Դաշնակցական Բեմ

Սա հարթակ է, որով կարող ենք առաջ տանել հայկական շահերն ու ներկայացնել հայկական խնդիրները

Շատ դժւար իրավիճակ է մեզ համար ստեղծում Փաշինեանի կառավարութիւնը

Սոցիալիստ երիտասարդների միջազգային միութեան (International Union of Socialist Youth – IUSY/ԸԵՄՄ) նոր գլխաւոր քարտուղար է ընտրւել ՀՅԴ անդամ, IUSY-ի նախկին փոխնախագահ Սարինէ Աբրահամեանը: Hraparak.am-ը մի քանի հարց է ուղղել նրան:

Այս միութիւնն ինչպիսի՞ հնարաւորութիւններ է տալիս։

– Այն ամենամեծ քաղաքական միութիւնն է, ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական, աշխատաւորական կուսակցութիւնների երիտթեւեր, եւ ուսանողական միութիւններ, տարբեր կազմակերպութիւններ։ Սա շատ կարեւոր եւ մեծ հարթակ է։ Կան մայր կուսակցութիւնների երիտթեւերի մասնաճիւղեր, որոնք ղեկավարում են երկրներ՝ Գերմանիան, Իսպանիան, Նոր Զելանդիան եւ այլն, որոշ երկրներում նաեւ ընդդիմութիւն են։ IUSY-ին մի ճանապարհ է, որը հնարաւորութիւն է տալիս մարդկանց կամ իրենց երկրներում, կամ միջազգային ասպարէզում դառնալ քաղաքական գործիչներ։ Օրինակ, նախկին նախագահը դարձաւ Նոր Զելանդիայի վարչապետ, Իտալիայից ունենք գլխաւոր քարտուղարներ, որ յետոյ ստանձնել են արտգործնախարարի պաշտօն, վերջին երկու գլխաւոր քարտուղարները հիմա Եւրոպայի խորհրդարանի պատգամաւորներ են։ Սա շատ կարեւոր հարթակ է, ստեղծում եւ մեզ համար շատ կարեւոր կապեր, որոնք մենք կարող ենք օգտագործել մեզ համար՝ մեր հայութեան համար կարեւոր խնդիրներ լուծելու, Հայ Դատի հարցերն առաջ քաշելու համար։ Նաեւ առիթ է հանդիսանում, որ ապագայում կարողանաս ինչ-որ կարեւոր պաշտօններ ստանձնել: Օրինակ, այսօրւայ Գերմանիայի կանցլեր Շոլցը ժամանակին եղել է IUSY-ի փոխնախագահը։

Անդրադառնանք թուրքադրբեջանական քարոզչութեանը, որին ականատես էք լինում նաեւ այդ կառոյցում։

– Ունենք մէկ անդամ կազմակերպութիւն Թուրքիայից եւ մէկ դիտորդ անդամ կազմակերպութիւն։ Մէկը Կարօ Փայլանի կազմակերպութիւնն է, որը բաւականին պրօհայակական եւ պրոքրդական կազմակերպութիւն է, իսկ միւսը քեմալիստական կազմակերպութիւն է, բայց իրենք իրենց համարում են Թուրքիայում ձախակողմեան, առաջադէմ կուսակցութիւն։ Անցեալ Կոնգրեսին իրենք դիմում ներկայացրեցին՝ դիտորդ-անդամ դառնալու համար։ Տարիներ շարունակ մենք աշխատանք էինք տարել ու հասել նրան, որ IUSY-ում կոնկրետ ստանդարտներ լինեն, այսինքն, անդամակցել ցանկացողները պէտք է ընդունեն Հայոց Ցեղասպանութեան փաստն ու հայերին հատուցման անհրաժեշտութիւնը, դա բանաձեւով յստակօրէն ամրագրւած է։ Բացի դրանից վերջին պատերազմի ժամանակ եղաւ յստակ յայտարարութիւն, բանաձեւեր ընդունւեցին, որ IUSY-ին ճանաչում է Արցախի Հանրապետութիւնը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։ Երբ որ քեմալիստները ցանկացան դառնալ լիիրաւ անդամ, մենք հետաքրքրւեցինք Արցախի եւ Ցեղասպանութեան շուրջ։ Նրանք չկարողացան բաւարարող պատասխան-դիրքորոշում ներկայացնել, եւ այդ առումով ամբողջ IUSY-ին չընդունեց, որ նրանք դառնան լիիրաւ անդամ։

Իսկ ընդհանուր առմամբ թուրքադրբեջանական տանդեմի քարոզչական աշխատանքն ինչպէ՞ս էք գնահատում։

