Արա Շահվարդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը. «Առեւտրային յարաբերութիւններում 700 մլն. դոլարից՝ 3 մլրդ. աճի հնարաւորութիւն կայ»

«ԱԼԻՔ» – Երկուշաբթի՝ մարտի 10-ին, Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Յակոբեանը Իսլ. խորհրդարան կատարած այցի շրջանակում հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արա Շահվարդեանի եւ փոխանախագահ Գեղարդ Մանսուրեանի հետ։
Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ խորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահը շնորհաւորել է Գրիգոր Յակոբեանին Թեհրանում ՀՀ դեսպանի պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ եւ նշել, որ Թեհրանի եւ Երեւանի յարաբերութիւններում առկայ է խորացման բարձր կարողութիւն: Տեղեկացնում է alikonline-ը, յղում տալով ICANA-ին:
Իսլ. խորհրդարանի տնտեսական յանձնաժողովի անդամը տնտեսական յարաբերութիւններում կարեւորել է երկու երկրների նախագահների՝ առեւտրային յարաբերութիւնների մակարդակը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակը եւ ընդգծել, որ Մեղրիի եւ Նորդուզի սահմանային անցակէտում երկու երկրների միջեւ մաքսային ծառայութիւնները բարելաււելու եւ զարգացնելու անհրաժեշտութիւն կայ, եւ նշել, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկու երկրների սահմանին բեռնափոխադրող մեքենաների մաքսատուրքերի հետ կապւած խնդիրների լուծման ուղղութեամբ։
Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը նաեւ յիշեցրել է իրանական կողմի ներդրումային կարողութիւնների մասին, յատկապէս, ընկերութիւնների, որոնք կապալառուի դերում են հադէս եկել Հայաստանում ճանապարհաշինական նախագծեր իրականացնելով: Նա յաւելել է, որ իրանական կողմն ի զօրու է Հայաստանի ենթակառուցւածքային ծրագրերում եւս ներկայութիւն ունենալ, ինչպէս նաեւ ամբարտակաշինական նախագծերում, դպրոցաշինութեան, հիւանդանոցների կառուցման յոյս յայտնելով, որ այդ ընկերութիւնների ներկայութիւնը հայկական կողմն իր ապագայ ծրագրերում նոյնպէս կը ներառի եւ կաջակցւի պետական մակարդակով։
Արա Շահվերդեանը նաեւ նշել է Արաքսի վրայ երկրորդ կամրջի կառուցման նախագծի կարեւորութիւնը եւ յաւելել. «Յուսով եմ, որ Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցմամբ երկու երկրների միջեւ կը մեծացւի մեքենաների ու բեռնատարների, ինչպէս նաեւ զբօսաշրջութեան (ճամբրուկային) առեւտրի ու երթեւեկութեան ծաւալը»։
Նա կարեւոր է համարել Հայաստանի դերը տրանսպորտային ուղիների, յատկապէս Պարսից ծոցից դէպի Սեւ ծով միջանցքի զարգացման գործում եւ նշել. «Չաբահար նաւահանգիստը, որպէս ապրանքների տարանցման հիմնական հանգոյցներից մէկը, կարող է կարեւոր դեր խաղալ Թեհրանի եւ Երեւանի միջեւ առեւտրային յարաբերութիւնների ընդլայնման գործում»։
Նա նաեւ ընդգծել է Իրանի եւ Հայաստանի միջեւ համատեղ ազատ տնտեսական գօտու ստեղծումը եւ յոյս յայտնել, որ այս ուղղութեամբ նախորդ տարիներին կատարւած ուսումնասիրութիւնները կը շարունակւեն, ինչը կարող է լայն հնարաւորութիւններ եւ հարթակներ ապահովել երկու երկրների առեւտրականների եւ ներդրողների միջեւ։
Հանդիպմանը Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիզօր դեսպան Գրիգոր Յակոբեանն իր գոհունակութիւնն է յայտնել երկկողմ յարաբերութիւնների զարգացման փաստի համար, ինչպէս նաեւ երկու երկրների բարեկամութեան խմբերի փոխգործակցութիւնից։
Թեհրանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է նաեւ Հայաստանում ինժեներական աշխատանքների համար ժամանակւոր աւանների կառուցմանը կապւած իրանական ընկերութիւնների կողմից Հայաստանում տրանսպորտային ուղիների կառուցման հետ, շնորհակալութիւն է յայտնել տեխնիկական եւ ինժեներական համագործակցութեան համար:
Հանդիպմանը Իսլ. խորհրդարանում հայ պատգամաւորները մատնանշել են Հայաստանում իրանցի կալանաւորների դատական գործերի վերանայման դանդաղ ընթացքի մասին եւ Հայաստանի դեսպանին խնդրել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի դատարաններում իրանցիների գործերի վերանայման գործընթացն արագացնելու համար։
Հանդիպման աւարտին Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի ղեկավարն անդրադարձել է Թաւրիզում Հայաստանի հիւպատոսութեան բացման շուրջ ձեռք բերւած փոխըմբռնմանը եւ յոյս յայտնել, որ ընթացիկ տարում գործի տեխնիկական մասն աւարտին կը հասնի եւ շահագործման կը յանձնւի: Շահվերդեանը յաւելել է նաեւ, որ Սպահանում եւս մէկ հիւպատոսութիւն է բացւելու: