ՄիջազգայինՔաղաքական

Միջազգային իրաւունքի փորձագէտի մեկնաբանութիւնը. Ինչու Բաքուն արժանի ընտրութիւն չէ COP29 համաժողովը հիւրընկալելու համար

Կլիմայի փոփոխութեան հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը հիւրընկալելու Բաքւի ընտրութիւնը, որի վրայ ազդել են համաժողովի ֆինանսական բացը ծածկելու Բաքւի «կաշառքները», բախւել է շրջակայ միջավայրի եւ մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող կազմակերպութիւնների, խմբերի եւ անկախ ակտիւիստների բացասական արձագանգին: Նրանք համոզւած են, որ բազմաթիւ իրաւական փաստերով հաստատւած է, որ  Ադրբեջանի Հանրապետութիւնն արժանի ընտրութիւն չէ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովն անցկացնելու համար։

Նոյն կապակցութեամբ միջազգային իրաւունքի փորձագէտ Ալամէ Թաբաթաբայի համալսարանի դասախօս դոկտ. Ահմադ Քազեմին առանձին յօդւածով մեկնաբանել է այս ընտրութեան հարցը եւ նշել, որ նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանի Հանրապետութեան մայրաքաղաք Բաքւում անց է կացւելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան 29-րդ ամենամեայ համաժողովը (COP29): «2015 թւականի դեկտեմբերին COP21 հանդիպման ժամանակ Փարիզի կլիմայական համաձայնագրի ստորագրումից յետոյ՝ լուրջ նպատակ դրւեց նւազեցնել ջերմոցային գազերի արտանետումները եւ գլոբալ տաքացման աճը սահմանափակելը մինչեւ 2 աստիճան:    Զարգացած երկրների ֆինանսական աջակցութիւնը զարգացող, աղքատ եւ խոցելի երկրներին կլիմայի փոփոխութեան դէմ պայքարելու եւ բնական աղէտներին յարմարւելն այս համաժողովի նպատակներից են»,- յիշեցրել է փորձագէտը:

Դոկտ. Քազեմին բուն նիւթին անցնելով նշել է. «Ռիոյի հռչակագրի հաստատմամբ այս հանդիպումների անցկացման ձեւաչափը հիմնւած պիտի լինէր այն փաստի վրայ, որ այն երկրները, որոնք առաջատար դեր են խաղում շրջակայ միջավայրի աղտոտւածութեան դէմ պայքարում եւ ունեն արդիւնաւէտ ձեռքբերումներ, իրաւունք են ստանում հանդէս գալ՝ համաժողովը հիւրընկալող երկրի կարգավիճակով: Այս առումով, Ադրբեջանի Հանրապետութիւնը շրջակայ միջավայրի պահպանման հարցում վատ ցուցանիշեր ունի։

Կլիմայի փոփոխութեան հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը հիւրընկալելու Բաքւի սխալ ընտրութիւնն ունեցած իր բացասական արձագանգների կողքին, կարելի է մեկնաբանել հետեւեալ 7 կէտերով: 

Իսկ մինչեւ այդ կարելի է չորս օրինակի մասին յիշեցնել. 

1- Ադրբեջանի Հանրապետութիւնն ամենամեծ դերն է խաղում Կասպից ծովի շրջակայ միջավայրի նաւթային աղտոտման գործում՝ նաւթի արդիւնահանման եւ խորհրդային ժամանակներից մնացած նաւթային մաշւած տեխնիկաների, ինչպէս նաեւ բնապահպանական չափանիշների չկիրառման պատճառով: Սակայն Բաքուն հրաժարւում է փոխհատուցում վճարել Իրանի ափերի նաւթային աղտոտւածութեան համար՝ «աղտոտողը պէտք է փոխհատուցի» սկզբունքի պարտադիր իրաւական պարտաւորութեան շրջանակներում։

2- Բնապահպանական աղէտ Ադրբեջանի Հանրապետութեան Գեդէ Բէյ նահանգի Սոյոդլօ գիւղում, ոսկու հանքարդիւնաբերութեան թափոնների բաքից ցիանիդի արտահոսքի պատճառով, բերել է քաղցկեղի տարածումն ու հարիւրաւոր մարդկանց մահի, ներառեալ գիւղատնտեսական արտադրանքի վնասը եւ մեղուների կորուստը Բաքւի պետական մեքենայի բերած բնապահպանական աղէտներից են: 

3- Հակառակ Ռիոյի հռչակագրի սկզբունքներին, այդ թւում՝ ժամանակին ծանուցելու սկզբունքին, Ադրբեջանի Հանրապետութիւնը չի հրապարակում Կասպից ծովում միջուկային թափոնների հեռացման վերաբերեալ իր հետազօտութիւնները: Այդ միջուկային թափոնները Ուկրաինայից նաւերով տեղափոխւել են Վրաստան, իսկ այնտեղից երկաթուղով՝ Ադրբեջանի Հանրապետութիւն։ 1999 թւականին  յունիսի 5-ին Բաքւի «Ենի-է-Զեւան» եւ «Էքսպրես-Չապ» թերթերը ցնցող լուրում մերկապարանոցային բացայայտում էին արել առ այն, որ Բաքւի կառավարութիւնն այդ թոփոնները թաղում է Կասպից ծովի յատակում՝ իւրաքանչիւր տարայի համար 260 հազար դոլար ստանալու դիմաց:

4- Կոյուղու ենթակառուցւածքների ոլորտում ներդրումների բացակայութեան պատճառով ամէն տարի միլիոնաւոր տոննա չմշակւած քաղաքային, կենցաղային եւ արդիւնաբերական թափօն է հոսում Կասպից ծով, ինչպէս նաեւ  Նախիջեւանից Արաքս գետ, որոնք մեծ դեր են խաղում այս ծովի էկոհամակարգը վտանգի ենթարկելու գործում»։

Փորձագէտն ապա անցնելով իրաւական նշումներով ներկայացւած կէտերին նշել է.

