Հայաստան - Արցախ

Հայաստանի բարձրագոյն պաշտօնեաներն արձակուրդում են. ոմանք յոյս ունեն, որ նրանք չեն վերադառնայ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի գրասենեակը զարմանալիօրէն յայտարարեց, որ նա երկարատեւ արձակուրդ  է մեկնում յուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 12-ը: Աւելի ցնցող է, որ Հայաստանի մի քանի այլ պաշտօնեաներ որոշել էին միաժամանակ արձակուրդ գնալ՝ երկիրը թողնելով առանց բարձրագոյն ղեկավարութեան:

Ես ոչ մի մտահոգութիւն չէի ունենայ, եթէ Փաշինեանը մէկ կամ նոյնիսկ երկու շաբաթ տեւողութեամբ արձակուրդ մեկնէր։ Ամէն մարդ, ժամանակ առ ժամանակ, հանգստի կարիք ունի: Սակայն երկրի բարձրագոյն ղեկավարի գրեթէ մէկ ամիս արձակուրդում լինելն անհաւատալի է: Ես երբեք չեմ լսել, որ աշխարհի որեւէ երկրի ղեկավար 29-օրեայ արձակուրդ գնայ:

Բացի աշխատավայրում վարչապետի բացակայութեան ապշեցուցիչ երկարատեւութիւնից, ես այլ երեք մտահոգութիւններ ունեմ.

1) Թւում է, թէ տարրական հասկացողութիւն չունեն, որ երկրի մի քանի ղեկավարներ միաժամանակ չեն կարող բացակայել աշխատավայրից: Ի՞նչ կը լինէր, եթէ, Աստւած մի արասցէ, պատերազմ սկսւէր կամ այլ լուրջ արտակարգ իրավիճակ ստեղծւէր։ Սովորաբար, երբ որեւէ երկրի ղեկավար ժամանակաւորապէս բացակայում է, նրա տեղակալը կատարում է իր գործառոյթները, բայց՝ ոչ Հայաստանում: Հայաստանի մի քանի լրատւամիջոցներ հաղորդեցին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը, որը պէտք է փոխարինի վարչապետին նրա բացակայութեան ժամանակ, նոյն ժամանակահատւածում ինը օրով արձակուրդ է մեկնել: Բարեբախտաբար, կայ երկրորդ փոխվարչապետ, որը կը կատարի վարչապետի պարտականութիւնները: Բացի այդ, խորհրդարանի նախագահ Ալէն Սիմոնեանը որոշել է յուլիսի 16-ից օգոստոսի 5-ը 20 օրով արձակուրդ գնալ: Նրան կը փոխարինեն փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը (յուլիսի 16-22-ը) եւ փոխխօսնակ Յակոբ Արշակեանը (յուլիսի 23-ից օգոստոսի 5-ը)։ Արձակուրդում են նաեւ ֆինանսների նախարար Վահէ Յովհաննիսեանը (10 օրով) եւ արտգործնախարար Արարատ Միրզոյեանը (մինչեւ յուլիսի 22-ը):

2) Եթէ Շւէյցարիայի ղեկավարներն օրերով, շաբաթներով կամ նոյնիսկ ամիսներով բացակայէին իրենց աշխատավայրերից, ապա ոչ մի վատ բան տեղի չէր ունենայ, քանի որ նրանց երկիրը գտնւում է աշխարհի խաղաղ հատւածում: Ցաւօք, Հայաստանը գտնւում է անկայուն տարածաշրջանում, որտեղ մշտական ​​սպառնալիքներ կան Ադրբեջանի կողմից։ Հայաստանի ղեկավարները պէտք է մշտապէս զգօն լինեն եւ ջանասիրաբար աշխատեն լուծելու երկրի առջեւ ծառացած բազմաթիւ խնդիրները։ Այս պայմաններում նրանց երկարատեւ եւ միաժամանակեայ արձակուրդ գնալն անխոհեմութիւն է եւ անպատասխանատւութիւն:

3) Ի վերջոյ, Փաշինեանը նախորդ ամիս յայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մէկ ամսւայ ընթացքում խաղաղութեան պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ նա պէտք է յետոյ շրջւէր եւ մէկ ամսով արձակուրդ գնար: Արդեօք նա չպէ՞տք է իր աշխատավայրում լինէր, եթէ, մի հրաշքով, նախագահ Ալիեւը համաձայնէր ստորագրել նման պայմանագիր, որը, իմ կարծիքով, ոչ միայն անօգուտ է, այլեւ հակասում է Հայաստանի շահերին: Ալիեւը խելամտօրէն ձգձգում է խաղաղութեան պայմանագրի ստորագրումը, որպէսզի անվերջ զիջումներ կորզի Հայաստանից․․․

