Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը
«ԱԼԻՔ» – Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Սէյրան Օհանեանը եւ Գառնիկ Դանիէլեանը հանդէս են եկել մամուլի ասուլիսով։
Նրանք ամփոփել են խորհրդարանական շաբաթն ու պատասխանել լրագրողների հարցերին:
«ՔՊ պատգամաւոր, գործարար Խաչատուր Սուքիասեանի արարքին իրաւական գնահատական կը տրւի եւ համապատասխան գործընթաց կը սկսւի»,- յայտարարել է «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։
«Այդ տիպի ելոյթները սպառնալիքներ են, եւ քրէական օրէնսգրքի համապատասխան կէտերով համապատասխան տարրեր են պարունակում։ Պարոն Սուքիասեանը մոռանում է, որ ինքը չի կարող մեզ վախեցնել, մոռանում է, որ այսօրւայ իրավիճակը ստեղծւել է իրենց իշխանութեան օրօք եւ իրենք քրէական օրէնսդրութեան համապատասխան՝ պատասխան պէտք է տան այն դաւաճանութիւնների համար, որով իրենք Արցախը եւ ՀՀ-ն հասցրել են այս վիճակին»,- ասել է Օհանեանը։
««Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ շահերը, եւ մենք մեր աջակցութեամբ պէտք է այն անշրջելի դարձնենք»,- նշել է նա։
Ըստ Օհանեանի՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ընթացակարգերի խախտմամբ է իրականացւում եւ միակողմանի զիջում է։
«Եթէ կայ հակամարտութիւն եւ ձգտում ենք խաղաղութեան, ապա դրանք երկկողմ պէտք է լինեն։ Պէտք է սահմանւեն համապատասխան ընթացակարգեր եւ յետեւեն դրանց։ Այսինքն՝ լինի երկու երկրների միջեւ համաձայնագիր, քարտէզները ճշգրտւեն, դրանից յետոյ նոր սահմանագծման գործընթացն իրականացւի։ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ իրականացւող գործընթացները հատւածական են եւ չեն համապատասխանում իրականութեանը. այս ամէնը յետեւից են սկսում իրականացնել»,- ասել է նա։
Սէյրան Օհանեանը նշել է, որ գործընթացները ցոյց են տալիս՝ Ադրբեջանն իրականացնում է այն, ինչ իր շահերից է բխում։ «Մի դէպքում Տաւուշի հատւածում ինքը պարտադրում է սահմանազատում, ինքը կարող է յղում կատարել քարտէզներին, Ալմաթիի պայմանագրին, իսկ միւս դէպքում, ինչը ձեռնտու չի, չի համաձայնւում դրան»,- նշել է նա։
Պատգամաւորը յայտնել է, որ Ադրբեջանի հետ խաղաղութիւնն անհրաժեշտութիւն է, բայց վաղաժամկէտ է՝ հաշւի առնելով նրա հռետորաբանութիւնը, իրականացւած սադրանքները եւ ցեղասպանութիւնը, որ կատարել է Արցախի նկատմամբ։
Ասուլիսի ժամանակ Գառնիկ Դանիէլեանը նշել է, որ այս օրերին Կիրանցի մեր հայրենակիցները, քոյրերն ու եղբայարները ենթարկւում են աննախադէպ ճնշումների:
Նրա խօսքով՝ Կիրանցի բնակիչների մօտ ստեղծում են մի իրավիճակ, որ այլեւս ելք չկայ, ամենաճիշտ լուծումն այն փոխհատուցումն է, որն առաջարկում է կառավարութիւնը։
«Ստեղծում են այնպիսի վիճակ, որ ճիշտ կը լինի այդ փոխհատուցումը վերցնել, այլապէս դրանից էլ կը զրկւեն: Դուք տեսաք, մի քանի օր առաջ յայտարարութիւն տարածւեց, որ կադաստրի վկայականները ճիշտ չեն տրւել, խնդիր ունեն։ Պատահական չէ նման տեղեկատւութիւնը։ Ասել են, եթէ հանգիստ չվերցնեք ձեր փոխհատուցումները, որն առաջարկւում է, վաղը միւս օրը դրանից էլ կը զրկւէք։ Այսինքն, էլի ահաբեկչական մեթոդների են դիմում: Հիմա տարբեր տիպի ստորաբաժանումներ են մտել Կիրանց գիւղ՝ ոստիկանական ուժեր, յատուկ ծառայութիւններ, տեղի իշխանութիւնների ներկայացուցիչներ, Երեւանից եկած մարդիկ։ Ամէն մի կիրանցեցու երեւի 10-15 չինովնիկ է բաժին ընկնում, որոնք ամէն օր համոզում են, սպառնում են, ճնշումների ենթարկում։ Պատահական չէ, որ պատգամաւորներին, լրագրողներին թոյլ չեն տալիս գիւղ մտնել, ներկայացնել, թէ ինչ է տեղի ունենում։ Այսինքն տեռոր են իրականացնում»,- ասել է Դանիէլեանը՝ յաւելելով, որ նաեւ սպառնում են մարդկանց պետական աշխատանքից ազատել, քրէական գործեր յարուցել։