ՀՅԴ Մամուլ

«Դրօշակ»-ի առաջնորդող. Մայիսի խորհուրդն ու ժամանակի մարտահրաւէրը

Մայիս ամիսը միշտ տօնական տրամադրութեամբ, լաւատեսութեամբ է համակել մեզ, պարուրել է յաղթողի զգացողութեամբ: Հայաստանի անկախացման օրերից սկսած՝ քառորդ դար ոգեշունչ միջոցառումները յաջորդում էին իրար, յիշում էինք «Աւարայր»-ի մասին, գալիս հասնում էինք սարդարապատեան երկունքին, եւ փառաւորւում էինք՝ մտածելով, որ այս կամ այն կերպ առնչութիւն ունենք նորօրեայ Աւարայրին ու Սարդարապատին՝ արցախեան հերոսական յաղթանակին: Ժողովուրդները միշտ կառչած են մնում իրենց պատմական հերոսների ու հերոսականութեան, իրողութիւնների ու առասպելների միֆականացւած արժէքներին: Մարդկային կեանքը միշտ իմաստաւորւում ու ոգեշնչւում է իրենից վեհ, իրեն առաջնորդող գաղափարներով ու խորհրդանիշերով: Այդ ամէնը մերժելու դէպքում «սուրբ տեղը» լրացնում են այլ արժէքներ՝ հակադրելով մարդուն, խորթացնելով եւ թշնամացնելով սեփական ինքնութեան հետ: Սեփական արժէքներն ու խորհրդանիշերը մարդուն շաղկապում են իր անցեալի հետ, ուժ ու արժանապատւութիւն են ներշնչում, դարձնում են նրան աւանդականի վերածւած այդ երեւոյթների պահպանման ու շարունակման մէկ շղթան՝ նախանձախնդիր նախնիների նպատակների ու երազանքների իրականացման հարցում եւ պատրաստ ամէն ինչի՝ յանուն իր ինքնութեան հիմքերը կազմող նիւթական ու հոգեւոր արժէքների: Այս մտքերը վերացական, փիլիսոփայական դատողութիւններ չեն, այլ շատ կոնկրետ ու շօշափելի իրողութիւններ, որոնց մթնոլորտում այսօր ապրում է, եթէ չասենք, այդ «ապուրն է ուտում» հայ ժողովուրդը: Նրա պատմութիւնը, նրա հերոսական անցեալն ու հազարամեակների մաքառման ընթացքը դրւել են հարցականի տակ, մերժւել է նոյն հայ ժողովրդի այսօրւայ առաջնորդների կողմից: Փորձ է արւում՝ ապացուցելու, թէ սխալ ճանապարհով են գնացել իրարայաջորդ սերունդները, ընտրել են հակադրութիւնն ու պայքարը՝ խաղաղութեան ձգտելու փոխարէն: Իհարկէ, թոյնի պէս ներարկւող այս գաղափարախօսութեան շրջանառումը պատմական ինքնութեան հիմքերը խարխլելուց առաւել նպատակ ունի արդարացնելու պայքարից, դիմակայութիւնից խուսափելու այսօրւայ ռազմավարութիւնը, ինչը արժէզրկել է պետութիւնը, զրկել է նրան իրական ինքնիշխանութիւնից եւ ուղիղ գծով տանում է դէպի գաղութացում: Հայաստանի իշխանութիւնը երկիրը նախապատրաստում է դարաւոր հակառակորդին յանձնելուն: Արցախը յանձնելուց, նրանից պաշտօնապէս հրաժարւելուց յետոյ շարունակւում է պարտութիւնների այն շղթան, որի վերջը չի երեւում, իսկ այդ վերջը աւելի շուտ կը դառնայ հէնց Հայաստանի վերջը: Եթէ այդպէս չէ, կարո՞ղ է իշխանութիւնը յայտարարել, որ ինչ-որ գծից այն կողմ ինքն այլեւս ոչինչ չի զիջելու: Այս իշխանութիւնը ցայսօր եթէ ինչ-որ բան էլ խոստացել է, ապա միայն այն, թէ արտաքին ուժերը մեզ կը պաշտպանեն:

