ԻրանՔաղաքական

Քարոզարշաւի երկրորդ խաղակէսը. Խաղից դուրս վիճա՞կ թէ՝ ամէն գնով քւէ պոկելու տակտիկան

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ֆուտբոլային կէսգիշերներով համեմւած նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլի նախօրէին, ընտրարշաւի թէժացումը պայմանաւորւած է նաեւ թեկնածուների կողմից միմեանց դարպասներին ուղարկած գնդակներով: Խփել գոլ՝ ամէն գնով. նոյնիսկ սեփական դարպասին, միայն թէ գոլ խփել: Իսկ, եթէ աւելի յստակ, ապա քարոզարշաւային ժամանակաշրջանին յատուկ, խոստումների ու (ինքնա)քննադատութիւնների ստւերում  բուն դրած ռազմավարութիւնը բերել նրան, որ  հնարաւոր բոլոր քայլերին դիմելով ամէն գնով պէտք է փորձել քւէ պոկել դիմացինից, կամ դեռ չկողմնորոշւած զանգւածից:

Այսքանից յետոյ նշենք, որ յաջորդ պարբերութիւնով ներկայացւած գրութիւնը բառացի թարգմանութիւնն է հասարակութեան հեռախօսահամարներին յղւած թեկնածուներից մէկի կարճ հաղորդագրութեան, որը, մասնաւորապէս, ուղղւած է ազգային-կրօնական խմբերին ու համայնքներին:

«Երաշխաւորում եմ՝

որ էթնիկ խմբերի եւ կրօնների մտաւորականները կարող են նպաստել երկրի կառավարմանը եւ կարեւոր որոշոմների կայացմանը (բնագրում՝ խնդիրների լուծմանը)։

Մենք միասին կը յաղթահարենք այս դժւարին ճանապարհը»։

Տւեալ հաղորդագրութիւնը արդէն իսկ բոլորին, չափահաս թէ անչափահաս, հասանելի է երէկւանից, որի ներքեւում կայ նաեւ բարեկարգչականների հովանաւորած թեկնածուի անունը:

Նոյն կապակցութեամբ Իրանի ամբողջականութեան եւ միասնութեան կոչով բազմիցս հանդէս եկած մտաւորականներից Էհսան Մովահեդիանը գրառում է հրապարակել իր վարած սոցիալական ցանցերի բոլոր հարթակներում, որտեղ նշւած է. «Եւ սա տեղեկատւական հաղորդագրութիւն էր, որն ուղարկւել է Փեզեշքիանի կողմից: Նա եւ իր խորհրդատուները փորձում են էթնիկ եւ կրօնական խտրականութիւնը ներկայացնել, որպես Իրանի տեղքայլի պատճառ, միաժամանակ ատելութեան եւ քաոսի սերմեր ցանելով երկրում:

Պարոնայք, եթէ Իրանում ազգամիջեան խտրականութիւն լինէր, Ձերդ Գերազանցութիւնը չէր կարող առաջադրւել որպէս նախագահութեան թեկնածու, կամ էլ խորհրդարանում ժողովրդի գործերով զբաղւելու փոխարէն առաւօտեան անարգել սպորտով չէիք զբաղւելու:

Նման յայտարարութիւններն աւելի շուտ որոշ հարեւան երկրներին ուրախացնելու համար են ասւած»:

Մէկ այլ օգտատէր, յայտնի լրագրող-մեկնաբան Մոհամմադ Մոթլաղն իր հերթական թւիթ-ռէշթուում գրել է.  «Չակերտեալ խռովքի ու առճակատումների այս օրերին եւս մէկ անգամ ուշադիր լսէք նախկին ռեժիմի Ջաֆար Ամուզեգարի կառավարութեան տեղեկատւութեան եւ զբօսաշրջութեան նախարարի, եւ մամուլի խօսնակ Դարիւշ Հոմաիւնի հարցազրոյցը։

Ա-Ջալիլիի դիսկուրսը քաղաքական փակուղի են անւանում: Սակայն ամէն գնով փորձ է արւում թաքցնել այն փաստը, որ դիմացի մայթում հաւաքւած խմբի խօսոյթը ոչ թէ տանելու է դէպի ժողովրդավարութիւնն, այլ Իրանի «քայքայում»։

Բ-Որպէս մէկը, ով իր տւած քւէով մօտ է եղել բարեփոխիչների բազային եւ քւէարկել է Խաթամիի, Ռոհանիի եւ Միր Հոսէյնի օգտին, այսօր ստիպւած եմ ասել, որ յարգում եմ բոյկոտողներին։ Բայց այս անգամ ես կը քւէարկեմ Ջալիլիի օգտին, Իրանի օգտին:

