Հայաստան - Արցախ

Գառնիկ Դանիէլեան. «Այն հատւածներում, որտեղ սահմանագծում եւ սահմանազատում է իրականացւել, Ադրբեջանը ստացել է առաւելութիւն՝ թիրախի տակ առնելով հայկական բնակավայրերը»

«ԱԼԻՔ» – Այն հատւածներում, որտեղ սահմանագծում եւ սահմանազատում է իրականացւել, Ադրբեջանը ստացել է առաւելութիւն՝ թիրախի տակ առնելով հայկական բնակավայրերը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը.

«Սիւնիք կատարած մեր եռօրեայ այցի ընթացքում արձանագրել ենք բազմաթիւ խնդիրներ, որոնց հակիրճ անդրադարձ կը կատարեմ։

Դեռեւս ամիսներ առաջ բարձրաձայնել էի, որ Մեղրիում փակւում են կամ պարզապէս բացակայում են պետական հաստատութիւնները՝ Առաջին ատեանի դատարանը, Պետական եկամուտների կոմիտէի մասնաճիւղը, Կադաստրի կոմիտէի ստորաբաժանումը, նոտարական գրասենեակը, հիւանդանոցը, դիահերձարանը։

Ինքներս ականատես եղանք, որ այս հաստատութիւնների բացակայութիւնը լրջագոյն խնդիրներ է առաջացնում մեղրեցիների կեանքում։

Պէտք է արձանագրել նաեւ, որ Սիւնիքում խայտառակ վիճակում են ճանապարհները։ Իշխանամերձ շրջանակներին պատկանող ընկերութիւնները հարկատուների հաշւին տարւայ մէջ մի քանի անգամ անորակ ասֆալտապատում են իրականացնում, սակայն ռազմավարական նշանակութեան ճանապարհներ բազմաթիւ տեղերում մնում են դժւարանցանելի տարւայ բոլոր եղանակներին:

Այդուհանդերձ, բոլորիս համար առաջնային է մնում անվտանգութեան խնդիրը։

Այն հատւածներում, որտեղ, այսպէս կոչւած՝ սահմանագծում եւ սահմանազատում է իրականացւել, թշնամին ստացել է առաւելութիւն՝ թիրախի տակ առնելով հայկական բնակավայրերը։

Սա փաստում է այն մասին, որ Հայաստանի այլ հատւածներում այս գործընթացը իրականացնելու դէպքում, որը ոչ այլ ինչ է, քան միակողմանի զիջում, նոյն վիճակում են յայտնւելու ՀՀ միւս մարզերն ու բնակավայրերը։

Այս ամէնի արդիւնքում, թշնամու ուղիղ թիրախի տակ են յայտնւել Ներքին Հանդ, Շուռնուխ, Կապան բնակավայրերը։

Գիւղերի պատշգամբներից դիտարկւում են թշնամու դրօշակները։ Բազում հայկական գերեզմաններ յայտնւել են ադրբեջանցիների վերահսկողութեան ներքոյ։

Ներքին Հանդ, Դաւիթ Բէկ գիւղերում առաջնային է նաեւ անասնապահութեան խնդիրը. արօտավայրերի մեծ մասը անցել է թշնամուն, եւ անասնապահութիւնը դարձել է անհնար։

Չնայած բազմաթիւ խնդիրներին, կուզեմ խօսել նաեւ դրականի՝ սիւնեցու աննկուն ոգու մասին։

Ես տեսայ խիզախ, անկոտրուն եւ մեծ ներուժ ունեցող մարդկանց, որոնց շնորհիւ մենք յաղթահարելու ենք բոլոր խոչընդոտներն ու յաղթելու ենք այս պայքարում»,- գրել  է նա։

Related Articles

Back to top button