Վահէ Դաւթեան. «Հայաստանը շարունակում է դուրս մնալ խոշոր միջազգային ծրագրերից»

«ԱԼԻՔ» – Էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանը գրել է.
«Օրերս Վրաստանի կառավարութեան եւ ԱՄԷ-ի խոշորագոյն դեւելոփերական ընկերութիւններից մէկի՝ Emaar Properties/Eagle Hills-ի միջեւ 6 մլրդ. դոլարի ներդրումների վերաբերեալ համաձայնագրի ստորագրումը հետապնդում է թէ՛ կոմերցիոն, թէ՛ աշխարհաքաղաքական նպատակներ։
Վրաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպէս տարածաշրջանային տրանսպորտային հանգոյց եւ մեծացնել իր գրաւչութիւնը միջազգային կապիտալի համար։
Ակնկալւում է, որ նոր ներդրումային ծրագիրը ոչ միայն կարդիականացնի Թբիլիսիի, Բաթումիի եւ Գոնիոյի ենթակառուցւածքային համակարգը, այլեւ կը նպաստի աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսութեան ակտիւացմանն ու կայունութեան բարձրացմանը։
Մինչ Թբիլիսին հաստատում է իր կարգավիճակը որպէս տարածաշրջանի ներդրումային կենտրոն, Երեւանը մնում է ստւերում՝ օտարերկրեայ կապիտալի համեմատաբար ցածր ներհոսքով։
Այսպէս, 2023 թ. ուղղակի օտարերկրեայ ներդրումների զուտ ներհոսքը նախորդ տարւայ համեմատ 2,3 անգամ նւազել է՝ կազմելով 443 մլն. դոլար։ Ակնյայտ միտում է դարձել Հայաստանից բաժնետիրական կապիտալի արտահոսքը, ինչը յանգեցրել է բաժնետիրական կապիտալի զուտ ֆինանսական պարտաւորութիւնների 335 մլն. դոլարով նւազմանը։ Այս գործընթացը բացասաբար է ազդել նաեւ վերաներդրւած կապիտալի վրայ, որը կրճատւել է 200 մլն. դոլարից աւելի։
ԱՄԷ-ից ներդրումների առումով խոշորագոյն գործարքը դեռեւս մնում է Masdar ընկերութեան եւ Հայաստանի պետական շահերի հիմնադրամի (լուծարւել է ֆինանսական խախտումների պատճառով) միջեւ կնքւած պայմանագիրը՝ 300 մլն. դոլար արժողութեամբ արեւային էլեկտրակայան կառուցելու վերաբերեալ։ Սակայն այս ծրագիրը տարիներ շարունակ հետաձգւում է։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է դուրս մնալ խոշոր միջազգային ծրագրերից, իսկ պետական քաղաքականութիւնը ներդրումների ներգրաւման ոլորտում մնում է ֆրագմենտար ու չհամակարգւած։ Դա նաեւ հետեւանք է յստակ արտաքին քաղաքականութեան բացակայութեան։
Ակնյայտ է, որ վրացա-արաբական գործարքը նաեւ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի։ ԱՄԷ-ի ներդրումներն առեւտրային եւ տրանսպորտային ենթակառուցւածքների մէջ կարող են հաւասարակշռել Սեւծովեան տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցութիւնը։ Դա, իր հերթին, համապատասխանում է ԱՄԷ-ի շահերին՝ միջազգային տրանսպորտային միջանցքներում իր դիրքերը ուժեղացնելու եւ Հարաւային Կովկասից քաղցրահամ ջրի մատակարարումները զարգացնելու առումով»։