Սուրէն Սուրէնեանց. «Ալիեւը Փաշինեանին կը փրկի՝ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու պայմանով»
Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրենց քաղաքական օրակարգում պահել Հայաստանի սուվերեն տարածքով՝ Սիւնիքով միջանցք եւ ոչ թէ ճանապարհ ստանալու հարցը՝ ի հեճուկս պաշտօնական Երեւանի կողմից՝ միջանցքային տրամաբանութիւնը մերժող յայտարարութիւնների։
Հերթական անգամ Սիւնիքով միջանցք ստանալու մասին է խօսել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմէթ Հաջիեւը՝ շեշտելով, որ Հայաստանից պահանջում են ճանապարհ՝ անխոչընդոտ, առանց սահմանային եւ մաքսային վերահսկողութեան, Ադրբեջանը Նախիջեւանին կապելու նպատակով։
«Մենք ակնկալում ենք սահմանային ու մաքսային վերահսկողութեան չեղարկում միայն Ադրբեջանից Նախիջեւան տեղափոխւող բեռների համար»,- ասել է Ալիեւի օգնականը՝ առաջարկելով դիտարկել Կալինինգրադի տարբերակը։
Թուրքիայից եւս այս շաբաթ խօսեցին «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման մասին։
Այդ երկրի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլղադեր Ուրալօղլուն յայտարարեց, որ այդ նախագծի աշխատանքը սկսւած է եւ կաւարտւի 2028 թւականին։
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցութեան նախագահ Սուրէն Սուրէնեանցն Արցախն Ադրբեջանին յանձնած Հայաստանի իշխանութեանը հարց ուղղեց՝ եթէ այս ամենի առաջ էիք Հայաստանը կանգնեցնելու, այդ դէպքում ինչո՞ւ զոհաբերեցիք Արցախը։
«Ինչո՞ւ գնացիք նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան չեղարկմանը, ռուսական ազդեցութեան թուլացման համար ուրացաք Արցախը, որ հիմա Սիւնիքի հարցը քննարկէ՞ք։ Ադրբեջանը մեզ առաջարկում է Կալինինգրադի մոդելը, իսկ դա նշանակում է, որ ինչպէս Կալինինգրադում ապրողն է առանց մաքսային եւ սահմանային վերահսկողութեան գնում Ռուսաստան եւ՝ հակառակը, այնպէս էլ Ադրբեջանն է ուզում առանց մաքսային հսկողութեան երթեւեկել Հայաստանով դէպի Նախիջեւան։ Լաւ, եթէ, ի վերջոյ, յանգելու էիք այս լուծմանը, ինչո՞ւ զոհաբերեցիք Արցախը, չէ՞ որ Արցախը զոհաբերելուց ասում էիք՝ դա արեցիք, որ փրկէք Սիւնիքը»,- ասաց Սուրէնեանցը։
Նրա խօսքով՝ հաշւի առնելով աշխարհի տարբեր կենտրոններում 2024 թւականին կայանալիք ընտրութիւնները, պարզ է դառնում, որ այդ կենտրոնների ուշադրութիւնը Հարաւային Կովկասից շեղւելուն զուգընթաց՝ Ալիեւը կանցնի հաշւարկւած քայլերի Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ, իսկ դրան ի պատասխան՝ Հայաստանի այս իշխանութիւնը չի ձեռնարկի որեւէ դիմադրող քայլ, աւելին՝ Փաշինեանը կը գնայ Ալիեւի պահանջների բաւարարմանը։
«Ադրբեջանին յարմար ռեժիմով՝ անխոչընդոտ, Փաշինեանը ճանապարհ կը տայ Ալիեւին։ Նա Ալիեւի ցուցումով կը փոխի նաեւ Հայաստանի Սահմանադրութիւնը, եւ պատահական չէ, որ մեր պետութեան ամենակարեւոր ինստիտուտների դէմ ոտնձգութիւն կատարեց՝ արգելելով եթեր հեռարձակել Վեհափառի ուղերձը։
3-րդ Հանրապետութեան Անկախութեան Հռչակագիրը պէտք է փոխի եւ ՀՀ Սահմանադրութեան նախաբանը՝ հրաժարւելով 1988 թւականի քաղաքակրթական հէնքից։ Ալիեւը երբ ասում է, որ ռեւանշ չպէտք է լինի, դա նշանակում է, որ այնպիսի փոփոխութիւնների պէտք է ենթարկւի Հայաստանի Հանրապետութիւնը, որ նոր եկած իշխանութիւնը դրանով կաշկանդւած լինի։ Եթէ Փաշինեանը չեղարկում է Անկախութեան Հռչակագիրը, դա նշանակում է՝ լեգիտիմութիւնից դուրս է դնում 3-րդ Հանրապետութեան պատմական շրջանը, ինչից յետոյ Ալիեւը կասկածի տակ է դնելու այդ հանրապետութեան 29800 քառակուսի կիլոմետր տարածքը։ Չկայ հանրապետութիւն, չկայ դրա տարածքը, ուստի, հէնց Անկախութեան Հռչակագիրը չեղարկւեց, Հայաստանը չի ունենայ սահմաններ, հետեւաբար՝ Փաշինեանը Հայաստանի պետականութեան գերեզմանափորի ֆունկցիան է կատարում։ Փաշինեանն այդ հարցում ունի միայն մի մարդու երաշխիքը՝ դա Ալիեւն է, որը Փաշինեանին կը փրկի՝ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ճանապարհով»,- ասաց Սուրէն Սուրէնեանցը։