Նման Սրբազան շարժում կերազէին շատ պետութիւններ
Նման մի շարժում կերազէին շատ պետութիւններ, այսինքն՝ ընդդիմադիր նման շարժում, որ հոգեւորական, բարոյագիտական լայն սկզբունքներով առաջնորդւում, շատ պետութիւններ կը ցանկային ունենալ նման ներքին ընդդիմութիւն, որովհետեւ ապակայունացման երեւոյթ չէ, թէեւ իր ձգտումներով իշխանափոխութեան է ձգտում, բայց լրիւ սահմանադրական օրէնքի շրջագծում, սահմանադրական կարգի խախտման իմաստով՝ խնդիրներ չի ստեղծում: ՀՀ դիւանագիտական կորպուսը կարող է սա դարձնել համապատասխան ճնշման ազդակ, որպէսզի իր դէմ պարտադրանքները փոփոխի կամ ինչ-որ նոր քաղաքական ոլորտ տեղափոխի, նոր դիւանագիտական հարթակ փոխադրի ամբողջ հայ-ադրբեջանական հարցը: Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրոյց» հաղորդման ժամանակ նշել է ՀՅԴ անդամ, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի նախկին պատգամաւոր (2012-2020 թթ.), պատմական գիտութիւնների թեկնածուԿարէն Խանլարեանը:
Շարժումը որպէս դրսի ուժային կենտրոններից ղեկավարող ներկայացնելը, Խանլարեանը որակել է էժան փողոցային պրոպագանդա եւ դեմագոգիա: «Փոխարէնը աւելի լուրջ մօտեցում պէտք է լինի»:
Մայիսի 19-ին աւիվթարի հետեւանքով զոհւեցին Իրանի նախագահն ու արտգործնախարարը: Յունիսի 28-ին տեղի կունենայ արտահերթ նախագահական ընտրութիւններ: Հաշւի առնելով Իրանի քաղաքական ու պետական համակարգը՝ Խանլարեանի դիտարկմամբ, նման միջադէպը չի կարող յանգեցնել փոփոխութիւնների եւ այն էլ կտրուկ փոփոխութիւնների յատկապէս արտաքին քաղաքականութեան մէջ: «Յատկապէս արտաքին քաղաքականութեան հիմնական առանցքները ճշտւում են երկրի հոգեւոր առաջնորդի միջոցով: Ե՛ւ նախագահը ե՛ւ արտգործնախարարութիւնն ունեցել են վարչարարական դեր, տնօրինել այդ ամբողջ քաղաքական գիծը: Սիւնիքի հարցի հետ կապւած բնորոշւել է Իրանի ռազմավարական մօտեցումները, կարմիր գծերը՝ հանգուցեալ Ռէյիսի եւ հոգեւոր առաջնորդի միջոցով»:
Տարանջատելով քաղաքականութեան պաշտօնական ու բովանդակային ասպեկտները՝ Խանլարեանը բացատրել է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների հարցում Իրանի դիրքորոշումը: «Ճիշտ է, որ Իրանը շնորհաւորեց Ադրբեջանին Ղարաբաղի ազատագրումը, բայց հետագային Իրանի դիւանագիտական կորպուսը մի քանի անգամ կրկնեց հետեւեալ միտքը, որ այնուամենայնիւ պէտք է յարգւեն Ղարաբաղի հայ ժողովրդի, բնակչութեան իրաւունքները: Եւ նոյնիսկ որոշ դիւանագէտներ, այդ թւում Իրանի դեսպանը Հայաստանում բացեցին փակագծերը եւ այդ իրաւունքները ընդլայնեցին մինչեւ մեր հասկացութեամբ՝ ազգային ինքնորոշման իրաւունքի խնդիրը: Քիչ պետութիւններ կան, որ այդ ազգային ինքնորոշման խնդիրը որպէս իրաւունք նկատի են առնում Արցախի ժողովդրի եւ ընդհանրապէս Ղարաբաղի Հանրապետութեան համար»:
Խանլարեանը նաեւ յիշեցրել է «Զանգեզուրի դալան»-ի հարցում Իրանի դիրքորոշման մասին, համաձայն որի՝ բացառում են աշխարհաքաղաքական ու սահմանների որեւիցէ փոփխութիւն եւ որի մասին մէկ անգամ եւս Իրանի հոգեւոր առաջնորդը յիշեցրեց Փաշինեանին, երբ նա մեկնել էր Ռէյիսիի հոգեհանգստին: «Իրանն ունի չգրւած ռազմավարական սկզբունք՝ աւելի ճիշտ է կանխարգելումը, քան հետագային ինչ-որ ռեակցիա գործողութիւնների դիմելը: Դա ակներեւ է դառնում յատկապէս Հարվային Կովկասի հարցերում: Ես կարծում եմ՝ Իրանը որդեգրել է եւ օրօրի աւելի է զարգացնում այս զսպւածութեան մեխանիզմները, որպէսզի կարողանայ Ադրբեջանին կանխարգելի նման քայլ անելու: Այդ մեխանիզմների վրայ աւելի հակւած են աշխատելու, քան պատերազմական գործողութիւննի: Դա ունի իր միջազգային հետեւանքները եւ գինը, որոնցից խուսափելու համար Իրանը զսպւածութեան կոչեր ու մեխանիզմներ է գործադրում: Դրանք հայ-իրանական կոնտեքստից դուրս՝ հայ-ադրբեջանական կոնտեքստում գոյութիւն ունի, եւ շատ աներեւոյթ եւ աննկատ, այլապէս այսօր այս վիճակում չէինք լինի: Կարծում եմ՝ Ադրբեջանը երբեք չի հրաժարւել ու չի հրաժարւելու այդ միջանցիք պահանջից»:
Անդրադառնալով հայ-իրանական յարաբերութիւններին՝ Խանլարեանը նշել է, որ դա կարող էր աւելի հայանպաստ լինել, պատճառը՝ Հայաստանն է, քան Իրանը: «Շրջանառութեան մէջ է դրւել անվտանգային ոլորտում դիւերսիֆիկացիայի անհրաժեշտութիւնը: Յստակ գաղափարական, ռազմավարական, քաղաքական մտքի ձեւակերպում գոյութիւն չունի, որ դիւերսիֆիկացումը տարանջատել վեկտորի փոփոխութեան խնդրից: Վեկտորի փոփոխութիւնը լրիւ այլ բան է, այդ հարցում Հայաստանը նոյնիսկ ընտրութեան մեծ հնարաւորութիւն եւ այլընտրանքներ չունի: Քաղաքական վեկտորի հարցը ընդհանրապէս պետութիւններին վիճակւում է ինչ-որ տարածաշրջանային, մինչեւ իսկ աշխարհագրական ֆակտորների հէնքի վրայ, դրանից շատ հեռանալ հնարաւոր չէ, բայց արի ու տես, որ Հայաստանում այդ սխալ տպաւորութիւնը կայ, որ երբ խօսւում է զանազանակերպութեան կամ դիւերսիֆիկացիայի մասին, մարդիկ անմիջապէս ասում են՝ ուրեմն մենք վեկտոր ենք փոխում: Զարմանալին այն է, որ բոլոր մակարդակներում, ընդհուպ մինչեւ պետական մակարդակներ սկսում են խօսել վեկտորի փոփոխութեան մասին, դէպի Արեւմուտք գնալու մասին, առանց հաշւի առնելու, որ Արեւմուտքն ինքը չի ուզում Հայաստանին հովանաւորել որպէս դաշնակից»: