Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եւրամիութեան դիտորդական առաքելութեան տեղակայումը

«ԱԼԻՔ» – Եւրամիութեան արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է եւս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եւրամիութեան քաղաքացիական առաքելութեան տեղակայումը, «Ազատութեան»-ը յայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենեակից։

«Անդամ երկրները ողջունել են առաջարկը եւ այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եւրամիութեան խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասւում է առաջիկայ օրերին»,- նշւած է «Ազատութեանը» տրամադրւած գրաւոր պատասխանում։

Բաքուն ամիսներ շարունակ առաքելութեանը մեղադրում է լրտեսութեան եւ տարածաշրջանի կայունութիւնը խախտելու մէջ։

Բարձր ներկայացուցչի գրասենեակից այս մեղադրանքներին ի պատասխան ասել են. «Հայաստանում Եւրամիութեան առաքելութեան մանդատը շատ յստակ է՝ դիտարկել եւ զեկուցել տեղում՝ հողի վրայ Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը եւ նպաստել հայ-ադրբեջանական կարգաւորման հարցում Եւրամիութեան ջանքերին: Դիտորդական առաքելութեան տեղակայումից ի վեր զինւած միջադէպերի թիւը սահմանամերձ տարածքներում զգալիօրէն նւազել է։ Ինչպէս յայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելութեան գործունէութեան մասին»։

2023-ի փետրւարին Հայաստան ժամանեցին նախ 100 քաղաքացիական դիտորդներ, ապա ամիսներ անց նրանց թիւը կրկնապատկւեց։

Բաքուն պահանջում է դադարեցնել ԵՄ առաքելութեան գործունէութիւնը սահմանին: Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանը հաստատեց, որ այդ կէտը Բաքւի հետ իսկապէս քննարկւում է, եւ որ հայկական կողմն Ադրբեջանին հանդիպակաց առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատւած հատւածներից:

Related Articles

Back to top button