Թէեւ ամբողջ ղեկավարութեան բացակայութիւնը լուրջ վտանգ է ներկայացնում որեւէ երկրի համար, սակայն բազմաթիւ հայեր այնքան էլ մտահոգւած չեն: Ընդհակառակը, նրանք ուրախ են, որ ղեկավարները հեռու են աշխատավայրից, ուստի նրանք աւելի քիչ վնաս կը հասցնեն երկրի շահերին: Հանրութեան որոշ անդամներ յոյս ունեն, որ այդ ղեկավարները կը մնան մշտական արձակուրդում եւ չեն վերադառնայ իրենց պաշտօններին:

Որոշ ընթերցողներ կարծում են, որ ես չափազանց քննադատաբար եմ վերաբերւում Փաշինեանին: Թէեւ ճիշտ է, որ ոչ ոք կատարեալ չէ, սկսած ինձանից, սակայն վարչապետը մեծ ջանքեր է գործադրում կոպիտ սխալներ ու անհիմն յայտարարութիւններ անելու համար, որոնք ծիծաղելի կը լինէին, եթէ այդպիսի լուրջ հետեւանքներ չունենային: Նման հարիւրաւոր օրինակներ են գալիս մտքիս։ Նշենք միայն վերջին օրինակը, երբ յուլիսի 14-ին Բեռլինում վարչապետն իր տիկնոջ հետ ներկայ էր ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի առաջնութեան խաղին:

Սոցիալական ցանցերով տարւած Փաշինեանը պարբերաբար իր բոլոր ելոյթները, հանդիպումները եւ այցելութիւնները հրապարակում է Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում, Twitter-ում (X) եւ YouTube-ում։ Ի տարբերութիւն աշխարհի այլ ղեկավարների, նա շրջում է մէկ կամ երկու բջջային հեռախօս ձեռքին։

Բեռլինում ֆուտբոլային խաղի ժամանակ նա իր բջջային հեռախօսը դրել է իր առջեւ եւ նկարահանել իր դէմքը եւ ոչ թէ խաղը, տեսահոլովակին աւելացնելով 31-ամեայ ամերիկացի երգչուհի Թինաշէի տարօրինակ երգը: Վիքիպեդիայում «Nasty» («Գարշելի») երգը նկարագրւում է որպէս R&B («Ռիթմ եւ բլիւզ») եւ ռիթմիկ փոփ երգ, որում Թինաշէն «ռեփ է երգում» իր սեռական էներգիային համապատասխանող մէկին փնտրելու մասին, որին նա հերթականութեամբ անւանում է իր «արտասովորն» եւ իր «գարշելին», միաժամանակ օգտագործելով մի քանի ռիսկային կրկնակի իմաստներ: Երգն ունի «ռոբոտային» հեշտ մտապահւող հատւած, իսկ երկրորդ քառեակում Թինաշէն մանրամասնում է սեքսուալ ժամադրութեան մասին՝ երգելով. «Շտապ, ազդրերս նստարանին են, ես ոչինչ չունեմ ներքեւում, կարծես դու պատրաստւում ես գիշերել, կարծես թէ ես պատրաստւում եմ փոխել քո կեանքը»։

Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետն իր տեսահոլովակին այդքան անպատշաճ երգ աւելացնում, որի տեքստում կայ «գարշելի» բառը, եւ այդ «գարշելի» բառը կրկնւում է 59 անգամ։

Զարմանալի է, որ Փաշինեանի տեսահոլովակը «Nasty» երգի հետ մէկտեղ հաղորդւել է Լոս Անջելէսի Channel 5-ով։ Հեռուստատեսութեամբ հեռարձակւող այդ հատւածի վերնագիրն էր՝ «Փաշինեանն ու կինը Բեռլինում՝ ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան եզրափակիչում լսում են «Nasty» երգը»։ Հեռուստաալիքը հարցրել է. «Ի՞նչ ընդհանուր բան կայ 2024 թւականի Եւրոպայի առաջնութեան եզրափակչի, Թինաշէի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ»: Իմ պատասխանն է՝ բացարձակապէս ոչինչ․․․

Channel 5-ը յայտնել է, որ Փաշինեանը TikTok-ում տեղադրել է երկրորդ տեսանիւթը, որտեղ ցուցադրւում է յաղթանակի տօնակատարութիւնը ֆուտբոլային խաղի աւարտին՝ եւս մէկ անգամ աւելացնելով «Nasty» երգը։ Հեռուստաալիքը նշել է. «Յայտնի չէ, թէ ինչու է նա ընտրել Crescenta Valley-ի միջնակարգ դպրոցի երբեմնի աշակերտուհու երգը որպէս երկու տեսահոլովակների ֆոնային երաժշտութիւն։ Նաեւ, առաջին հերթին, յայտնի չէ, թէ նա ինչպէս է գտել այդ երգը»։

Գրեթէ անհնար է բացատրել վարչապետի գործողութիւններն ու դրդապատճառները։ Միգուցէ նա աշխատանք է փնտրում Հոլիւուդում, երբ այլեւս վարչապետ չլինի:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button