ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀ նախագահին իր հաւատարմագրերն է յանձնել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին

«ԱԼԻՔ» – ՀՀ նախագահ Վահագն Խաչատրեանին իր հաւատարմագրերն է յանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահականից:

Նախագահ Խաչատրեանը շնորհաւորել է դեսպանին նշանակման կապակցութեամբ եւ յոյս յայտնել, որ նրա գործունէութիւնը կը նպաստի երկու երկրների միջեւ յարաբերութիւնների հետագայ ամրապնդմանն ու զարգացմանը։

«Ցանկանում եմ եւս մէկ անգամ ընդգծել Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ձեւաւորւած բարեկամական յարաբերութիւնները, ինչպէս նաեւ առանձնայատուկ շեշտել վերջին տարիներին մեր համագործակցութեան ակտիւացումն ու ընդլայնումը»,- մասնաւորապէս նշել է ՀՀ նախագահը։

Դեսպան Շիրղոլամին իր հերթին շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար։ Նա նշել է, որ Հայաստան ժամանելու պահից զգում է դրական վերաբերմունք, ինչը պայմանաւորւած է երկու ժողովուրդների միջեւ ձեւաւորւած ջերմ ու բարեկամական յարաբերութիւններով: Դեսպանը յաւելել է, որ նախագահի խօսքերն ու յարաբերութիւնների վերաբերեալ ներկայացւած դրական մօտեցումը մեծապէս ոգեւորիչ են եւ վստահութիւն են ներշնչում հետագայ համագործակցութեան զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկւել են Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմաշերտ համագործակցութեան հարցեր, ինչպէս նաեւ փոխգործակցութեան շարունակական զարգացման հնարաւորութիւններն ու հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակութեան ծրագրերի իրագործմանը եւ առկայ ներուժի ամբողջական օգտագործման անհրաժեշտութեանը։

Զրոյցի ընթացքում մտքեր են փոխանակւել նաեւ տարածաշրջանային իրողութիւնների եւ զարգացումների վերաբերեալ։ Նորանշանակ դեսպանը շեշտել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման գործընթացին, ինչպէս նաեւ Հայաստանի կողմից առաջ քաշւած «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութեանը։

Հանդիպման ընթացքում քննարկւել են բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցւածքների եւ էներգետիկայի ոլորտներում Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցութեան խորացման հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրւածութիւնը երկկողմ յարաբերութիւնների հետեւողական զարգացման եւ համագործակցութեան նոր ուղղութիւնների ձեւաւորման հարցում։

Related Articles

Back to top button