Գիւմրու Թատերական հրապարակում կայացել է «Տաւուշն յանուն Հայրենիքի» շարժման հանրահաւաքը
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 1-ին, Գիւմրու Թատերական հրապարակում կայացել է «Տաւուշն յանուն Հայրենիքի» շարժման հանրահաւաքը:
Յիշեցնենք, որ հանրահաւաքի մասին Բագրատ Սրբազանը յայտարարել էր մայիսի 31-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում, շարժման պայքարի օրն ամփոփելիս։
Երէկ՝ առաւօտեան քաղաքացիներն ու Սրբազանը աւտոերթով հասել են Գիւմրի։
Գիւմրու Թատերական հրապարակում ժամը 14:00-ին նախատեսւած էր Շառլ Ազնաւուրի 100-ամեակին նւիրւած համերգ, որի ժամանակ ելոյթ պէտք է ունենար նաեւ Տաւուշի թեմի «Տայ լոյս» երգչախումբը՝ խմբավար Մարիա Գալստեանի գլխաւորութեամբ:
Բագրատ Սրբազանը նախապէս ասել էր, որ ներկայ են լինելու համերգին: Սակայն, միջոցառումը չեղարկւել է ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի փոխնախարար Դանիէլ Դանիէլեանի պահանջով, համերգը կայացել է նախատեսւածից վաղ։
Նշենք, որ «Տայ Լոյս» երգչախմբի գեղարւեստական ղեկավարին է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը զանգահարել եւ պահանջել, որ աւելի շուտ ելոյթ ունենան։ Երեխաները սակայն պատրաստ չեն եղել։ Մինչ Բագրատ Սրբազանը հասել է Գիւմրի, բեմը հաւաքել են։ Ըստ երեւոյթին, դա արւել է այն նպատակով, որ այդ բեմից Բագրատ Սրբազանը ելոյթ չունենայ ժամը 18։00-ի հանրահաւաքին։
Յիշեցնենք, որ Սարդարապատում Նիկոլ Փաշինեանի համար հաւաքւել էր բեմ՝ մայիսի 28-ին, սակայն այնտեղ ելոյթ ունեցաւ Բագրատ Սրբազանը, իսկ առաւօտեան այդ ժամին Փաշինեանը հրաժարւեց Սարդարապատ գնալ։
Տաւուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելեանը տեղեկացրել է, որ իր հետ չափազանց կոպիտ եւ մարդուն ոչ վայել է խօսել փոխնախարարը, հոգեւորականի հագուստը համարել է դէյրա։ Այնուհետեւ խնդրել է մօտենալ ականջին բան ասելու եւ հայհոյել է։
Անդրադառնալով միջադէպին, Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրոյցում ասել է. «Դանիէլ Դանիէլեան, դու պէտք է ներողութիւն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ, բան չեմ ասում: Երեխաները մասնակցում էին համերգին «Ազնաւուր» հիմնադրամի հրաւէրով, պայմանագիր էր կնքել իրենց հետ, նա ո՞վ է, որ մէջտեղ ընկնի ու ինչ-որ բաներ անի»:
Մուրացկանի համար չկայ խաղաղութիւն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դէմ ենք
Գիւմրիում կայացած հանրահաւաքի ժամանակ Բագրատ Սրբազանը կրկին անգամ անդրադառնալով այսպէս կոչւած «սահմանազատման եւ սահմանագծման» գործընթացին. «Սահմանագծում գոյութիւն չունի, ուղղակի սահմանազատում են, յետոյ շուրջը գծում են: Վաղը կարող է գան այստեղ անեն նոյն բանը` կեղծ խաղաղութեան պաստառի ներքոյ, որը գոյութիւն չի կարող ունենալ:
Մուրացկանի խաղաղութիւնը կը տան ծեծելով միայն, կասեն` սա քո փայն է, եթէ մի բան էլ ասի, աւելի ուժգին կը խփեն։
Պայքարը, որ սկսւել է Կիրանցից, Ոսկեպարից, Բաղանիսից, սկսւել է երկու իմաստով` բարոյական եւ իրաւական:
Ես Տաւուշում եմ ապրել, այդ գիւղերը կրակոցների տակ էին, ի՞նչ է նշանակում ռիսկերի նւազեցում, այսինքն եթէ 20 փամփուշտ էին կրակում, հիմա 10-ն են կրակելո՞ւ»,- ասել է Սրբազանը:
Մեծ հանրահաւաքի մասին՝ առաջիկայ օրերին
Բագրատ Սրբազանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայ օրերին կը լինի մեծ հանրահաւաքը, որն ըստ նրա՝ հաւանաբար կը լինի նաեւ ճշմարտութեան յաղթանակի վերջնական կնքումը երկրում:
«Առաջիկայում շարունակելու ենք պայքարի այս մարտավարութիւնը։ Դեռ մի երկու քաղաք էլ կը գնանք, իսկ մնացած գործողութիւնները կը լինեն Երեւանում։
Յորդորում եմ, որ «Շիրակը յանուն Հայրենիքի» շարժումն այստեղ եւս շարունակի խաղաղ անհնազանդութեան ակցիաները։
Շուտով կը յայտարարեմ մեր մեծ հանրահաւաքի մասին, որ կը լինի մեր ասելիքի ու ճշմարտութեան հանրագումարը»,- նշել է Սրբազանը։