«Դրօշակ»-ի առաջնորդող. Կը յաջողւի՞ սատանայական շրջանից դուրս բերել երկիրը
Եթէ փորձ արւի արժեւորելու Փաշինեանի գլխաւորութեամբ ներկայ իշխանութեան գրեթէ վեցամեայ գործունէութիւնը, ապա այլ գնահատական չի կարող լինել, քան ամբողջական ձախողումը: Արցախի կորուստն ու Հայաստանի ներկայ քաղաքական վիճակը ասւածի անվիճելի ապացոյցն են: Խօսքը, սակայն, միայն արտաքին քաղաքականութեանը չի վերաբերում, այլեւ ներազգային, տնտեսական եւ այլ ոլորտներին:
Ի՞նչ իրավիճակում ենք ներազգային առումով: Հայաստանում հասարակութիւնը յուսալքւած է այն չափով, որ չի հաւատում, թէ ունակ է իր ուժերով ինչ-որ բան փոխելու սեփական ճակատագրի հարցում: Պառակտւած հանրութեան տարբեր ճամբարները իրար դէմ տրամադրւած են թերեւս աւելի սեւեռուն եւ խոր անհանդուրժողութեամբ, քան թշնամու, որը նստած է երկրի ներսում եւ ի լուր աշխարհի բարձրաձայնում է իր անյագ յաւակնութիւնների մասին, յայտարարում է, թէ Հայաստանը՝ մայրաքաղաքով հանդերձ, ադրբեջանական տարածք է: Գիտական ու արժէքային բոլոր չափանիշները խախտած իշխանութիւնների քաղաքականութիւնը անընդունելի է գիտական-մտաւորական խաւերի համար: Անհանդուրժողութիւնն ու ագրեսիւ, սադրիչ պահւածքը Հայոց ազգային եկեղեցու հանդէպ, Արցախը կործանման հասցնելն ու Հայաստանը կործանման ճամբով տանելը պատճառ են դարձել, որ եկեղեցականները բարձրաձայնեն ազգային-հոգեւոր, մշակութային եւ պատմական արժէքներին պատերազմ յայտարարած իշխանութեան նկատմամբ իրենց սկզբունքային հակադրութեան մասին:
Կարելի է հետեւել տարբեր հարթակներում իշխանաւորների եւ նրանց հետեւորդների խօսքին՝ համոզւելու համար Արցախի եւ արցախցիների նկատմամբ նրանց ատելութեան մէջ: Հայ ժողովրդին աննախադէպ ողբերգութիւններ բերած իշխանութեան համար Արցախն ու նրա հայ բնակչութիւնը եղել եւ մնում են բեռ, որից նրանք փորձեցին ազատւել եւ շարունակում են ազատւելու փորձեր անել ադրբեջանցիների օգնութեամբ: Հայաստանում սեփական ազգային ինքնագիտակցութիւնն ու պահանջները դրսեւորելու արցախահայութեան բնական իրաւունքը բախւում է իշխանութեան կատաղի հակաքարոզչութեանը, շանտաժին, բացայայտ եւ ոչ բացայայտ սպառնալիքին, արգելքներին եւ իշխանութիւնների տիրապետած այլ լծակների:
Իշխանութիւնը հետեւողականօրէն իրականացնում է երկրով մէկ եւ վերեւից ներքեւ իշխանական-վարչական ողջ համակարգի կուսակցականացումը, իսկ այս համակարգում օրինական ճանապարհով տեղ գրաւողները ենթարկւում են դատական եւ այլ բնոյթի ճնշումների ու հալածանքների մինչեւ կամաւորապէս կամ պետական լծակների միջոցով համակարգից դուրս կը մղւեն: Այս պրակտիկան կիրառւում է ոչ միայն քաղաքական-վարչական համակարգում, այլեւ գիտական, կրթական եւ կենսագործունէութեան մնացած բոլոր բնագաւառներում: Պաշտօններից ազատւում են գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտների աշխատողները՝ տնօրէններից մինչեւ ամենակրտսեր վարչական աշխատողները: Ըստ էութեան, ողջ ժողովուրդը՝ բացառութեամբ սեփական թայֆայի, իշխանութեան համար դիտւում է որպէս վտանգ եւ պոտենցիալ ընդդիմութիւն: Ինչ վերաբերում է երկրի իրական, քաղաքական ընդդիմութեանը, ապա դատական եւ այլ կարգի հետապնդումները՝ քրէական շինծու գործերի յարուցումն ու տարբեր