Արցախը վերջնականապէս յանձնելու օրերին երկրի ղեկավարը յայտարարեց, թէ արցախահայերին ոչինչ չի սպառնում: Ոստիկանական բռնութեամբ նա տներից հանեց Տաւուշի գիւղացիներին եւ ադրբեջանցիներին յանձնեց տարածքի անառիկ պաշտպանական դիրքերը, յայտարարեց, թէ գիւղ հասած ադրբեջանցիների հետ կարող են առեւտուր անել, իսկ եթէ չեն ցանկանում նրանց տեսնել, կարող են ծառեր տնկել: Այսպէս ցինիկ, այսպէս սեփական վշտին անհաղորդ կարող է լինել միայն բացայայտօրէն դաւաճանութեան ճանապարհը բռնած ղեկավարը: Այս իշխանութիւնը երբեք չխօսեց այն մասին, որ 2020 թւականի պատերազմի գլխաւոր հովանաւորը Թուրքիան էր՝ իր գլխաւոր շտաբի, յատուկ զօրամիաւորումների ուղղակի մասնակցութեամբ, զէնքի մեծաքանակ մատակարարմամբ եւ քաղաքական աջակցութեան ապահովմամբ:

Հայաստանի պաշտօնեաները 90-ականների սկզբի ՀՀՇ-ականների պէս յայտարարում էին, թէ թուրքական վտանգի մասին խօսողները մնում են հարիւր տարի առաջւայ պատկերացումների գերութեան մէջ, նաեւ փորձում էին ստեղծել կիրթ ու խաղաղասէր ադրբեջանցու կերպար: Իրադարձութիւնների զարգացումը փաստեց միանգամայն հակառակը, եւ դրանով հանդերձ չփոխւեցին հայ կապիտուլեանտների գաղափարախօսութիւնն ու որդեգրած քաղաքականութիւնը: Սրա կողքին քաղաքական ու ռազմավարական դաշնակիցներն ու պոտենցիալ դաշնակիցները մերժւում են, դառնում են իշխող ուժի հակաքարոզչութեան թիրախը: Ռազմական դաշնակցի առջեւ պահանջ է դրւել՝ լքելու Ադրբեջանի հետ ողջ սահմանային գօտին, երբ այս իշխանութեան քանդած բանակը ի վիճակի չէ դիմակայելու հնարաւոր յարձակումներին, իսկ ղեկավարութիւնն այդպիսի տրամադրութիւն չունի: Վերջին տարիներին հայ զինւորներից մշտապէս պահանջւել է չպատասխանել ադրբեջանական սադրանքներին:

Ի դէպ, դրա համար էլ պաշտպանութեան նախարար է նշանակւել ապազգայինների թիմից մէկը, որը անվերապահօրէն կատարում է գերագոյն գլխաւոր հրամանատարի՝ պարտութեան տանող բոլոր հրամանները:

Մինչ այսօրւայ բախտախնդիրների իշխանութեան գալը Հայաստանի ղեկավարութեանը յաջողւել էր հայ-ադրբեջանական հակամարտութիւնից հեռու պահել արտաքին ուժերին, իսկ այսօր այս հակամարտութեանը ուղղակիօրէն կողմ են դարձել ե՛ւ Արեւմուտքից, ե՛ւ Արեւելքից բազմաթիւ շահագրգիռ ուժեր, որոնք տարածաշրջանը վերածում են աշխարհակարգային բախման գօտու: Հայաստանի «տարբեր քաշի» իշխանաւորներ իրենց խօսափող լրատւամիջոցների հետ յայտարարում են, թէ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը վերածել Ուկրաինայի, իսկ իրականում հէնց իրենք ընտրեցին Ուկրաինայի դրածոյ իշխանութեան ճանապարհը եւ յամառօրէն շարունակում են այն, երբ ակնյայտ է, որ Ռուսաստանի դէմ այս երկրին առճակատման տարած ուժերի նպատակը եղել է սոսկ Ռուսաստանի հետ իրենց անուղղակի բախումը, որին պէտք է զոհաբերւէին Ուկրաինան եւ ուկրաինացիները: Ակնյայտ պարտութիւն կրելով ուկրաինական ճակատում՝ տւեալ ուժերի ձգտումն է Ռուսաստանի ազդեցութեան չէզոքացումը Անդրկովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Իր հերթին Հայաստանի իշխանութիւնը անկամօրէն ստանձնել է այդ դերը՝ հակադրւելով Ռուսաստանին եւ պատրաստակամութիւն դրսեւորելով մինչեւ վերջ զիջելու ադրբեջանաթուրքական դաշինքին: Հայաստանի իշխանութեան իրական պայքարը սեփական ժողովրդի դէմ է, որը ձգտում է կանխել Հայաստանի թուրքացումը եւ զոհաբերումը արեւմտեան հեռահար ծրագրերին: Իսկ այս պայքարում Հայաստանի իշխանութեան դաշնակիցը թուրքադրբեջանցիներն են, ովքեր չեն ցանկանում Փաշինեանի եւ միւս դաւաճանների հեռացումը իշխանութիւնից:

