Հայաստան - Արցախ

Հայաստանում համակարգային կոռուպցիա կայ

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայութեան վերաբերեալ վերջին օրերին հնչած յայտարարութիւններին ու գնահատականներին.

Հայաստանում համակարգային կոռուպցիա կայ, կայ՝ կոռուպցիա

Չորս օր առաջ՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրոյցում Արդարադատութեան նորանշանակ նախարար Սրբուհի Գալեանը հետեւեալ յայտարարութիւնն արեց. «Ես վստահ եմ, որ Հայաստանում, այս պահի դրութեամբ, համակարգային կոռուպցիա չկայ, պէտք է ժողովրդին ճիշտ հասցէագրել, թէ որն է համակարգային կոռուպցիան»:

Այս յայտարարութիւնից ընդամէնը մէկ օր յետոյ՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների /ՔՀԿ/ հակակոռուպցիոն կոալիցիան Հայաստանում կոռուպցիայի դէմ պայքարի առնչութեամբ յայտարարութիւն տարածեց, ուր, ի թիւս այլ մտահոգիչ գնահատականների, արձանագրւել է հետեւեալ փաստը.

«Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի տւեալների, 2021-2023 թթ. ընթացքում Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթւի (CPI) ցուցանիշը տատանւել է 46-49 միաւորի միջակայքում, ինչը 4-1 միաւորով ցածր է համակարգային կոռուպցիայի առկայութիւնը բացառող 50 միաւոր շեմից։ Ըստ միջազգային հակակոռուպցիոն փորձագիտական հանրութեան գնահատականների, 50 միաւորից ցածր ցուցանիշը վկայում է տւեալ երկրում համակարգային կոռուպցիայի առկայութեան մասին: Այս փաստը եւս մէկ անգամ հաստատում է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռեւս յաղթահարւած չէ»։

Ի դէպ, ապօրինի ծագում ունեցող գոյքի բռնագանձման ինստիտուտը հանրային ընկալումներում որպէս համակարգային կոռուպցիայի դէմ պայքարի հիմնական գործիք մատուցող եւ պոպուլիստական դիւիդենտներ կորզող իշխանութիւնները շրջանցում են հետեւեալ շատ կարեւոր իրողութիւնը, կամ յանցաւոր դիտաւորութեամբ աչք են փակում դրա վրայ։

Դեռեւս 2022 թ. դեկտեմբերի 19-ին Վենետիկի յանձնաժողովն, անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի դիմումին, խորհրդատւական կարծիք է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գոյքի բռնագանձման մասին» ՀՀ օրէնքի սահմանադրականութեան վերաբերեալ։

Անցել է երկու տարի, սակայն, ՀՀ ՍԴ-ն, առանց սոյն հարցի առնչութեամբ որոշում կայացնելու, կասեցրել է գործի վարոյթը։

Եւ այս փաստը արգելք չի հանդիսացել, որ առանց իրաւական յստակեցման եւ ՍԴ կողմից օրէնքի սահմանադրականութեան հարցի վերջնական լուծման, ՀՀ հակակոռուպցիոն դատարանները շարունակեն ապօրինի ծագում ունեցող գոյքի բռնագանձման հայցեր քննել եւ վճիռներ կայացնել։

Թէ սրանք իրաւական ինչ հետեւանքների կարող են յանգեցնել, յուսով եմ, որ պատկերացնում են գլխաւոր դատախազի տեղակալի պաշտօնից Արդարադատութեան նախարար նշանակւած Սրբուհի Գալեանն ու «ժողովրդավարութեան բաստիոն» կառուցող ՔՊ-ական վերնախաւը։

Բայց, ինչպէս ասում են՝ «show must go on». ժողջանի ականջներին հաճոյ են տեսարանները, սուտը, եւ երկրի համար այս օրհասական պահին դեմոնիզացիայի հերթական տեսարաններով անհրաժեշտ է խլացնել ու շեղել իրական օրակարգերը։

Յ.Գ.- Եւ, այնուամենայնիւ, անկարելի է մի երկրում խօսել համակարգային կոռուպցիայի վերացման մասին, երբ ՔՊ -ն՝ հաւաքական գրոհով ԱԺ-ում, բառիս բուն իմաստով. նւաստացրեց ու հոգեբանական կեղեքման ենթարկեց Հակակոռուպցիոն կոմիտէի նախագահի այն թեկնածուին, ով համարձակութիւն ունեցաւ ակնարկել, որ ՔՊ-ից հեռախօսային արդարադատութեան ազդակներ է ստացել։
Ամբիոնի մօտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում…։

Related Articles

Back to top button