Էդւարդ Շարմազանով. «Արցախի ներկայացուցիչներից շէնքը վերցնում էք, տաք ադրբեջանական «Սոկարի՞ն», թէ՞ թուրքերին»
Ղարաբաղ եզրոյթ իր համար այլեւս գոյութիւն չունի, ուստի պէտք է լուծարել Արցախի Ազգային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի համատեղ միջխորհրդարանական յանձնաժողովի ֆորմատը։
«Ես կարծում եմ, որ այդ ֆորմատը պէտք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլեւս իրաւազօր չէ եւ չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր»,- խորհրդարանում նիստի մեկնարկին ասաց Սիմոնեանը՝ նախ ընդգծելով՝ «լա՛ւ են արել», որ ստորագրել են Արցախն Ալիեւին նւիրելու վերաբերեալ Պրահայի փաստաթուղթը, ապա յաւելեց՝ ժամանակն է, որ քննարկւի Արցախի ներկայացուցչութեան շէնքի հարցը՝ չբացառելով, որ շէնքը կարող են վերցնել Արցախի ներկայացուցչութիւնից։
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարը ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովից հետաքրքրւել է՝ ո՞րն է ադրբեջանցիների պէս Արցախի էջը փակելու ալենսիմոնեանական դիրքորոշման պատճառը եւ ինչո՞ւ են նրա պահանջները համընկնում ադրբեջանական պահանջների հետ։
«Այդ անձը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակն՝ իրենց ղեկավարով, սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը եւ որեւէ կապ չունեն Արցախի եւ Հայաստանի շահի հետ։ Ձեր կողմից մէջբերւած խօսքերը եւս մէկ անգամ ապացուցում են մեր՝ տարիներ տեւող պնդումները, որ իրենք հայկական շահի հետ կապ չունեն։ Ինձ համար զարմանալի բան չկայ. նրանք իրենց քաղաքական հաւատամք են ընտրել անսկզբունքայնութիւնը։
Հիմա նման բան են ասում մարդիկ, որոնք նուռը ձեռքներին սելֆիներ էին անում իրենց ասած Ակնայում, մեզ քննադատում էին փոխզիջումների համար։ Ի՞նչ էք սպասում մի «քաղաքական» ուժից, որն իր կոտրած ձեռքով ստորագրել է Պրահայի փաստաթութը, որով Արցախը մտել է Ադրբեջանի կազմի մէջ,- ասաց Շարմազանովը՝ այդ քայլը լաւ արարք համարողներին հարցնելով,- բա որ լաւ էք արել, 5000 զոհ ինչո՞ւ տւեցիք, իսկ կարո՞ղ է յաջորդիւ էլ ասէք՝ լաւ ենք արել, որ 5000 զոհ ենք տւել»։
Ինչ վերաբերում է Արցախի ներկայացուցչութեան շէնքը փակելու կամ վերցնելու իշխանական պատրաստակամութեանը, ապա ՀՀԿ ԳՄ անդամը չի բացառել, որ այդ շէնքն արցախցիներից կարող են վերցնել ու յատկացել թուրքերին կամ ադրբեջանցիներին։
«Շէնքը կը վերցնեն, կամ Թուրքիայի, կամ Ադրբեջանի ներկայացուցչութիւն կը բացեն, կամ կը տան ադրբեջանական «Սոկար» ընկերութեանը»,- մտահոգութիւն է հնչեցրել Շարմազանովը։