– Շատ յստակ, շատ ուժեղ է իրենց քարոզչամեքենան աշխատում մեր դէմ եւ ունեն տարբեր ռեսուրսներ, ինչը ցաւօք, մենք չունենք։ Մենք հայկական պետական միջոցներ չունենք․ «Հայ Դատի» գրասենեակներն ու յանձնախմբերը դա անում են սեփական միջոցներով եւ այդ քարոզչամեքենայի դէմ փորձում են պայքարել։ Երեւի տեսած կը լինէք, որ Caliber.az-ը իբրեւ թէ հայկական մաֆիայի ցանց էր հրապարակել, որը COP29-ի վարկանիշն է փորձում գցել, փորձում է ամէն ինչ անել, որ Արդբեջանին սեւացնի։ Այսինքն, մենք մեր բոլոր ուժերով ամէն ինչ անում ենք՝ միջազգային հանրութեանը ներկայացնելու համար այն, ինչ կայ, նաեւ հասարակական կարծիք ձեւաւորենք, որ COP29-ի համար ճիշտ եւ տրամաբանական ընտրութիւն չի Ադրբեջանը։ Փորձում ենք ներկայացնել, որ աւտորիտար երկիր է, որ այնտեղ իրենց քաղաքացիները ազատութիւններ չունեն։ Փորձում ենք հասարակական կարծիք ձեւաւորել։ Ես եւ ՀՅԴ Երիտասարդականը IUSY-ի եւ այլ կազմակերպութիւնների մակարդակով, որոնց անդամակցում ենք, բոլոր այդ հարթակներում փորձել ենք եւ բաւականին յաջող է եղել։ Այս կազմակերպութիւններն ունեն շատ յստակ արժէքներ եւ սկզբունքներ, որ պետութիւնները պէտք է լինեն ժողովրդավար, ազգերը պիտի ինքնորոշւելու հնարաւորութիւն ունենան, պետութիւնները պէտք է կարողանան իրենց քաղաքացիների շահերը պաշտպանել՝ հաւասարութիւն, ազատութիւն եւ պաշտպանութիւն լինի։ Բայց հեշտութեամբ չի լինի, կան թուրքամէտ կազմակերպութիւններ, իրենք էլ իրենց կապերն ունեն, աշխատանքները ունեն: Օրինակ, գերմանացիների հետ շատ հզօր կապեր ունեն, ուզում եմ ասել, որ շատ հեշտութեամբ չի լինում, սակայն շատ յստակ ռազմավարութիւն ունենք այս ամէնի նկատմամբ, որ կարողանում ենք յաջողացնել այս աշխատանքը։

ՀՀ ներկայ իշխանութիւնների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Ցեղասպանութեան ճանաչման օրակարգից հրաժարւելը, քաղաքական այս գիծն ի՞նչ դեր են խաղում։

– Այսօր դա ամենամեծ խանգարիչ հանգամանքն է։ Եթէ մենք միջազգային մեր գործընկերներին ասում ենք, որ պէտք է պայքարենք Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի իրաւունքի համար, պէտք է պայքարենք, որ իրենք ինքնորոշւելու, իրենց կամքն արտայայտելու հնարաւորութիւն ունենան։ Մեզ էլ ասում են՝ լաւ էք անում, որ պայքարում էք, մենք էլ կիսում ենք ձեր երկրի արժէքները, բայց ձեր երկրի կառավարութիւնն ասում է լրիւ հակառակը; Շատ դժւար վիճակի մէջ է մեզ դնում այս կառավարութեան մօտեցումը, դիրքորոշումը։ Բայց միւս կողմից մենք նաեւ ներկայացնում ենք, որ սա ազգի, երկրի քաղաքացիների կամքը չի, որ դրսեւորւում է։ Մենք ներկայացնում ենք, թէ ինչպէս է Փաշինեանն իր կամքը ներկայացնում, պարտադրում, առանց ժողովրդի կարծիքը հաշւի առնելու։ 2022-ին բաւականին ուժեղ յայտարարութիւն ընդունւեց IUSY-ի կողմից, երբ քարոզարշաւի ժամանակ Փաշինեանը յայտարարել էր, որ հայ ժողովրդի, արցախցիների կամքն է յարգելու եւ անելու է այն, ինչ հայ ժողովուրդն է իրեն ասելու, յետոյ տեսանք, որ արեց դրա հակառակը։ Մենք ներկայացնում ենք, որ նա պոպուլիստ է, իսկ IUSY-ին նաեւ պոպուլիստ շարժումների դէմ է պայքարում։ Մենք ասում ենք, որ չի լսում ժողովրդին, չի լսում ընդդիմութեանը, կոալիցիա չունի։ Այս ամէնը մտահոգիչ զարգացումներ են ժողովրդավար կազմակերպութիւնների համար եւ դրա համար յստակ քննադատւում է։ IUSY-ի կողմից երկու շատ հզոր յայտարարութիւններ ենք ունեցել, որոնք քննադատում էին Փաշինեանին ու կոչ անում յարգել ժողովրդի կամքը, դատապարտւեց մայիսին ոստիկանական ուժերի կողմից բիրտ ուժի կիրառումը, IUSY-ին յայտարարեց, որ մարդկանց սեփական դիրքորոշումն արտայայտելու իրաւունքը պէտք է յարգել, իրենց բողոքն արտայայտելու իրաւունքը պէտք է յարգել, լսելի դարձնել մարդկանց ձայնը՝ եթէ ժողովրդավար պետութիւն են։ Երբ որ ցուցարարների վրայ ռումբեր էին նետւում, դա նոյնպէս քննադատւել է։ IUSY-ին յստակ սկզբունքներ ունի եւ այդ առումով մենք կարողանում ենք այս բոլոր հարցերը բարձրացնել։

Related Articles

Back to top button