Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դանիէլեան. «Արդէն ութ տարի է՝ սրանք ապօրինի միջոցներով փորձում են խարխլել 1700-ամեայ ազգային եւ հոգեւոր ինստիտուտի հիմքերը»

ԱԺ ընդդիմադիր պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը գրում է.

«Այսօր (յունւարի 31-ին, ԽՄԲ.) վաղ առաւօտից գործընկեր Գեղամ Մանուկեանի հետ գտնւում ենք Քանաքեռի Սուրբ Աստւածածին եկեղեցու մօտ, որտեղ ռազմական ոստիկանութեան աշխատակիցները ծառայութիւն են իրականացնում։ Մօտենալով վերջիններիս՝ պահանջել եմ պարզաբանում, թէ ինչո՞վ է պայմանաւորւած նրանց ներկայութիւնը եկեղեցու մերձակայքում։

Աշխատակիցները խնդրեցին, որպէսզի պարզաբանումների համար դիմեմ իրենց վերադասին։ Փորձեցի կապ հաստատել ռազմական ոստիկանութեան պետի եւ պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակի հետ, բայց զանգերս մնացին անպատասխան։

Տեղեկացայ, որ ՊՆ֊ից փոխանցել են լրատւամիջոցներին, թէ իբր ամէն ինչ նորմալ է, եւ որ ռազմական ոստիկանութեան աշխատակիցները զօրամասերի տարածքում իրականացնում են բնականոն ծառայութիւն։ Փաստօրէն, եկեղեցին այս իշխանութիւնների ընկալումներում կարող է լինել զօրամաս։

Հաւատաւոր ժողովուրդը, որը չի դադարում այցելել Ս․ Աստւածածին, ապշած է, թէ ինչ գործ ունի ռազմական ոստիկանութիւնը եկեղեցու տարածքում։

Չի բացառւում, որ ինչպէս Յովհաննավանքը բռնագրաււեց սրանց կողմից, այդպէս էլ փորձ է արւում «սեփականացնելու» Մայր Աթոռին եւ ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդութեանը պատկանող եկեղեցին, այս անգամ՝ ՊՆ-ի միջոցով։

Ակնյայտ է, որ սա կապւած է փետրւարի մէկից զինւած ուժերում հոգեւոր ծառայութեան կարգը փոփոխելու որոշման հետ, որի համաձայն կը դադարեցւի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կողմից նշանակւած հոգեւոր ծառայողների գործունեութիւնը։

Ըստ էութեան, Սուրէն Պապիկեանը երէկ (յունւարի 29-ին, ԽՄԲ.) ստորագրել է մի ապօրինի հրամանագիր, որով վերացւում է գնդերեցների գունդը։

Սա հերթական հարւածն է ուղղւած Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Արդէն ութ տարի է, ինչ սրանք բոլոր ճղճիմ եւ ապօրինի միջոցներով փորձում են խարխլել 1700-ամեայ ազգային եւ հոգեւոր ինստիտուտի հիմքերը։

Սա ձեր դէմ է աշխատելու, չէ՛ք յաջողելու։ Հայ Առաքելական Եկեղեցին այս փորձութիւնն էլ է յաղթահարելու։ Վստահ եմ, որ հաւատաւոր ժողովուրդը վաղն այստեղ մասնակցելով Սուրբ Պատարագին՝ իր ներկայութեամբ պաշտպանելու է Սուրբ Աստւածածինը»։

YerevanToday

Related Articles

Back to top button