ժամանակահատւածներով բանտարկութիւնները, Նիկոլ Փաշինեանի ռեժիմի գլխաւոր քաղաքական գործիքն են ներքաղաքական փոխյարաբերութիւնների ասպարէզում: Իհարկէ, ընդդիմութեան ազատ գործունէութիւնը խափանելու իշխանութեան գործիքները շատ աւելի բազմազան են եւ ընդգրկում են շանտաժի, կաշառքի, մարդկանց պաշտօններով եւ այլ միջոցներով գնելու, դրանով ընդդիմութեան ուժերին թուլացնելու, նրա հնարաւորութիւնները սահմանափակելու մեթոդները: Ասւածի վերջին եւ ակնյայտ օրինակներից է դաշինք կազմած եւ որպէս իշխանական թիմի մաս քաղաքապետարան անցած խմբակցութեան «յանկարծակի» հրաժարումը իր հիմնադիր ղեկավարից:
Իշխանութեան վերաբերմունքը Սփիւռքի նկատմամբ ուղղակիօրէն հետեւեալը եղաւ եւ է. «Ովքեր կը պարեն դուդուկիս տակ, նրանց էլ կը ճանաչեմ որպէս Սփիւռք եւ Սփիւռքի ներկայացուցիչներ»: Բնականաբար, այս քաղաքականութիւնը դարձաւ հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ կապերի եւ յարաբերութիւնների խզման պատճառ: Աւելին, իր հակազգային ու բռի գործելակերպը շարունակելով՝ Հայաստանի իշխանական-վարչական ամբողջական համակարգը տնօրինող անձը յանդգնեց «պատժել» նաեւ սփիւռքահայերին: Այլ կերպ չի կարելի կոչել հայրենիքով ապրող, այդ հայրենիքի ճակատագրին կեանքը նւիրած մարդկանց անցանկալի անձ յայտարարելն ու նրանց առջեւ հայրենիքի դռները փակելը: Ասւածի վառ օրինակն է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի պարագան: Մուրադ Փափազեանը, սակայն, չհաշտւեց այս անօրինականութեան հետ եւ հարցը վիճարկեց հէնց Հայաստանի իրաւական համակարգում:
Ամիսներ շարունակ, թէ՛ երկրի Ազգային անվտանգութեան ծառայութիւնը եւ թէ՛ այլ մարմինները բերանները ջուր առած՝ պապանձւեցին՝ չկարողանալով որեւէ պատճառ, իսկ աւելի ճիշտ՝ պատճառաբանութիւն ներկայացնել, թէ ինչո՞ւ եւ ի՞նչ իրաւունքով են հայ մարդու առջեւ փակւում հայրենիքի դռները:
Աւելին, ակնյայտ դարձաւ, որ Սփիւռքի տարբեր համայնքներում իշխանութեան համար անցանկալիների ցուցակներ էին կազմւել: Դատական քաշքշուկներից յետոյ նիկոլական խուժանապետութեան ներքոյ գործող դատարանն անգամ քաջութիւն գտաւ իր մէջ՝ վերացնելու այս խայտառակ ու անօրինական արգելքը: Իշխանական համակարգի մանկլաւիկներն ու սազանդարները շարունակում են լռել, կարծես ոչինչ էլ չի պատահել: Մնաց, սակայն, տեղի ունեցածի բարոյական, քաղաքական հետեւանքը՝ երկրի, հայրենի եւ Սփիւռքի հայութեան, ինչպէս եւ օտարների աչքին Հայաստանի, որպէս պետութեան, հեղինակազրկումը: Հետեւանքը եղաւ նաեւ սփիւռքահայ գործչի եւ գործիչների ծանր ապրումները, հայրենիք գալու եւ հայրենիքին օգտակար լինելու հնարաւորութեան կասեցումը: Բայց մենք իրաւունք ունենք հարցնելու՝ ո՞վ է պատասխան տալու տեղի ունեցած անօրինականութեան համար: Ո՞վ է պատասխան տալու այն բոլոր զինւորական, քաղաքական, վարչական եւ այլ ոլորտների գործիչների համար, որոնց բարոյական վարկին եւ ֆիզիկական կեանքին վնաս հասցնելով՝ ամիսներ եւ նոյնիսկ տարիներ շարունակ բանտերում փակեցին ու նախապէս յայտարարւած մեղադրանքները չհաստատելով՝ բաց թողեցին: Ո՞վ է պատասխան տալու բժիշկ հասարակական գործչի համար, որը չդիմանալով իրաւական-դատական հետապնդումներին ու քաշքշուկներին՝ մահացաւ դատարանի դահլիճում:
Ո՞վ է պատասխան տալու պատերազմի մասնակից յայտնի գեներալին սայլակի վրայ ամիսներ շարունակ դատարանի դահլիճներ բերելու ու պարբերաբար բանտարկելու համար մինչեւ ուժերի սպառումն ու մահը: Ո՞վ է պատասխան տալու երկրի վարչապետի ծառայողական մեքենայի սպանած յղի կնոջ համար, ո՞վ է պատասխան տալու հակահրդեհային եւ հակասանիտարական խայտառակ պայմաններում փակւած զինւորների ողջ-ողջ այրւելու համար, ո՞վ է պատասխան տալու զինւորական ծառայութեան ընթացքում անհեթեթ պատճառներով մահացած ու սպանւած զինւորների եւ վերջապէս կանխաւ պարտւած, երկու պատերազմներում նահատակւած հազարաւոր անմեղ զոհերի համար: Կարծում ենք՝ բոլորի համար էլ պարզ է, թէ ով է ամենից առաջ պատասխան տալու:
Հայաստանի գործող իշխանութիւնն՝ իր առաջնորդի գլխաւորութեամբ, պատերազմ է յայտարարել ոչ միայն ապրող հայութեանը, այլեւ նախորդող սերունդներին, ազգային ինքնութեանը, հայ ժողովրդի պատմութեանը, մշակոյթին ու անգամ… երազանքներին: Նիկոլ Փաշինեանի համար չկայ հայ ժողովրդի պատմութիւն, այլ կայ միայն Հայաստանի պատմութիւն, հայրենիքը Հայաստանի Հանրապետութեան այն հատւածն է, որտեղ ինքը դեռ կարող է պտտւել: Թէեւ վայ ղեկավարի համար ներկայ պետութիւնը նոյնպէս կորցրել է արժէքը, նա պատրաստւում է ոչ միայն պետութեան հիմքը՝ Սահմանադրութիւնը, փոխել, այլեւ առհասարակ հրաժարւել այս պետութիւնից եւ ստեղծել չորրորդ հանրապետութիւն: Եթէ երբեւէ ասւէր, թէ Հայաստանին նման ապագայ է սպասւում, պատմողին խելագարի տեղ կը դնէին:
Խելագա՞ր է, թէ՞ խելագար չէ պետութեան գլխին նման խաղեր մոգոնողը: Գուցէ նա մի օր, իսկապէս, խելագար ձեւանայ պատասխանատւութիւնից խուսափելու համար, սակայն բոլշեւիկօրէն երկիրը քանդելու եւ նրա տեղը նորը շինելու խելացնորութիւնը աւելի քան լուրջ սպառնալիք է Հայաստանի համար: Իհարկէ, շատերը անմիջապէս հասկացան, որ այս ամէնը թուրք-ադրբեջանական պահանջ է, ինչը պատրաստւում են Հայաստանի ղեկավարները կատարել իշխանութիւնը պահպանելու համար արտաքին երաշխիքներ ստանալու նպատակով: Բայց, հաւանաբար, միակ պատճառը սա չէ: Նիկոլ Փաշինեանը բազմիցս ոտնահարելով պետութեան հռչակագիրն ու Սահմանադրութիւնը՝ պետական կարգի դէմ թոյլ է տւել ոտնձգութիւններ, եթէ չասենք, դաւաճանութիւն:
Նոր Սահմանադրութիւնն ու նոր հռչակւող հանրապետութիւնը թերեւս մոռացնել տան նախկինի մասին, դատարկ նոր էջ բացելով նաեւ երրորդ հանրապետութիւնը կործանողի կենսագրութեան մէջ, եւ գուցէ նախկին ամէն ինչի՝ պետութեան, հայրենիքի, պատմութեան ու մշակոյթի ու անգամ ազգային ինքնագիտակցութեան հարցում բացւի այդ դատարկ էջը: Ուզում ենք կրկնել այն միտքը, որը Փաշինեանի կառավարման առաջին տարիներին գրել է «Դրօշակ»-ը: Նիկոլ Փաշինեանը գնում է այն մոլագարի ճանապարհով, որը մէկ անգամ ոճիր գործելուց յետոյ ստիպւած է անընդհատ նոր ոճիրներ գործել նախորդների համար պատասխանատւութիւնից խուսափելու նպատակով: Կը յաջողւի՞ արդեօք դա նրան: Կարծում ենք՝ սա չէ գլխաւորը, այլ այն, թէ կը յաջողւի՞ սատանայական շրջանից դուրս բերել եւ փրկել երկիրը կործանումից: Սա մի հարց է, որի լուծման համար պատասխանատու են բոլորը, իսկ աւելի շատ պատասխանատու են նրանք, ովքեր յաւակնում են նման պատասխանատւութեան: