Գառնիկ Դանիէլեան. «Այն, ինչը որ այս իշխանութիւնների հետ են անում, իրենք էլ նոյն կերպ վերաբերւում են սահմանապահ գիւղերի հետ»
«ԱԼԻՔ» – «Սա նրա համար չէ, որ Սրբազանին բերենք վարչապետ սարքենք, սա նրա համար չէ, որ Գառնիկ Դանիէլեանը գայ, ինչ-որ պաշտօն զբաղեցնի։ Ես ինքնաբաւ մարդ եմ, իմ կեանքով սրանից առաջ էլ եմ ապրել, սրանից յետոյ էլ եմ պատրաստւում առհասարակ լրիւ ուրիշ բանով զբաղւել։ Իմ խնդիրը չէ, ոչ էլ Սրբազանի, սա բոլորիս խնդիրն է եւ բոլորիս սրտացաւ մասնակցութիւնն ու աջակցութիւնը շատ կարեւոր է։ Ունե՞նք անփորձութիւն, իհարկէ ունենք։ Մեր հետեւում չեն կանգնած աշխարհաքաղաքական կենտրոններ։ Հիւսիսից ու հարաւից աջակցութիւն չունենք»։ Այս մասին «Press Կենտրոն» հաղորդման ժամանակ նշել է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։ Նա հաստատել է, որ ամէն ինչ իրենց պլանաւորածի համաձայն չի ընթացել, որովհետեւ եթէ այդպէս լինէր, Փաշինեանն այսօր իշխանութեան չէր լինի։
Նա ներկայացրել է շարժման ձեւաւորման ու ընդլայնման ընթացքը։ Խօսելով մայիսի 9-ի մեծ հանրահաւաքին մասնակցած մարդկանց մասին, Դանիէլեանը հաստատեց, որ դրանց մեծ մասը պատրաստ չէին զանազան անհնազանդութեան ակցիաներ իրականացնել։ «Ակտիւ ակցիաների փուլում մենք զգացինք, որ այն խաւը, որը պատրաստ է գալ հրապարակ եւ աջակցութիւն յայտնել, պատրաստ չէ ակցիաներ իրականացնել»։ Ըննդիմադիր պատգամաւորն ուշադրութիւն յայտնեց ՔՊ-ական մի պատգամաւորի այն յայտարարութեան վրայ, որով սպառնում էր ժողովրդին, որ եթէ ԱԺ ներխուժելու փորձ անեն, նրանց վրայ կը կրակեն։ Դանիէլեանը դա համեմատեց 2018-ի հետ, երբ ներխուժում էին ռադիոտուն, բայց ոչ մէկը չկրակեց ու բռնութեան չենթարկեց։
Զրոյցի ընթացքում Դանիէլեանը խօսել է իմպիչմենթի գործընթացի մասին, պատասխանել պատգամաւորական մանդատների օգտակար լինել-չլինելու եւ շարժման վրայ ազդեցութեան մասին հարցին։
Խօսելով Շարժման վերադասաւորման եւ նոր փուլ մտնելու մասին՝ Դանիէլեանը մտահոգութիւն է յայտնել, որ երկարաժամկէտ պայքարի դէպքում ռիսկերը նոյնպէս կարող են աւելանալ, հակաքարոզչութիւնը կարող է լայն թափ ստանալ, սակայն պէտք է վերակազմակերպւել, որպէսզի ոլորտային խմբերն իրենց անելիքն իմանան ու շարունակեն պայքարը։
Շարժման անդամները այցելելու են մարզեր, մասնաւորապէս՝ այն վայրեր, որտեղ վտանգները շատ են։ Դանիէլեանի տեղեկութիւններով՝ Տիգրանաշէնում եւս սկսւել են մտահոգիչ գործընթացներ։ «Այն, ինչը որ Կիրանցում է արւում, փորձում են իրականացնել նաեւ Տիգրանաշէնում։ Այսինքն՝ գումարով․․․ Ես ենթադրում եմ՝ այն, ինչը որ իրենց հետ անում են՝ այս իշխանութիւնների հետ, իրենք նոյն կերպ վերաբերւում են սահմանապահ գիւղերի հետ»։
Դանիէլեանն անընդունելի է համարել Փաշինեանի հետ ընտրութեան գնալը, քանի որ նա ընդունակ է ամէն ինչի, սակայն նա պայքարի ընթացքում տարբեր գործընթացները չի բացառել, այդ թւում՝ վարչապետի ընդունելի թեկնածոյով ու ուժերը մէկտեղելով ընտրութիւններին մասնակցութիւնը, բայց առանց Փաշինեանի։