Դաշնակցական Բեմ

ՓՐԿՈՒԹԵԱՆ ՄԻԱԿ ԵԼՔԸ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

Ա – ԻՐԱՎԻՃԱԿ

1. Սոյն թւականի սեպտեմբերի 7-ին, Երեւանում կայացած «Դէպի կայուն եւ երկարաժամկէտ խաղաղութիւն» պանելային խորհրդաժողովում, որն նախաձեռնել էին «Սրբազան պայքարի» պատասխանատուները, եւս մէկ անգամ ու առաւել հանգամանալից քննարկւեց, բարձրաձայնւեց ու արձանագրւեց ՀՀ-ի առջեւ դրւած ներուժ ու ներգործուն բոլոր կարգի սպառնալիքներն ու վտանգները։

2. Քննարկման բոլոր հեղինակները մասնագիտական բովանդակալից ելոյթներում ճշգրիտ ախտորոշումներ արձանագրելով, ներկայացրին ՀՀ-ի ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին անհեռանկար ու վտանգաւոր իրավիճակների իրատեսական պատկերը՝ ազգային, պետական եւ առհասարակ համազգային մասշտաբներում…։

3. Մէկ խօսքով՝ Խորհրդաժողովը փաստեց, որ առկայ իրողութիւնների պայմաններում «Կայուն ու երկարաժամկէտ խաղաղութիւնը» լոկ մի ցնորք է ու խաբկանք։ Աւելին՝ քննարկումները ապացուցում էին, որ նոյնիսկ մօտակայ ժամանակահատւածներում կապիտուլիանտ իշխանութիւնը յանո՜ւն նոյն իշխանութեան պահպանման պատրաստւում է թուրք-ադրբեջանական դաշինքի օգտին անարժանապատիւ նոր զիջումների՝ մինչեւ իսկ ի հաշիւ Հայաստանի Սահմանադրութեամբ ամրագրւած ազգային ու պետական անխախտելի հիմունքների…։

4. Արտաքին ճակատի իրական սպառնալիքն ու վտանգը, սակայն, ինչպէսեւ բազմիցս ասւել ու արձանագրւել է եւ նոյն Խորհրդաժողովում էլ շեշտաւորւեց, դա՝ Սիւնիքի կորուստն է, այսինքն՝ Հայաստանի Հանրապետութեան եւ հայոց պետականութեան մէկանգամընդմիշտ կործանումը։ Այստեղ, սակայն, քաղաքական հազւադէպ դրական բախտը վիճակւել է Հայաստանին ու հայութեանը, քանզի Սիւնիքի կորուստը ամենեւին համատեղելի չէ մեր միակ յուսալի հարեւան՝ Իրանի ազգային ու պետական շահերի հետ։

5. Այդուհանդերձ՝ միայնակ է հայութիւնը մեծագոյն այդ սպառնալիքի առջեւ, իսկ տւեալ դէպքում նրա միակ շահակից՝ Իրանի տարածաշրջանային մղումների դէմ-յանդիման են հաւասարապէս թէ՛ թուրք-ադրբեջանական տանդեմը, եւ թէ՛ հաւաքական արեւմուտքը՝ ՆԱՏՕ-ական, սիոնիստական ու առաւել եւս անգլոսաքսոնական դիմագծերով։ Իսկ արդէն նոյն այս հակա-Իրան ջրաղացին ջուր լցնելու իր կայսերապաշտական կարօտախտով վերստին տառապելու յայտ է ներկայացնում, ինչքան էլ զաւեշտալի՝ նաեւ ռուսական գործօնը, երեւի՜ ուկրաինական թնջուկի կորուստները մեղմելու մտօք…։

