Բագրատ Սրբազան. «Պետականութեան մասին խօսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի»
«ԱԼԻՔ» – «Պետականութեան մասին խօսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի. մենք, որ ապրում էինք այդ պետականութեան ծնունդով ու երազանքով, իրենք չկային»: Այս մասին երէկ՝ մայիսի 22-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում, մայիսի 22-ի օրն ամփոփելիս յայտարարել է Բագրատ Սրբազանն՝ անդրադարնալով Նիկոլ Փաշինեանի կողմից շատ յաճախ յիշատակւող Պապ թագաւորի պատմութեանը։
«Պապ թագաւորը բացարձակ կապ չունի ո՛չ իր հետ, ոչ էլ իր պատկերացրած պետութեան հետ։ Փաշինեանն անընդհատ կորցրել է, մենք էլ՝ հետը։
Անկախ նրանից, թէ ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագաւորը Հայաստանի սահմաններն է գծել գոնէ, կարողացել է Ձիրաւի ճակատամարտը յաղթել։ Ինքն ի՞նչ է արել. մեզ բոլորիս աղէտի է մատնել, մարդկանց դժբախտացրել է։
Ա՞յդ է Պապ թագաւորը։ Այդպիսի Պապ թագաւորը վաղուց մեռել է եւ ասեմ՝ յարութիւն էլ չի առնելու։
Երկրորդը՝ պետականութեան մասին խօսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ Ինքը պատահականութեան ծնունդ է, ոչ թէ պետականութեան երաշխաւոր, եւ այն էլ՝ դրւած պատահականութեան։
Պետականութիւնն այս օրը հասցնողն իրենք են։ Մենք, որ ապրում էինք այդ պետականութեան ծնունդով ու երազանքով, իրենք չկային։ Ընդամէնը ժամանակներ յետոյ մի թերթի՝ դեղին մամուլի խմբագիր էր»,- ասել է Սրբազանը։
Երկու օր է՝ կեանքը եռում է խորհրդարանում. մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են
Բագրատ Սրբազանը նաեւ անդրադարձել է ՀՀ ԱԺ վերջին երկու օրւայ նիստերին, որտեղ ՔՊ-ական պատգամաւորների կողմից քննարկւող գլխաւոր թեման «Տաւուշն յանուն հայրենիքի» շարժումն է:
«Երկու օր է՝ կեանքը եռում է խորհրդարանում։ Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են։ Այդ ամբիոնը դարձել է կաթսայ»,- ասել է Սրբազանը՝ յաւելելով՝ խօսում են՝ իրար հերթ չտալով, «միգուցէ՝ սթափութեան պակասի ներքոյ գտնւելով»։
ՔՊ-ականների վարքագծի առնչութեամբ Սրբազանը նշել է. «Պետութեան թիւ մէկ ամբիոնը դարձել է մարդկանց ամենավերջին խօսքերն ասելու պատւանդան:Սա պետութեան տեսք չէ։ Մանաւանդ, որ խօսում ես նրա մասին, ով դիմացդ կանգնած չէ։ Փաստօրէն՝ թիկունքից խօսել է նշանակում, տեսախցիկների առջեւ առիւծ կտրել է նշանակում։ Ամօթ է»,- ասել է Սրբազանը։