Հայաստան - Արցախ

Էդգար Էլբակեան. «Հայկական հողերի յանձնման ու ընդունման ակտ է տեղի ունենում երկու կողմերի Թալեաթի վաստակների միջեւ»

«ԱԼԻՔ» – Ատելութիւն տարածող եւ աւերիչ յեղափոխութիւններից յետոյ 85 տոկոս հաւանականութեամբ լինում են պատերազմներ։ Այս մասին երէկ՝ յուլիսի 1-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց քաղաքագէտ Էդգար Էլբակեանը:

«Հետեւաբար Հայաստանի ներկայիս դէ ֆակտ0 իշխանութիւնները 2018 թւականից, իրենց ծագման օրւանից են պատերազմներ բերող ու մեր ժողովրդի վզին պատերազմներ փաթաթող: Դեռ 2018 թւականի օգոստոսին եմ ասել՝ թուրքերը կը գան կը հասնեն Գորիսի մատոյցներին, Նիկոլ Փաշինեանը հրաժարական չի տայ»,- յաւելեց նա։

«Այս տարիների ընթացքում իրենք ամէն ինչ անում էին՝ լռեցնելու  գիտնականնեիին ու քաղաքագէտներին, թշնամի երկիրը ուսումնասիրած մասնագէտներին, որպէսզի ինչպէս փորձում են լռեցնել աստւածային ճշմարտութիւնը, այնպէս էլ կարողանային լռեցնել գիտական ճշմարտութիւնը»,- ասաց քաղաքագէտը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող այսպէս կոչւած սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, Էլբակեանը նշել է, որ իրական սահմանազատում ու սահմանագծում լինում է միայն այն ժամանակ, երբ երկրները յաղթահարած են լինում հիմնարար քաղաքական խնդիրները։ Դրանք յաղթահարելուց յետոյ նրանց միջեւ գոյանում է բարիդրացիական ֆոն եւ այդ ֆոնի պայմաններում, նրանք պայմանաւորւում են երկուստեք շահերը հաշւի առնելով իրականացնել սահմանազատում ու սահմանագծում։

«Իսկ մեր դէպքում Գորիս-Կապան ճանապարհն անցնում է թշնամուն, Հայաստան մտնող միակ ճանապարհն անցնում է թշնամուն, Շուռնուխ ու Կիրանց գիւղերը երկու կէս են լինում, Ոսկերապ գիւղը բրդուջի պէս երկու կողմից պատւում է Ադրբեջանով, Ներքին Հանդ, Խնածախ, Կուտական, Շորժա գիւղերը յայտնւում են հայաթափման վտանգի տակ, Տիգրանաշէնն է յայտնւում թուրքերի կողմից գրաւման վտանգի տակ»,- ասել է նա։

«Այս ամէնը վկայում է այն մասին, որ գործ ունենք ոչ թէ սահմանազատման ու սահմանագծման հետ, այլ հայկական հողերի յանձնման ու ընդունման ակտ է տեղի ունենում երկու կողմերի Թալեաթի վաստակների միջեւ»,- յաւելել է քաղաքագէտը։

Related Articles

Back to top button