Բագրատ Սրբազան. «Սիւնիքում մարդիկ հասկանում են, թէ ինչ է կատարւում, թէ ինչպէս են այս ամբողջ ընթացքում ստի մէջ ապրել»
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 1-ին, «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հանդիպման ժամանակ ամփոփել է Սիւնիք կատած այցը:
«Սիւնիքում համոզւեցինք, որ այն պատկերներն ու տրամադրութիւնները, որոնք փորձում էին փոխանցել մեզ, այդպէս չէ։ Միեւնոյն ժամանակ մեր այցը միտւած էր քանդելու ստերի կապանքները եւ ցոյց տալու, թէ մարդիկ իրականում ինչ են մտածում ու ինչպէս են ապրում։
Սիւնիքում մարդիկ, հակառակ բոլոր բռնաճնշումների, ոչ միայն փողոցներում էին հաւաքւած, այլեւ թէ՛ տներից, թէ՛ աշխատելիս շատ ջերմօրէն արձագանգում էին։ Մարդիկ հասկանում են թէ ինչ է կատարւում, թէ ինչպէս են այս ամբողջ ընթացքում ստի մէջ ապրել»,- ասել է Բագրատ Սրբազանը:
Խօսելով Տաւուշում իրականացւած սահմանազատման եւ սահմանագծման մասին՝ նա նշել է.
«Այս ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք աղաղակում էինք, նշում էինք, որ այս հակաօրինական, հակասահմանադրական, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական, միջազգային սկզբունքների խախտումով սահմանազատումը միտւած է մեր երկիրը ստորացնելուն ու նւաստացնելուն, հիմա բացայայտւում է: Եւ այս խնդիրը սկսւել է Սիւնիքից, Շուռնուխից։ Այն ինչ ասում են, սուտ է։ Սա հայրենայանձնման ու պատերազմի գործընթաց է, որովհետեւ ամէն քայլը հարկադրանք է ու պարտադրանք»։
Սրբազանը խօսել է նաեւ ՀՀ գործող իշխանութիւնների գործելաոճի եւ ակնկալիքների մասին՝ նշելով, որ նրանց ակնկալիքը մէկն է` որտեղից կը կարողանան, փող բերեն: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Փողն էլ բերեն` ինչ անեն, իրենց արիւնոտ աթոռը երկարաձգեն: Հիմա Արեւմուտքից են կարողանում փող բերել, Արեւմուտքի հետ են, վաղը Ռուսաստանը կը լինի, Ռուսաստանի հետ կը լինեն, միւս օրը Չինաստանը: Թուրքիայից հրահանգում են, ասում` Պաղեստինի անկախութիւնը ճանաչի, ճանաչում է, արտաքին պարտքը բարձրացրել են ահռելի չափերով, թող ցոյց տան` ինչի վրայ են ծախսում: Ինքը այնտեղ չարիք է, մահ, սատանայ: Այս շարժումն, այդ չարիքն այնտեղից պոկելու, վերացնելու մասին է: Հայաստանը պէտք է ունենայ հակա-ներից հրաժարւող քաղաքականութիւն: Չի կարող մեր երկիրը դիմանալ ոչ մի բանի: Այս աշխարհաքաղաքական բախումները ոչ մի բանի օգտին չեն»,- ասել է նա։