Ինքնիշխանութեան եւ ինքնութեան պահպանման համար ազգային ռազմավարութեան վերածւած դարաւոր պայքարը հայութիւնը որդեգրել է առարկայական դրդապատճառներով եւ այն, ըստ էութեան, դարձել է ազգի գոյատեւման միակ երաշխիքը: Չլինէին 30-ամեայ ազգային ազատագրական պայքարն ու 1918-ի հերոսամարտերը՝ չէր ստեղծւի Հայաստանի Հանրապետութիւնը, եւ չէր լինի այսօրւայ հայոց անկախ պետութիւնը: Հայութիւնը չընդունէր 1990-ականների արցախեան պատերազմի մարտահրաւէրը, չէր լինի Արցախի ազատագրումը եւ մօտ քառորդ դար ձգւած յարաբերական խաղաղութիւնը: Չկարողանալով յաղթել սեփական ինքնութեան պաշտպանութեանը ունակ ժողովրդին՝ թշնամին նրա ներսում բուծեց իր հինգերորդ շարասիւնը, որը յանձնեց հայկական մէկ պետութիւնը եւ յանձնման է տանում երկրորդին: Այս անգամ հայ ժողովուրդն իր գոյատեւումն ապահովելու համար հարկադրւած է նախ յաղթել դաւաճանութեան ուղին բռնած ներքին թշնամուն: 2024-ի մայիսը նոյնպէս եղաւ պատմական դիմակայութեան ամիս: Ազգային ուժերի ու ժողովրդի ըմբոստացմանը դրածոյ իշխանութիւնը հակադրեց ոստիկանական անդեմ եւ կաշառւած զանգւածին: Ազգային ուժերին չյաջողւեց 2024-ի մայիսին հասնելու արտաքին հովանաւորութիւն վայելող դրածոյ իշխանութեան հեռացմանը, սակայն փաստեց.

ա) համաժողովրդական բնոյթ ստացած շարժումը պատրաստ է յամառ ու երկարատեւ ընթացքի,

բ) բարոյապէս ու քաղաքականապէս վարկաբեկւած իշխանութիւնը կորցրել է ոտքի տակի հողը, եւ նրա միակ ներքին նեցուկը ուժային կառոյցներն են,

գ) ազգային դաւաճանութեան իշխանութեան արտաքին հովանաւորները հասկացան, որ խամաճիկ իշխանութիւնը վարկաբեկւած է, եւ ժողովուրդը մերժում է երկիրը կապիտուլեացիայի տանելու, ազգային արժէքային համակարգը փոխելու, ինքնութիւնը այլասերելու ծրագրերը,

դ) մերժւած իշխանութիւնը չի կարող երկար գոյատեւել, իսկ գոյատեւման շրջանում լինելու է ինքնամեկուսացւած, անարդիւնաւէտ ու անկայուն,

ե) հայ ժողովուրդը յայտ է ներկայացնում՝ տարածաշրջանում վերականգնելու հայկական շահերը՝ որպէս աշխարհաքաղաքական գործօն,

զ) ձախողելով հռչակած բոլոր ծրագրերը եւ հակադրւելով անօրինական կուրսը մերժող ժողովրդին՝ Հայաստանի իշխանութիւնը յայտնւել է ոչ լեգիտիմութեան դաշտում եւ նրա նկատմաբ հետագայ հովանաւորութիւնը վարկաբեկում է արտաքին ուժերին եւ միջազգային կառոյցներին, բացայայտում է վերջիններիս հակաժողովրդավարական, կողմնակալ եւ գիշատիչ էութիւնը:

Գլոբալիստական գաղափարաքաղաքական վարդապետութիւնը մօտ կէս դար մոլեգնում է աշխարհի վրայ՝ պետութիւններ ցնցելով, դժբախտութիւններ բերելով միլիոնաւոր մարդկանց: Աշխարհի գերհզօր պետութիւններն այսօր պայքարում են՝ դիմակայելու այդ աւերիչ հոսանքին:

Այո՛, հայ ժողովուրդը նոյնպէս դարձաւ այդ յարձակման թիրախը, իր ներսի դաւաճանների միջնորդութեամբ ենթարկւեց նոր ցեղասպանութեան եւ կորցրեց Արցախի Հանրապետութիւնը: Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցութիւնը կրող մեծամասնութիւնը, սակայն, ոտքի է ելել՝ փաստելու, որ մեռած չէ, չի կորցրել արժանապատւութիւնը եւ եւս մէկ անգամ կարող է փրկել ինքն իրեն ու իր պետութիւնը: Մայիսեան օրերը կրկին յիշեցրին մեր յաղթանակների, անելանելի թւացող պայմաններում ելքը գտնելու մեր կարողութեան մասին: Յաղթողի տրամաբանութիւնը հայկական ովկիանոսի մէջ սկսում է խեղդել անարժանապատիւ եւ ծախու ստրուկին:

Related Articles

Back to top button