Հայաստան - Արցախ

Վարդան Օսկանեան. «Արցախցիներն ունեն վերադարձի եւ ինքնորոշման իրաւունք»

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանեանը «Ֆէյսբուք»-եան գրառմամբ պնդում է, որ պէտք է ձգտել Արցախից տեղահանւած հայերի վերադարձի եւ ինքնորոշման իրաւունքի իրացմանը։

«- 1998-2008 թթ․ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը ներկայացրել է Արցախի ժողովրդի վերադարձի եւ ինքնորոշման իրաւունքի վերաբերեալ իր մտքերը.

– 2023-ի մեծ մասի ընթացքում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բռնութիւնները եւ զրկանքները ստիպեցին ԼՂ գրեթէ բոլոր հայերին էթնիկ զտումների կամ ցեղասպանութեան սպառնալիքի ներքոյ բռնի տեղահանւել։

– Թէեւ ներկայում Լեռնային Ղարաբաղում ստեղծւած իրավիճակը նպաստաւոր չէ անվտանգ վերադարձի համար, միջազգային իրաւունքը նախատեսում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որոնք լքել են իրենց տները, իրաւունք ունեն վերադառնալու իրենց բնակավայրերը։

– Ի լրումն կամաւոր վերադարձի իրաւունքի՝ ինքնորոշման սկզբունքի համաձայն, բոլոր ժողովուրդները, որոնք ունեն պատշաճ ինքնութիւն եւ կապւած են որոշակի տարածքի հետ, իրաւունք ունեն ժողովրդավարական ձեւով հաւաքականօրէն որոշելու իրենց քաղաքական ճակատագիրը եւ զերծ մնալու համակարգւած հետապնդումներից:

– Հաշւի առնելով Արցախի հայերի յստակ բնութագիրը եւ ծագման տարածք վերադառնալու իրաւունքը՝ նրանք ունեն ներքին ինքնորոշման իրաւունք: Լեռնային Ղարաբաղ վերադառնալուց յետոյ, ինքնորոշման սկզբունքի համաձայն, նրանք պէտք է կարողանան, ինչպէս սահմանում է Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագիրը, «Առանց արտաքին միջամտութեան […] ազատ որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը եւ հետամուտ լինելու իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացմանը»:

– Լեռնային Ղարաբաղի «կորուստը» ամենեւին էլ վերջնական եզրակացութիւն չէ։ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը, որը ժամանակաւորապէս Հայաստանում է, մնում է ժողովրդի կողմից ընտրւած օրինական մարմին, որը պահպանում եւ արտայայտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը եւ երաշխաւորում նրանց իրաւունքների եւ շահերի ժողովրդավարական եւ քաղաքական ներկայացման շարունակականութիւնը:

– Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը պէտք է կոչ անի Հայաստանի կառավարութեանը նախաձեռնութիւն ստանձնելու Ադրբեջանի հետ բանակցութիւններում իրենց վերադարձի եւ ինքնորոշման իրաւունքը հետապնդելու հարցում։

– Զուգահեռաբար, խորհրդարանը կարող է ընտրել միջազգային կոմիտէ, որն օժտւած կը լինի բանակցութիւններ վարելու, շահերի պաշտպանութեան եւ լաբբինգով զբաղւելու իրաւասութեամբ՝ նպատակ ունենալով հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալուն, ինչպէս նաեւ ինքնորոշման իրաւունքին եւ միջազգային համաժողովներում ներկայացնելով Լեռնային Ղարաբաղը ու կոմիտէին տալով ներկայացուցչական կարգավիճակ միջազգային ատեաններում»,- գրել է Վարդան Օսկանեանը։

Գրառման վերջում նախկին արտգործնախարարը ներկայացրել է վաշինգտոնեան «Public International Law & Policy Group» խորհրդատւական կազմակերպութեան պատրաստած զեկոյցը, որը վերնագրւած է «Լեռնային Ղարաբաղ․ փախստականների վերադարձի իրաւունքը»։

168.am

Related Articles

Back to top button