«Միաւորւած ազգերի կազմակերպութեան կլիմայի փոփոխութեան ամենամեայ համաժողովները կապւած են ոչ միայն «էկոլոգիական իրաւունքների», այլեւ «մարդու իրաւունքների» եւ «մարդու էկոլոգիական իրաւունքների» հետ։ Ադրբեջանի Հանրապետութիւնը ոչ միայն խախտել է միջազգային բնապահպանական իրաւունքի սկզբունքները, այլեւ մարդու իրաւունքների ոլորտում շատ բացասական արդիւնք ունի։

Անցեալի փորձը ցոյց է տալիս, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը միջազգային համաժողովները դիտում է որպէս գործիք՝ հասարակական կարծիքը փոխելու եւ մարդու իրաւունքների հիմնարար սկզբունքների խախտումները ծածկելու համար: Ներկայումս Ադրբեջանի Հանրապետութիւնը փորձում է օգտագործել (COP29) որպէս գործիք աշխարհի, յատկապէս արեւմտեան աշխարհի հասարակական կարծիքը Ղարաբաղի Ինքնավար Մարզի «էթնիկ զտումներից» շեղելու համար։

Ադրբեջանի Հանրապետութեան բնապահպանական գործողութիւնները հիմնականում ցուցադրական բնոյթ են կրում կամ հետապնդում են այլ նպատակներ, քան Ստոկհոլմի եւ Ռիոյի հռչակագրերի բնապահպանական սկզբունքներն են թելադրում: Բաքւի բնապահպանական պահւածքն է  հաստատում դա։ Անցած տարւայ ընթացքում Ադրբեջանի Հանրապետութեան իշխանութիւնները մտահոգութիւն յայտնեցին Կասպից ծովի ջրի նւազման կապակցութեամբ, իսկ Իլհամ Ալիեւը 2024 թւականի օգոստոսին Պուտինի Բաքու կատարած այցի ժամանակ ցոյց տալով ծովի ափամերձ ժայռերը, նշել էր, որ դրանք ջրի տակից դուրս եկան, երբ գոլորշիացման կողքին Մոսկւան Վոլգա գետի ջրային պաշարները փակեց ծովի վրայ: Սակայն երկար ժամանակ չանցած պարզւեց, որ ջրի մակերեսն իջնելու վերաբերեալ Բաքւի անհանգստութիւնը հիմնականում հանրութեան աչքին նաւթահարթակների մաշւած վիճակի բացայայտւելն էր:

Իւրաքանչիւր տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովը հնարաւորութիւն է ընձեռում աշխարհի բնապահպան ակտիւիստներին՝ համաժողովի հետ միաժամանակ բարձրացնելու բնապահպանական մտահոգութիւնները՝ բողոքի ցոյցերի միջոցով: Սա այն դէպքում, երբ Բաքւի իշխանութիւնը տանել չի կարողանում որեւէ ցուցարարի ներկայութիւն իր տարածքներում: Սակայն Բաքւի պահանջով Դոբայից ու Բոննից նախորդ համաժողովների ցուցարարների ցուցակի պահանջումն այլ բան է յուշում:

Բաքուն վերջին երեք տարում իր հարեւանի (Հայաստանի) նկատմամբ իր տարածքային յաւակնութիւնների հետ միաժամանակ եւ Անգլիայի ու Թուրքիայի խնդրանքը կատարելու համար՝ «Թուրքական աշխարհ»-ը միաւորելու նպատակով ամէն գնով փորձում է Հայաստանի հարաւային մասը գրաւել, կառուցելու համար իր  ենթադրեալ միջանցքը: Բացի էթնիկական, քաղաքական եւ անվտանգային խնդիրներից, այս միջանցքի կառուցապատման աշխատանքները դարձել են տարածաշրջանի ամենամեծ բնապահպանական աղէտներից մէկը։

Ի յաւելումը նշւած իրաւական փաստերի, Ադրբեջանի Հանրապետութիւնը տեխնիկապէս արժանի կողմ չէ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովը հիւրընկալելու համար: Այդ երկրի պետական ​​վիճակագրական կոմիտէի զեկոյցի համաձայն՝ 2022 թւականին Բաքւի եւ Աբշերոնի թերակղզու հիւրանոցների ու հիւրատների մահճակալների թիւը կազմել է 24696։ Պարզ չէ, թէ ինչպէս Բաքուն կը կարողանայ հիւրընկալել 80 հազար մարդու COP29-ի ընթացքում, նոյնիսկ եթէ ներառելու լինի օլիպմիական աւանի համարները:

Փաստն այն է, որ ՄԱԿ-ի ու նրա յարակից կառոյցների ֆինանսաւորումը  կարող է որոշ երկրներին տալ բոնուսային հնարաւորութիւն, նոյնիսկ եթէ նրանց դէմ կայ  Կանոնադրութիւնը խախտելու յստակ արձանագրութիւն՝  նաւթային եկամուտների հաշւին ժողովուրդների իրաւունքների խախտման փաստերի  անտեսմամբ:

Related Articles

Back to top button