Պուտինը ստորագրել է ՌԴ նոր միջուկային դոկտրինը
«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրով հաստատել է երկրի նոր միջուկային դոկտրինը, որը սահմանում է միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի նորացւած պետական քաղաքականութեան հիմքերը: Հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Թարմացւած դոկտրինում ընդլայնւել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց չէզոքացման համար թոյլատրելի է միջուկային զէնքի կիրառումը։ Դոկտրինում ասւում է, որ միջուկային զէնքը ամենավերջին, ծայրայեղ եւ հարկադրւած միջոց է երկրի ինքնիշխանութիւնը պաշտպանելու համար: Սակայն նոր ռազմական սպառնալիքների եւ ռիսկերի պատճառով Ռուսաստանը պէտք է յստակեցնէր դրա օգտագործումը թոյլատրող պարամետրերը։
Հրամանագիրն ընդլայնում է պետութիւնների եւ ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դէմ իրականացւում է միջուկային զսպում։ Այսպիսով, ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետութեան կողմից, բայց միջուկային երկրի մասնակցութեամբ կամ աջակցութեամբ, կը համարւի նրանց համատեղ յարձակում Ռուսաստանի վրայ։
Միջուկային պատասխանը հնարաւոր է նաեւ սովորական սպառազինութեամբ Ռուսաստանի ինքնիշխանութեանը սպառնացող կրիտիկական սպառնալիքի կամ որպէս Միութենական պետութեան անդամ Բելառուսի վրայ յարձակման դէպքում:
Միջուկային զէնքի կիրառման միւս պայմանները ներառում են՝ հակառակորդի կողմից միջուկային եւ զանգւածային ոչնչացման այլ զէնքերի օգտագործումը Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների տարածքներում, ինչպէս նաև նրա սահմաններից դուրս գտնւող երկրի ռազմական կազմաւորումների եւ օբիեկտների վրայ:
Դոկտրինի թարմացւած տարբերակն առաջին անգամ սահմանում է «պոտենցիալ թշնամի» եզրոյթը. դա նշանակում է «առանձին պետութիւններ եւ ռազմական կոալիցիաներ (բլոկներ, դաշինքներ), որոնք Ռուսաստանի Դաշնութիւնը համարում են պոտենցիալ թշնամի եւ ունեն միջուկային եւ (կամ) զանգւածային ոչնչացման այլ տեսակի զէնքեր։
Հրամանագիրը սահմանում է Ռուսաստանի համար ռազմական վտանգներ, որոնք կարող են վերածւել ռազմական սպառնալիքի՝ կախւած ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրավիճակի փոփոխութիւններից։ Տւեալ դէպքում այն չէզոքացնելու համար «իրականացւում է միջուկային զսպում»։