 Գ-Կարող է հարց ծագել, որ միթէ՞ ես Փեզեշքիանին անջատողական եմ համարում: Միանշանակ՝ ո՛չ: Սակայն նա երկու պարզ պատճառներով տանելու է դրան:

Առաջին. նա նոյնիսկ ճիշտ չի ընկալել պարլամենտով հաստատածը եւ ելոյթներում «մայրենիի ուսուցումը» ներկայացնում է՝ «մայրենիով կրթութիւն»:

Այնպէս, որ այս պարզամիտ, պատւախնդիր, բայց թերուս անձը դառնալու է պանթուրքիզմի Տրոյական ձին, որով  ի յայտ են գալու խռովութեան կայծերը Արեւմտեան Ատրպատականում։

Երկրորդ. ոչ պակաս կարեւոր է տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան անգլիական ձեւաչափով գերակայութիւնը Թուրքիայի եւ Բաքւի համագործակցութեամբ, որի նկրտումներից զերծ չէ նաեւ այս հողի՝ (Իրան) ապագան, իսկ այդ նպատակին այժմ հետեւում են «որոշ» բարեփոխիչ դէմքեր, որոնք պատրաստ են յանուն Փեզեշքիանի կոկորդ պատռել»:

Առաւել ուշագրւ է գրառմանը պատասխանողների տրամաբանութիւնը: Օգտատէրերից մէկի դիտարկմանը, թէ «դուք միայն ասում էք, որ գիտէք Փեզեշքիանի մուտքը մեծ քաղաքականութիւն վտանգաւոր է: Իմ կարծիքով՝ պանթուրքիզմը լուրջ վտանգ է, յատկապէս մեր երկրի համար։ Սակայն Փեզեշքիանի մասով հարցը կարծես թէ փոքր-ինչ ուռճացւած է…» Մոհամմադ Մոթլաղը պատասխանել է, հետեւեալ փաստերի մասին յիշեցնելով. «Խորհրդարանում թուրքերի խմբակցութիւն (ֆրակցիա) կազմողը, տեղական լրատւամիջոցների հետ զրոյցում՝ «Թեհրանից թող մեր փոխարէն որոշումներ չընդունեն» ասողը, Հանրապետութեան պաշտօնական լեզուն չճանաչողը, ով առանց վարանելու ասում է, որ իմ երեխաներին թոյլ չեմ տւել խօսել պարսկերէն, նա, ում շտաբի պետը պաշտօնական ​​նամակում Նաղադէն Սոլդուզ, իսկ Միանդոաբը՝ Ղոշաչայ է գրում գիտակցաբար թէ անգիտակցաբար բորբոքելով քրդերի կրքերը, նա, ով հպարտանում է Սալմասի իր աշխատակազմի ղեկավարով, ով քանդել է տւել Ֆերդուսիի արձանը: Նա, ում երիտասարդական շտաբի ղեկավարն ասում է, որ բարեբախտաբար պարսկական ռասիզմի խորհրդանիշ Ֆերդուսիի արձանը հաւաքել է տւել Մաքուից, նա, ով չի ցանկանում ստորագրել Էրդողանին դատապարտող յայտարարութիւնը Իրանի դէմ ծաղկացրած «ոտանաւորից» յետոյ, միաժամանակ շուրջ 60 այլ պատգամաւորների յորդորելով չստորագրել այն: Նա, ում ընտրւելու համար Բաքւի եւ Թուրքիայի լրատւամիջոցները պաշտօնապէս դարձել են քարոզչութեան շտաբ, եւ նա, ում աջակցում է Բրենդա Շեֆերը…

Մէկ այլ օգտատէր մեկնաբանութիւնների բաժնում առաւել ուշագրաւ գրառում է տեղադրել, որտեղ նշւած (մէջբերման կարգով միայն) «Մի կէտ, որի վրայ ուշադրութիւն չի դարձւում, «թրքախօսերի ֆրակցիա»-ի եւ իբր «թուրքական աշխարհ» գաղափարի տարածման համաժամանակ լինելն է: Այս շարժումները ինքնաբուխ չէին եւ տեղի ունեցան թուրքական աշխարհի գաղափարի, թուրքական իսլամի, թուրքական ՆԱՏՕ-ի, Թուրքիայի Թուրանի միջանցքի եւ Ատրպատականի մասով Բաքւի լկտի պնդումների հետ միաժամանակ»։

Related Articles

Back to top button