Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասաւ»
Այն, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան միակ յենարանը մնացել են միայն ոստիկանական մահակներն ու կարմրասեւ բերետները, վաղուց նորութիւն չէ: Փաշինեանի ոստիկանութեան վայրագ, հակամարդկային, զուտ իշխանավարող մէկ անձի կոյր գործիք լինելու «համբաւն» արդէն աշխարհով մէկ է թնդում, այն աստիճան, որ նոյնիսկ Փաշինեանին իշխանութեան բերելու գլխաւոր շահառու աշխարհաքաղաքական կենտրոններն են ստիպւած արձանագրել ու բարձրաձայնել դրանց մասին:
Այս ամէնը յայտնի է, ինչպէս ասւում է, ամենօրեայ ռեժիմով տեսնում ենք գործողութեան մէջ: Բայց վերջին օրերի անհնազանդութեան ժողովրդական դրսեւորումները եկան վերահաստատելու, որ Փաշինեանի ոստիկաններն իրենց առանձնայատուկ ատելութեան մէջ ոչ մի «կարմիր գիծ» չունեն: Մաքսիմում՝ կարմիր բերետ:
Կանայք, դեռահասներ, ծերեր՝ նրանց համար ոչ մի նշանակութիւն չունի: Ի լրումն այդ ամէնի, ինչպէս երեւում է, Փաշինեանի ոստիկանութեան համար լրագրողները դիտարկւում եւ ընկալւում են որպէս ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԻ: Այն չարութիւնն ու բացայայտ ատելութիւնը, լրագրողներին անպայման որեւէ վնաս կամ վնասւածք պատճառելու այն մարմաջը, որով համակւած են փաշինեանական ոստիկանները, երեւի աշխարհի նոյնիսկ ամենաոչժողովրդավար երկրներում չկայ: Նախօրէին բոլորը տեսան, թէ «փառապանծ» ոստիկաններն ինչպէս են քաշքշում «Hayeli.am»-ի խմբագիր Անժելա Թովմասեանին:
Աւելի վաղ Տաւուշում ընթացող անհնազանդութեան ակցիաների ժամանակ մէկ այլ լրագրողի էին վնաս պատճառել, տւեալ պարագայում աշխատանքային գործիք հանդիսացող հեռախօսն էին միտումնաւոր վնասել: Մէկ այլ տեղում՝ մէկ ուրիշ բան: Դեռ չենք խօսում նախկին դէպքերի մասին: Ինչի՞ մասին է խօսում այս ամէնը: Առաջին հերթին այն անչափ վախի, այն սարսափի մասին, որով համակւում են ինչպէս ոստիկանները, այնպէս էլ նրանց քաղաքական ղեկավարութիւնը՝ ողջ ՔՊ թիմով հանդերձ: Դէ, վախ չափելուն չենք հաւատում, մնացածը… կերեւայ:
«Փաստ»