Կարէն Քոչարեան. «Ադրբեջանը հասկացնում է, որ չի կնքելու «խաղաղութեան պայմանագիրը»»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանը ամէն անգամ պահանջ է աւելացնում՝ հասկացնելով, որ չի կնքելու «խաղաղութեան պայմանագիրը», որը մուրում են արդէն քանի տարի է այս իշխանութիւնները։ Բազմիցս այս իշխանութիւններին զգուշացրել են, որ նրանք չեն կնքելու դա, նրանց ձեռ չի տալիս դա, դու էդպէս չես կարա հասնես խաղաղութեան։ Բոլորս ենք ուզում, որ լինի խաղաղութիւն, բայց այդպէս չի լինելու։ Այսինքն հիմա հասկացւում է, որ եթէ դու սա ասես՝ սա եմ ասելու, յետոյ դու սրան համաձայնւես՝ սա եմ ասելու։ Թէեւ ասում են ընդամէնը 2 կէտ չի համաձայնեցւել, բայց եթէ էդ 2 կէտին համաձայնւեն, շատ արագ կը դառնայ 12 կէտ»։ Այս մասին երէկ` մարտի 11-ին, մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարել է քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը։
Քաղտեխնոլոգն անդրադառնալով տարածաշջանում ծաւալւող աշխարհաքաղաքական զարգացումներին` նշել է, որ դրանք այս պահին ՀՀ գործող իշխանութիւնների դէմ են. «Աշխարհաքաղաքական իրավիճակն այս պահին իշխանութեան դէմ է, բայց մենք տեսնում ենք՝ ինչ արագ է ամէն ինչ փոխւում, եւ ինչ կը լինի, օրինակ, 15 օր յետոյ, մի ամիս յետոյ, էլ չեմ ասում 2-3 ամիս յետոյ ոչ ոք չի կարող ասել։ Ընդդիմութեան առնւազն մի հատւածը պատրաստւում է փողոցային պայքարի այս գարնանը։ Կը լինի դա, չի լինի՝ ես չեմ կարող ասել»,- ասել է նա` յաւելելով, որ անվտանգութեան առումով, եթէ Հայաստանից խօսենք, որեւէ անվտանգութեան մասին չի կարելի խօսել, որովհետեւ չկայ որեւէ անվտանգային համակարգ։
«Ազգային ժողովի նախագահը 3 տարի յետոյ որոշեց, որ այսօր (մարտի 11-ԽՄԲ.) յայտարարի, որ մինչեւ մայիս Կապանում կը բացւի Ռուսաստանի հիւպատոսութիւնը։ Չգիտես ինչու որոշոցին նոր դա ասել։ Ենթադրւում է, որ աշխարհում տեղի ունեցող այս գործընթացների հետեւանքով այս իշխանութիւնները մնացել են լրիւ անտէր՝ աշխարհաքաղաքական առումով, եւ փորձում են հիմա նորից ռուսների հետ սիլի-բիլի անեն։ Դա նկատւում է նաեւ արեւմտեան ուժերի ռեակցիայից, որոնք երկար ժամանակ այս իշխանութեան յենարաններից մէկն էին, հիմա ամենաուժեղ քննադատողներն են»,- ասել է նա։