Բ – ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Ահաւասիկ, յարգելի ընթերցող, արդէն քաներորդ անգամ այս վերջին աւելի քան 6 տարիների երկայնքում ասւել, զգուշացւել, բարձրաձայնւել ու ախտորոշւել են Հայաստանի ու հայութեան գերազանցապէս գոյութեան դէմ դրւած սպառնալիքների մասին, որի թիւ 1 պատասխանատուները նոյնինքն ՀՀ իշխանութիւնը զաւթած բախտախնդիրներն են։ Նրանք գործիքը դարձան աշխարհի ուժային կենտրոոնների հակաարցախեան եւ բնականաբար՝ հակահայաստանեան սցենարների կեանքի կոչմանը։ Այդ խաբեբայ անհայրենիքները սկզբում «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռալով՝ մոլորեցրին հայութեանը եւ ապա՝ թշնամու առջեւ ծնկած՝ յայտարարեցին, որ պէտք է արցախեան հարցում «մեր պահանջների նշաձողն իջեցնենք»։ Արդիւնքը՝ նոյն հինգ հազարամեայ հայաբնակ Արցախի հայաթափումն եղաւ։ Մինչ այդ արդէն հերթով իջեցւել էին Գորիս-Կապանի ճանապարհի, Ջերմուկի սահմանային շրջանի, Սեւանի առափնեայ շրջանների յարակից բարձունքների ապաեւ՝ Տաւուշի չորս գիւղերի, նշաձողերն ու հիմա արդէն՝ բուն Սիւնիքի «միջանցքային ու կոմունիկացիոն» ուղիների նշաձողն  իջեցնելու սադրանքներին ենք ականատես:

Պարզ չէ՞, թէ դա ինչի է յանգեցնելու…։

Մէկ խօսքով՝ այս ամէնը վկայում է ողջ հայութեան օրհասական ու ահազանգային իրավիճակի մասին։ Իսկ մայր հայրենիքի նմանօրինակ իրավիճակները երիցս օրհասական ու ահազանգային հնչեղութիւն կունենան բովանդակ հայութեան, յատկապէս սփիւռքում ու արտերկրի հայութեան համար, զրոյացնելով նրա ինչպէս քանակական, այնպէս էլ որակական կարելիութիւնները…:

Արդիւնքում՝ դէմ-յանդիման ենք կանգնելու համազգային նոր աղէտի, յար եւ նման ու համաչափ՝ 20-րդ դարասկզբի Մեծ Եղեռնի…։

Գ – ԵԼՔԸ

Այս ամէնի ներկայիս հնարաւոր ելքը ըստ տողերիս գրողի.- 

1. Համազգային համերաշխութեան նոր ու սրընթաց ձեւաւորման գործարկումն է. այս խնդրում մեծագոյն եւ անյետաձգելի դերակատարում է վերապահւած ազգահաւաքման պոտենցեալ հնարաւորութիւն ունեցող ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶՈՅԳ ԱԹՈՌՆԵՐԻՆ, յանձինս Գարեգին Բ ամենայն հայոց եւ Արամ Ա կաթողիկոսների ու նրանց կողմից համապատասխան ԿՈՉ-ԱՀԱԶԱՆԳԵՐԻ տարածմամբ ու նաեւ դէպի աշխարհասփիւռ հայութեան ՀՈՎՒԱԿԱՆ ԱՅՑԵՐԻ իրագործմամբ, ի խնդիր համազգային կենսական համախմբման ու հայրենիքի պաշտպանման:

2. Սրբազան Պայքարի վերանորոգ ու յարատեւ պահանջատիրական շարժմանը նոր թափ հաղորդել՝ անհնազանդութեան ցուցական քայլերով սկսած ընդհուպ՝ ամենօրեայ միտինգ-դասադուլ-գործադուլներով։

Այս ճամբին, սակայն, կարեւորագոյն հանգամանք է նաեւ  նոյն շարժման էլիտար ու փորձագիտական խաւի ակտիւ ներգրաւումը՝ հասարակայնութեան, յատկապէս երիտասարդ եւ ուսանողական խաւերի շարքերում, բացատրական-երկխօսութեան հարթակներ ձեւաւորելու նպատակով։ Դա նոյնպէս էական է՝ ապազգային իշխանախմբի համատարած քարոզչութիւնները դիմակայելու եւ հնարաւորինս չէզոքացնելու տեսակէտից։

Այլապէս՝ հարկ չկայ յիշեցնելու, որ հայրենակործանման դառնագոյն աղէտը վերապրած ու նոր կորուստների ռէալ վտանգի առջեւ կանգնած ժողովրդի փրկութեան տարատեսակ միջոցների ու ելքերի նպատակային ճշգրտումն ու որդեգրումն արդարացւած է ըստ ամենայնի…։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

 

Related Articles

Back to top button