանդիպումից յետոյ կանչում են մարդկանց վախեցնում, հրահանգաւորում: Բոլոր հնարաւոր տարբերակներով վախեցնում են մարկանց՝ մէկը զինծառայող ունի, մէկը աշխատող… այդպէս վախեցնում են»,- ասել է նա եւ յաւելել, որ չնայած այդ ամէնին, մարդիկ միտւած են փոփոխութիւնների՝ իշխանափոխութեան:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաեւ քննարկումներ ՝ «Աշխարհաքաղաքական լարւածութիւնը, ուժային կենտրոնների շահերը տարածարջանում եւ Հայաստանը» եւ «Սոցիալական քաղաքականութիւն, սոցիալական արդարութիւն, գործազրկութեան հիմնախնդիրը, մեղմացման եւ յաղթահարման ուղիները» թեմաներով: Քննարկումների բանախօսներն էին քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը:
30 տարի Հայաստանն ունեցել է տարածաշրջանում խաղաղութիւն բերելու հիմնական մենաշնորհը
««Սրբազան շարժման» կարևորագոյն ձեռբերումներից, նպատակներից եւ արդիւնքներից մէկն այն է, որ ձեւաւորւել է մի հարթակ, որտեղ կարող ենք քննարկել մեր խնդիրներն առանց պաթոսի»,- իր ելոյթում ասել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը:
«Իսկապէս, կարող ենք խօսել այն իրողութիւնների մասին, որոնք գոյութիւն ունեն եւ, դրանք հաշւի առնելով, կառուցել Հայաստանի զարգացման ամենաիրատեսական եւ կարեւոր սցենարները»,- նշել է նա:
Հրանտ Մելիք-Շահնազարեանի խօսքով` Հայաստանը մօտ 30 տարի Հարաւային Կովկասում ունեցել է կայունութիւն, խաղաղութիւն եւ կանխատեսելիութիւն բերելու մենաշնորհը։
«Դրանք գործիքներ էին, որոնք անհրաժեշտ էին բոլորին` թէ՛ Ռուսաստանին, թէ՛ Արեւմուտքին, թէ՛ Իրանին։
«Այսինքն` բոլոր գլխաւոր աշխարհաքաղաքական կենտրոններին պէտք էր կայունութիւն եւ խաղաղութիւն ու տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանն` Ադրբեջանին զսպելու իր կարողութեամբ»,- ընդգծել է քաղաքագէտը:
Ըստ նրա` քանի Հայաստանը անկանխատեսելի երկիր է, որեւէ մէկը նրա հետ չի պայմանաւորւելու, ընդհակառակը՝ միշտ պայմանաորւելու են Հայաստանի հաշւին։
«Պայմանաւորւելու են աւելի կանխատեսելիների հետ, ինչպէս հիմա անում են Ալիեւի օրինակով, Ալիեւի, որին նախորդ իշխանութիւնների ժամանակ աշխարհում ոչ ոք լուրջ չէր ընկալում, ու նա չկար քաղաքականութեան մէջ։
Հայաստանը պէտք է նորից դառնայ Հարաւային Կովկասում քաղաքական խնդիրներ լուծող, օրակարգեր սպասարկող, անվտանգութիւն ապահովող եւ ինքնաբաւ երկիր»,- յաւելել է Հրանտ Մելիք-Շահնազարեանը:
2020 թւականի չարաբաստիկ օրւանից յետոյ, ցաւօք սրտի մեր բանավէճը գոյաբանական հարցերի շուրջ է
«Սրանք ասում էին, որ եկել ենք երջանկութիւն բերելու, եկել ենք, որ հայ մարդն աշխատի ու արժանապատիւ ապրի, սակայն իրականում բերեցին սուգ ու աւեր, պատերազմ, դժբախտութիւն, մարդկային կորուստներ ու զիջումներ։ 2020 թւականի չարաբաստիկ օրւանից յետոյ մեր երկրում, մեր ընտանիքներում, մեր հանրութեան մէջ խօսակցութիւնն այլեւս լաւ ապրելու մասին չէ, այլեւս մեր կեանքի որակը բարելաւելու մասին չէ։ Ցաւօք սրտի մեր բանավէճը գոյաբանական հարցերի շուրջ է, մեր բանավէճը մեր տունը մեր ձեռքից չխլելու, մեր հայրենիքը կտոր-կտոր անելը բացառելու մասին է»,- իր ելոյթում նշել է Թադէոս Աւետիսեանը: