Հայաստան - Արցախ

Գոհար Վարդանեան. «Նիկոլ Փաշինեանը հեռւից մի գիւղացու բարեւել է, անգամ բարեւին չեն պատասխանել»

«ԱԼԻՔ» – Յուլիսի 5-ին Տաւուշի մարզի Կիրանց գիւղ են այցելել ՔՊ-ական պատգամաւորները, իսկ յուլիսի 6-ին՝ Նիկոլ Փաշինեանը: ՔՊ-ական պատգամաւորները լուսանկար են տարածել, որտեղ խմբով նստած են ծառի տակ։

Այցից յետոյ պատգամաւոր Նարեկ Զէյնալեանը յայտարարել է. «Մենք մի քանի պատգամաւորով որոշեցինք գնալ Կիրանց ու տեղում ծանօթանալ սահմանազատւած սահմանին, պաշտպանական ու ամրաշինական աշխատանքներին: Կիրանցի բնակիչները գոհ են, ոչ մի բողոք չունեն, ուրախ են, որ սահմանն արդէն յստակ է»:

Այցերի հետ կապւած մանրամասներին ծանօթանալու նպատակով Yerevantoday-ը զրուցել է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանեանի հետ:

Մասնաւորապէս հետաքրքրւել՝ արդեօ՞ք գիւղացիները նախապէս տեղեկացւել են վերոնշեալ այցերի մասին, գիւղացիների եւ պատգամաւորների հանդիպում եղե՞լ է, թէ՝ ոչ, եւ որքանո՞վ է իրականութեանը հապատասխանում կիրանցեցիների գոհունակութեան մասին ՔՊ-ական պատգամաւորի յայտարարութիւնը:

«Ես անկեղծ չգիտեմ մէկ կիրանցեցու, ում իրենք հանդիպել են: Եթէ հանդիպել են, թող հրապարակեն մէկ լուսանկար, 10 վայրկեանանոց տեսանիւթ, որ որեւէ կիրանցեցի իրենցից շնորհակալութիւն է յայտնում, կամ ասում ՝ «գոհ եմ, ուրախ եմ, որ սահմանազատում է տեղի ունեցել»:

Տրամաբանական հարց. եթէ իրենք մտածում են, որ կիրանցեցիները գոհ են, ուրախ են, ապա ուրբաթ օրը ԱԺ պատգամաւորներն են եկել, շաբաթ օրը՝ Նիկոլ Փաշինեանը, ինչո՞ւ ոչ մի կիրանցեցու չի հանդիպել, ոչ մի կիրանցեցի տեղեակ չի եղել, որ վերոնշեալ «յարգարժան» մարդիկ գալու են, ինչո՞ւ են վախենում հանդիպել:

Իրենց գալուց կէս ժամ յետոյ ֆէյսբուքով եմ իմացել, որ եկել են:

Թող մի նկար հրապարակեն կիրանցեցու հետ, որ ուղղակի իրենց կողքին կանգնած է: Կիրանցեցիները կամաչեն իրենց կողքին կանգնել-նկարւել, դա խայտառակութիւն կը լինի: Եթէ կիրանցեցին իրենց հետ նկարւի, կամաչի յետոյ գիւղում քայլել: Եթէ Նիկոլ Փաշինեանը գիւղացիներից մէկին էլ բարեւել է հեռւից, այդ գիւղացին նոյնիսկ իր բարեւին չի պատասխանել: Էնպէս են անելու, հերթով բոլոր տները մտնեմ ու մարդկանց հարցնեմ՝ գո՞հ են սահմանազատում-սահմանագծումից, թէ՝ ոչ: Չգիտեմ, աբսուրդ է»,- ասել է Գոհար Վարդանեանը:

«ԱԼԻՔ» – Աւելի ուշ Գոհար Վարդանեանը ֆէյսբուքեան իր էջում տեղադրել է լուսանկար՝ ցոյց տալով «սահմանազատման» ադիւնքով ստեղծւած իրավիճակը:

«Դպրոցից պատ 50 մետր: Դպրոցից Ադրբեջան 51 մետր: Պատի հաստութիւնը 1 մետր է:

Կարող է սրա համար պէտք է շնորհակալութիւն յայտնենք, պարզապէս չենք ֆայմում»,- լուսանկարին կից գրել է նա։

Related Articles

Back to top button