Դաշնակցական ԲեմՀայաստան - Արցախ

Ալէն Սիմոնեանը դուրս է եկել ՀՀ-ի դէմ

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր

 

1․ ՀՀ Ազգային անվտանգութեան ռազմավարութիւն, ընդունւել է Ալէն Սիմոնեանի իշխանութեան օրօք՝ 2020 թ. յուլիսին:

«Հայաստանի Հանրապետութիւնը Արցախի հայութեան անվտանգութեան եւ ազատութեան երաշխաւորն է: ….Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչումը՝ առանց որեւէ սահմանափակման: ….Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանութիւնը բարձրագոյն արժէք է: ….Արցախի հարցի կարգաւորման բանակցային գործընթացի նպատակը պէտք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգութեան համար մղւած Արցախեան ազատամարտի արդիւնքների պաշտպանութիւնը: Բանակցութիւնների արդիւնքում Հայաստանի եւ Արցախի կառավարութիւնների համար ընդունելի համարւած որեւէ լուծում կարող է ընդունելի դիտւել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հաւանութեան դէպքում»։

2․ ՔՊ նախընտրական ծրագիր, ներկայացրել է Ալէն Սիմոնեանի իշխանութիւնը՝ 2021 թ. յունիսին, ինչի հիման վրայ էլ վերստին ՀՀ քաղաքացիները քւէարկել են, եւ ՔՊ-ն վերստին ստանձնել է երկրի ղեկավարման գործառոյթը:

«ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

– 44-օրեայ պատերազմի արդիւնքում Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախի Հանրապետութիւնը մեծ կորուստներ են կրել: Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան հազարաւոր քաղաքացիներ զոհաբերել են իրենց կեանքը յանուն սեփական հայրենիքի եւ ժողովրդի անվտանգութեան ու բարօրութեան:

– …Մօտակայ տարիներին մեր գլխաւոր խնդիրը պէտք է լինի աղէտալի պատերազմի հետեւանքների վերացումը, ինչպէս նաեւ Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովումն ու Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ եւ համապարփակ կարգաւորումը՝ հիմնւած Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրայ, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտութիւնից։

– …Ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի լիարժէք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական յստակեցման տեսքով՝ առաջնորդւելով «Անջատում յանուն փրկութեան» սկզբունքով: «Անջատում յանուն փրկութեան» սկզբունքն իրաւունք է տալիս ժողովուրդներին ինչպէս անջատւել որեւէ պետութիւնից, երբ առկայ է խտրականութեան, մարդու իրաւունքների լայնածաւալ խախտումների կամ ցեղասպանութեան ռիսկ, այնպէս էլ բացառում է միացումը մի պետութեան հետ, եթէ միաւորումը բերելու է վերը նշւած հետեւանքներին։

– …Հայաստանի Հանրապետութիւնը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ: Խորացնելու ենք համագործակցութիւնը Արցախի հետ անվտանգային եւ ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակութիւն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանութեան բանակի վերակառուցման ու արդիւնաւէտութեան բարձրացման գործընթացում:

– …Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթութիւններից է լինելու այն տարածքների դէօկուպացիան, որի վրայ ինքնորոշւել է Արցախի ժողովուրդը, նախեւառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողութեան ներքոյ՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարաւորութիւն կը տայ տեղահանւած անձանց վերադառնալ իրենց տները»:

3․ ՀՀ Կառավարութեան ծրագիր (2021-2026 թթ..), ընդունւել է Ալէն Սիմոնեանի իշխանութեան օրօք՝ 2021 թ. օգոստոսին:

«-Առաջիկայ տարիներին Կառավարութեան գլխաւոր խնդիրը պէտք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգութեան ապահովումն ու Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգաւորումը։ Ղարաբաղեան հիմնախնդրի վերջնական կարգաւորումը Կառավարութիւնը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ներքոյ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի յստակեցմամբ՝ յայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թւում՝ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ:

– Արցախի յետպատերազմեան վերականգնումը, տնտեսական կեանքի աշխուժացումը, տեղահանւած բնակչութեան սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրօնական ժառանգութեան պահպանումը լինելու են Կառավարութեան ուշադրութեան կենտրոնում: Ջանք չի խնայւելու Արցախում արժանապատիւ եւ բարեկեցիկ կեանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարութիւնը հասնելու է Արցախի իշխանութիւնների հետ համագործակցութեան խորացման, ինչպէս նաեւ Արցախի հետ գործակցութեան նոր ձեւաչափերի ստեղծման միջոցով:

– Հայաստանի Հանրապետութիւնը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ…»:

4․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ծրագիր, ընդունւել է 2022 թ. հոկտեմբերի 29-ին Երեւանում տեղի ունեցած 6-րդ, հերթական համաժողովում:

«Կուսակցութիւնը որդեգրում է ԼՂ հիմնախնդրի կարգաւորման նոր տեսլական: Ըստ այդմ, եթէ նախկինում առաջնահերթութիւն էր դիտարկւում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնայ արցախահայութեան իրաւունքների եւ անվտանգութեան երաշխիքը, այժմ առաջնահերթութիւն են դիտւում արցախահայութեան անվտանգութիւնն ու իրաւունքները, եւ դրանց երաշխիքների համակարգից է բխեցւում անհրաժեշտ կարգավիճակը: Այդ համակարգը պիտի երաշխաւորի, որ ԼՂ հայերը ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի եւ արցախցի: Հարցի կարգաւորման որեւէ ծրագրի իրագործում հնարաւոր է միայն ԼՂ ներգրաււածութեամբ»։

5․ Ի դէպ, ՀՀ կառավարութիւնը 2023 թ. դեկտեմբերի 25-ին ընդունել է որոշում, որով փոփոխութեան է ենթարկել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2021 թ.  նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2021-2026 թւականների գործունէութեան միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը: Նշեալ որոշման յաւելւածները շարադրւել են նոր խմբագրութեամբ, որտեղ կառավարութեան 2021-2026 թթ. միջոցառումների՝ Արցախին վերաբերող մասերը պայմանականօրէն բաժանւել են 2 ժամանակափուլի` 2021 – 2023 եւ 2024-2026 թւականների:

Սա ԱՆԹՈՅԼԱՏՐԵԼԻ, ՅԱՆՑԱՒՈՐ արարք է: Կառավարութեան գործունէութեան միջոցառումների ծրագիրը կառավարութեան որոշմամբ փոփոխելիս այն չպէտք է հակասի մայր փաստաթղթին՝ Կառավարութեան ծրագրին: Այնինչ, Փաշինեանի կառավարութիւնը Արցախի մասով 2024-2026 թւականների համար ներկայացրել է բոլորովին նոր մօտեցումներ, քայլեր ու ծրագրեր, անգամ՝ տերմինալոգիան է փոխւած: Այսպէս, միջոցառումների փոփոխւած ծրագրի 2024-2026 թթ. սիւնակներում այլեւս գոյութիւն չունեն «Արցախի իշխանութիւն», «ԵԱՀԿ Մինսկի խումբ» եւ այլ տերմինները, գոյութիւն չունի նաեւ «Արցախ» անւանումը: Փոխարէնը կայ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ (անգամ հայ բառը չի նշւում), ԼՂ-ից տեղահանւածներ եւ այլն:

Նման դէպքում պէտք է Փաշինեանի կառավարութիւնը հրաժարական տար, լուծարւէր Ազգային ժողովը, այդ խմբակը ներկայացնէր նոր նախընտրական ծրագիր, ստանար իշխանութիւն ձեւաւորելու մանդատ, ձեւաւորէր նոր կառավարութիւն, ներկայացնէր նոր ծրագիր, այն հաստատւէր, եւ նոր իրաւունք ստանար ներկայացնելու սեփական քիմքին հաճոյ՝ նոր շարադրմամբ միջոցառումների ծրագիր:

Այլապէս՝ ծիծաղելի է. նախընտրական շրջանում՝ ընտրողներին, այնուհետեւ ԱԺ-ին ներկայացնել մի ծրագիր, իսկ յետոյ իրականացնել վաղօրօք պլանաւորւած յանցաւոր գործողութիւն, այն է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, այն յանձնել թշնամուն եւ օպերացիայի բարեյաջող աւարտից յետոյ վերցնել ու կառավարութեան գործունէութեան միջոցառումների ծրագիրը յարմարեցնել հետագայ յանցաւոր նպատակներին ու գործողութիւններին:

6․ Ալէն Սիմոնեանը, իբրեւ ԱԺ փոխնախագահ, 2020 թ. մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական համապետական ընտրութիւնների ժամանակ գլխաւորել է ՀՀ Ազգային ժողովի դիտորդական առաքելութիւնը, շրջել  տարբեր ընտրատեղամասերով, որոնք ընդգրկել են Արցախի ամբողջ տարածքը, այցելել Արցախի բոլոր շրջաններ եւ ամփոփիչ ասուլիսին ընտրութիւնները գնահատել դրական։

7․ Ալէն Սիմոնեանը ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի նախագահը: ԳՈՐԾՈՂ յանձնաժողով, որը գործելու է տւեալ ԱԺ գումարման ողջ ընթացքում: Այսինքն, յանձնաժողովը լուծարելու համար պէտք է լուծարւի նաեւ ԱԺ-ն, եւ քանի դեռ Ալէն Սիմոնեանն այս գումարման ԱԺ նախագահն է, նա պարտաւոր է իրականացնել իր ստանձնած գործառոյթը, այն է՝ գումարել յանձնաժողովի նիստեր:  

Անել նման յայտարարութիւններ, այն է՝ «Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտօնեայ այլեւս գոյութիւն չունի, եւ նման կարգավիճակ ՀՀ-ում այլեւս ոչ ոք չունի», «ՀՀ-ում Արցախի ներկայացուցչութեան շէնքի իմաստն էլ պէտք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շէնքը այլեւս չպէտք է նման բաներին ծառայի», «Ինձ համար Լեռնային Ղարաբաղի նախագահ եզրոյթ գոյութիւն չունի», զուտ իրաւականօրէն կարելի է անել մի դէպքում, երբ  ՉԵՂԱՐԿՒԱԾ ԼԻՆԵԻՆ ՎԵՐՈՆՇԵԱԼ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՒ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՒԱԿԱՐԳԱՒՈՐՈՒՄՆԵՐԸ: Բայց ինչպէս նշեցինք, դրանք կան եւ գործում են:

Ալէն Սիմոնեանը իր յայտարարութիւններն անելիս յղում է անում Արցախի նախագահի՝ Արցախի լուծարման մասին այդպէս էլ անյայտ եւ Ադրբեջանի կողմից իրականացւող ցեղասպանութեան պայմաններում ստորագրւած հրամանագրին: Փաստենք, որ նոյն Արցախի պաշտօնեաները հետագայում յայտարարել են, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլեւս գոյութիւն չունի, եւ որ դրա համար հիմք է հանդիսանում Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարութեան անդամները, դատաւորները, մարդու իրաւունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգութեան խորհրդի քարտուղարը, իրաւապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտօնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրութեան։ Շահրամանեանի այդ հրամանագրում նաեւ նշւում է, որ 2023 թւականի հոկտեմբերի 1-ից յետոյ Արցախի Հանրապետութեան անունից տրւող փաստաթղթերը վաւերական են:

Գործող իրաւակարգաւորումների եւ փաստաթղթերի պայմաններում անել նման յայտարարութիւններ, արդեօ՞ք չի նշանակում. 

խաբել 2021 թ. ՔՊ-ին ընտրած քաղաքացիներին,

վերազանցել սեփական լիազօրութիւնները,

դէմ դուրս գալ պետութեան որդեգրած ուղուն,

կրկնօրինակել թշնամուն:

Յ. Գ. – Հայաստանի Հանրապետութեան Քրէական օրէնսգիրք.

«Յօդւած 418. Պետական դաւաճանութիւն

  1. Պետական դաւաճանութիւնը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսութիւնը, օտարերկրեայ պետութեանը, օտարերկրեայ կամ միջազգային կազմակերպութեանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկութիւն յանձնելը կամ այդ տեղեկութեանը նշւած անձանց ծանօթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունէութիւն իրականացնելու համար այլ օգնութիւն ցոյց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, տարածքային անձեռնմխելիութեան կամ արտաքին անվտանգութեան՝ պատժւում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկէտով, կամ ցմահ ազատազրկմամբ»:

Related Articles

Back to top button