Մուրադ Փափազեան. «Մտածել, որ Ֆրանսիան կը կարողանայ զօրք ուղարկել Հայաստան, սխալ է»
«ԱԼԻՔ» – Alpha News-ի ուղիղ եթերում ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների Համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանն անդրադարձել է այն հարցին, թէ արդեօք ռազմական հնարաւոր բախման դէպքում Ֆրանսիան կօգնի Հայաստանին։
«Ֆրանսիան ռազմական համագործակցութիւն ունի Հայաստանի հետ ու պատրաստ է հեռու գնալ այս համագործակցութեամբ, եթէ Հայաստանն ինքն է պատրաստ ընդունել աւելի լայն համագործակցութիւն։ Բայց յստակ է՝ Կովկասը արեւմտեան զոնա չէ, Ֆրանսիայի զոնան չէ։ Մտածել, որ Ֆրանսիան կը կարողանայ զօրք ուղարկել Հայաստան, սխալ է»,- ընդգծել է Փափազեանը։
Ըստ նրա՝ Հայաստանում առկայ բոլոր խնդիրների հիմքում երկրի իշխանութիւնն է։
«Յստակ է, երբ Հայաստանը որոշում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Ֆրանսիան չէր կարող հակառակ դիսկուրս ունենալ՝ դիւանագիտական առումով։ Մակրոնը չէր հասկանում, որ մենք այնքան ուժեղ ենք պաշտպանում Արցախի անկախութիւնը, իսկ Հայաստանի իշխանութիւններն էլ հակառակ քաղաքականութիւն են վարում։ Մակրոնը երկու անգամ յայտարարել է, որ պրոբլեմը Փաշինեանն է։ Եթէ Փաշինյանի պահանջները չի համապատասխանում Սփիւռքի պահանջներին, Ֆրանսիան ստիպւած է յարգել Հայաստանի պահանջները։ Խնդիրը երկրի իշխանութիւններն են»,- ասել է Մուրադ Փափազեանը։
Նա յաւելել է՝ Ֆրանսիան եւրոպական միակ պետութիւնն է, որ իսկապէս Հայաստանի շահերն ուզում է պաշտպանել, բայց չի կարողանում աւելի հեռու գնալ՝ Հայաստանի կառավարութեան պատճառով։