ՄԱԿ-ի գրասենեակում անցկացւեց «Արցախը՝ դէպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատւութեան» խորագրով տեղեկատւական միջոցառումը
ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհուրդը 2023 թւականի նոյեմբերի 14-ին Ժնեւում հիւրընկալել էր «Արցախը՝ դէպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատւութեան» խորագրով տեղեկատւական միջոցառումը (side event), որը կազմակերպւել էր Հայ Օգնութեան միութեան (ՀՕՄ) կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ:
Միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թւում փորձագէտների, պետական պատւիրակութիւնների, փաստաբանների եւ այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրաւունքների այն խախտումներին եւ ցեղասպան գործողութիւններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրականացւել են Ադրբեջանի կողմից՝ Արցախի, Հայաստանի եւ առհասարակ հայութեան դէմ՝ յանգեցրելով Արցախի աւելի քան 100․000 բնիկ հայ բնակչութեան տեղահանման, հումանիտար ճգնաժամի եւ Արցախի Հանրապետութեան ղեկավարութեան կալանաւորման։ Քննարկման նպատակն էր բացայայտել Ադրբեջանի կողմից ձեռնարկւած գործողութիւնների համար պատասխանատւութեան ենթարկման հնարաւոր ուղիները:
Միջոցառման ընթացքում, ոլորտային բազմափորձ բանախօսները մանրամասն ներկայացրել են Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների զանգւածային խախտումները՝ տրամադրելով անհրաժեշտ փաստական տեղեկատւութիւն։
Մասնաւորապէս.
Արցախի Հանրապետութեան նախկին պետնախարար եւ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարեանը կիսւել է տեղահանութեան եւ տառապանքի անձնական ցաւալի փորձով, ընդգծել պատերազմների եւ իննամսեայ շրջափակման ու սովի հետեւանքով արցախցիների ապրած դժւարութիւնները։ Նա ընդգծել է Ադրբեջանի կողմից կատարւած յանցագործութիւնների համար Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու եւ Արցախի բնիկ հայ բնակչութեան իրաւունքների վերականգնման կարեւորութիւնը։
Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ, պրոֆեսոր Լուիս Մորենօ Օկամպօն պնդել է` հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողութիւնները համապատասխանում են «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնւենցիայի 2Ա, 2Բ, 2Գ յօդւածի պահանջներին, եւ որ Ադրբեջանի իշխանութիւնները միտումնաւոր չեն կանխել ցեղասպանութիւնը, որը պետութեան գլխաւոր պարտականութիւններից է՝ համաձայն համապատասխան կոնւենցիայի: Նա նաեւ քննադատել է միջազգային հանրութեանը ցեղասպանութիւնը չկանխելու եւ այն շարունակապէս ժխտելու համար։
Ցեղասպանութեան կանխարգելման «Լեմկին»-ի ինստիտուտի համահիմնադիր եւ իրաւական հարցերով տնօրէն Իռէն Վիկտորիա Մասիմինօն իր ելոյթի ժամանակ ուշադրութեան է հրաւիրել «Լեմկին»-ի ինստիտուտի կողմից հրապարակւած տարբեր ահազանգերի եւ վաղ նախազգուշացման զեկոյցների վրայ, որոնք յստակօրէն ցոյց են տւել ցեղասպանութեան 10 փուլերի ընթացքը: Տիկին Մասիմինօն ընդգծել է Ադրբեջանի կողմից կատարւած յանցագործութիւնների ճշգրիտ պիտակաւորման անհրաժեշտութիւնը՝ դրանց նկարագրման համար օգտագործելով օրինական ճանաչում ունեցող տերմիններ։ Եզրափակիչ խօսքում նա ընդգծել է պատասխանատւութեան եւ արդարութեան կարեւորութիւնը՝ պնդելով, որ իրական խաղաղութիւնը հնարաւոր չէ առանց նման վայրագութիւնների համար պատասխանատւութեան:
Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) «Հաւատքի եւ կարգի» ծրագրի ղեկավար Անի Ղազարեան-Դրիսին կարեւորել է ԵՀԽ-ի կողմից ձեռնարկւող շահերի պաշտպանութեան եւ իրազեկման նախաձեռնութիւնները: Նա ընդգծել է կազմակերպութեան ջանքերը՝ ուշադրութեան հրաւիրելու Արցախում շարունակւող ողբերգութիւններին եւ բովանդակալից երկխօսութեան միջոցով հակամարտութիւնների կարգաւորման գործում նրա դերին: Դոկտոր Ղազարեան-Դրիսին յատուկ նշել է, որ ԵՀԽ-ի ուշադրութեան կենտրոնում են մշակութային ժառանգութեան եւ քրիստոնէական քաղաքակրթութեան պահպանութեան, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահւող Արցախի ղեկավարութեան եւ այլ անձանց ազատ արձակման հրամայականները:
Հանդիպումը վարում էր իրաւագիտութեան դոկտոր Գէորգ Յակոբջեանը, ով «Հայկական իրաւական կենտրոն»-ի խորհրդի անդամ է եւ ՀՕՄ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհրդում։
Յիշեալ միջոցառման ընթացքում յաջողութեամբ անցկացւել է բովանդակալից քննարկում, ինչը ներկաներին թոյլ է տւել արժէքաւոր պատկերացումներ ձեռք բերել Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ: Քննարկումները կարեւոր էին Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելուն ուղղւած շարունակական ջանքերի տեսանկիւնից:
Հայ Օգնութեան միութիւնը հաւատարիմ է օգնութեան, արդարութեան իր առաքելութեանը, ինչի վկայութիւնն էր նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում կազմակերպւած այս ազդեցիկ միջոցառումը, որը կազմակերպիչների, բանախօսների եւ ներկաների՝ կարեւորագոյն խնդիրների լուծման եւ Արցախի վերականգնման շուրջ նւիրւածութեան վկայութիւնն էր։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
16.11.2023 թ.
Arfd.am