Սլովակիայի նախկին վարչապետ. «Անվտանգութեան առումով Եւրոպան չի կարող եւ չի օգնի Հայաստանին»
«ԱԼԻՔ» – Չեխոսլովակիայի կազմում Սլովակիայի Հանրապետութեան նախկին վարչապետ Եան Չարնոգուրսկին «Ռուսաստան եւ աշխարհ. երկխօսութիւններ-2024. ներգրաւման ուժեր» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում պատասխանել է Alpha News-ի այն հարցին, թէ Եւրոպայի կողմից ինչպիսի օգնութեան կարող է յոյս ունենալ Հայաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սպառնալիքների դէպքում։
«Չեմ ուզում ձեզ պատրանքներ ներշնչել, բայց Եւրոպան հեռու է Կովկասից։ Նախկին Չեխոսլովակիան շատ տխուր փորձ ունի, երբ երկու համաշխարհային պատերազմների միջեւ Չեխոսլովակիան պայմանագրեր ունէր Ֆրանսիայի եւ Անգլիայի հետ։ Եւ Չեխոսլովակիան հաւատում էր, որ Ֆրանսիան եւ Անգլիան կօգնեն՝ առաջին հերթին այն պատճառով, որ Չեխոսլովակիան նրանց դաշնակիցն էր Գերմանիայի դէմ: Բայց 1938-1939 թւականներին պարզւեց, որ նրանք ընդհանրապէս անկարող են եւ չեն ցանկանում օգնել Արեւելքի ժողովուրդներին։ Նրանք նոյնպէս պայմանագրեր ունէին Լեհաստանի հետ, եւ երբ Գերմանիան յարձակւեց Լեհաստանի վրայ, Ֆրանսիան եւ Անգլիան սկսեցին այսպէս կոչւած «տարօրինակ պատերազմ»: Նրանք գործնականում ընդհանրապէս չօգնեցին։ Եւ, հետեւաբար, ես կարծում եմ, որ Եւրոպան չի օգնի, քանի որ օգնութեան ներուժ չունի։ Եւրոպան կարող է օգնել առեւտրային յարաբերութիւններում, բայց անվտանգութեան առումով՝ ոչ»,- ասել է Չարնոգուրսկին:
Նրա կարծիքով՝ Արեւմուտքն ամէն ինչ անում է Ռուսաստանին եւ նրա պատմական դաշնակիցներին բաժանելու համար:
«Եւրոպան գործնականում Միացեալ Նահանգների գաղութն է անվտանգութեան հարցերում, եւ այդպիսով Եւրոպան ցանկանում է Ռուսաստանից խլել բոլոր պոտենցիալ դաշնակիցներին։ Եւ քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական կապերը շատ խորն են, ԱՄՆ-ն եւ Եւրոպան ցանկանում են որքան հնարաւոր է վատթարացնել այդ կապերը՝ լինի դա մշակոյթի, թէ կոմերցիայի ոլորտում, ամէն ինչում։ Բայց անվտանգութեան առումով չի կարող եւ չի օգնի Եւրոպան Հայաստանին»,- եզրափակել է նա։