«Դրօշակ»-ի առաջնորդող. Ոտատակ ընկած Նիկոլ, ոտատակ եղող Հայաստան
2024 թ. փետրւարի 16-18-ին Միւնխէնի անվտանգութեան համաժողովում Նիկոլ Փաշինեանը յայտարարել է. «Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»: Իսկ փետրւարի 22-ին «France 24» լրատւական հեռուստաալիքին տւած հարցազրոյցում Փաշինեանն ասել է. «Փաստացի Հայաստանը սառեցրել է իր անդամակցութիւնը ՀԱՊԿ-ին»: Նոյն այդ օրերին շրջանառւում են խօսակցութիւններ, իսկ շաբաթներ անց յայտնի է դառնում, որ Հայաստանը Ռուսաստանի սահմանապահ ծառայութեանը պաշտօնական նամակով տեղեակ է պահել սոյն թւականի օգոստոսի 1-ից «Զւարթնոց» օդանաւակայանում վերջիններիս ծառայութիւնը դադարեցնելու մասին: Միաժամանակ տարածւում է այն տեղեկատւութիւնը, թէ սպասւում է Զելենսկու այցը Հայաստան (այս վերջինը տեղի չունեցաւ․ գուցէ առայժմ): Հարց է ծագումՙ ինչն է ստիպել Հայաստանի իշխանութիւններին կատարելու կտրուկ եւ ամբողջական դիմաշրջում դէպի Արեւմուտք ուղիղ համեմատութեամբ սրելով յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Գուցէ սա իւրատեսակ հաշւետւութիւն-հաւաստիացո՞ւմ է Արեւմուտքին, որն այդ յստակութիւնն է պահանջում քաղաքական ճարպկութիւնների սովոր Հայաստանի վարչապետից: Գուցէեւ Արեւմուտքն է շտապում հակառուսականութեան նոր ճակատ բացել Անդրկովկասում, երբ Ուկրաինան ակնյայտօրէն տանուլ է տալիս պատերազմում: Եւ արդեօ՞ք Հայաստանի անվտանգութեան, եթէ չասենք, գոյութեան հաշւին խաղարկւող այդ սցենարի մասին չի վկայում Միացեալ Թագաւորութեան ռազմական նախարար Ջէյմս Հիպիի յայտարարութիւնը, թէ Լոնդոնը «կաշխատի եւրաատլանեան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դէպքում»:
Ինչպէս ասում են․ «Աչքներս լոյս»: Միացեալ Թագաւորութեան նախաձեռնութեամբ եւրաատլանտեան դաշնակիցները կաջակցեն Հայաստանին Ռուսաստանի հետ հակամարտութեան մէջ մտնելու դէպքում: Իսկ այդ հաւանականութիւնը ենթադրւո՞ւմ է, թէ հրահրւում․ որեւէ պարագայում այն նոյն մահացու հեռանկարն է Հայաստանի համար: Շատ ծանօթ բան չի՞ յիշեցնում այս ընթացքը: Ռուս-ուկրաինական պատերազմի սկսւելուց 1 ամիս անց՝ 2022 թ. մարտին, թուրքական միջնորդութեամբ Անթալիայում տեղի ունեցան ռուս-ուկրաինական բանակցութիւններ, ձեռք բերւեցին որոշակի համաձայնութիւններ, որոնք յանգեցին նախաստորագրման հանգրւանի, բայց քանի դեռ կողմերը չէին հասցրել վաւերացնել փաստաթուղթը, Կիեւ թռաւ Միացեալ Թագաւորութեան վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ խոստանալով ամենայն աջակցութիւն՝ դրդեց հրաժարւելու հաշտութեան պայմանագրի կնքումից եւ շարունակել պատերազմը: Յիշեցնե՞նք Հայաստանի իշխանութիւններին, թէ ինչ վիճակում է այսօր Ուկրաինան: Պարզապէս արձանագրենք, որ այս երկիրն արդէն կորցրել է մօտ չորս այսօրւայ Հայաստանի չափ տարածք, 45 միլիոնանոց երկրի բնակչութեան թւաքանակը մօտաւորապէս կիսւել է (Ռուսաստանի քաղաքացի դառնալով, փախչելով երկրից եւ մօտ կէս միլիոն զոհ տալով), աւերւել է երկրի տնտեսական-էներգետիկ համակարգի մեծ մասը, Ուկրաինային սպառնում է տարածքների հետագայ մասնատումը նաեւ եւրոպացի հարեւանների միջեւ: Ըստ լուրջ կանխատեսումների՝ Եւրոպայի ամենամեծ երկրին սպառնում է պետականութեան կորուստն ու կազմալուծումը: Իհարկէ, նոյն այս ճանապարհին՝ Զելենսկուն, իսկ յաջորդ հանգրւանում Սահակաշւիլուն հերթափոխելու ճանապարհին գտնւող Փաշինեանին արդէն յաջողւել է հայկական իշխանութեան ներքոյ գտնւող երկրի 30 տոկոսից աւելին տանուլ տալ, այնուամենայնիւ սա սթափեցնելու եւ համարժէք հետեւութիւնների տանող եզրակացութեան չի մղել նրան եւ նրա խամաճիկային թիմին: 2018 թւականից Հայաստանին պարտադրւած քաղաքականութիւնը շարունակւում է: Որպէս այս սցենարը ամբողջացնող սիւժետային ծանօթ գիծ դրսեւորւում է Եւրոպայի եւ եւրոպական կառոյցների առաջնորդների հիացմունքը Հայաստանի իշխանութիւնների ժողովրդավարական բարեփոխումների կուրսի հանդէպ: Եւրոմիութիւնն ասում է, թէ ՀՀ-Եւրամիութիւն յարաբերութիւնները երբեք այսքան խորն ու ամուր չեն եղել:
Մնում է կանխագուշակել, թէ ինչպէս են արտայայտւում այդ «խորն ու ամուրը»՝ բացի ՀՀ իշխանութիւնների ամբողջովին Արեւմուտք թեքւելուց եւ Ռուսաստանին հակադրւելուց։ Միաժամանակ հրաւէր է հնչում հերթ կանգնելու Եւրամիութեան անդամի թեկնածու դառնալու համար թեկնածուների երկար շարքում:
Նիկոլ Փաշինեան քաղաքական թիւրիմացութեանը ծնած ՀՀՇ-ի իշխանութիւնից յետոյ Հայաստանը զգուշաւոր քայլերով զարգացնում էր յարաբերութիւնները Արեւմուտքի հետ եւ անգամ մասնակցում էր ՆԱՏՕ-ի ինչ-ինչ ծրագրերի: Փոխլրացնող (կոմպլեմենտար) այս քաղաքականութիւնը ջղագրգռութիւն չէր առաջացնում Հայաստանի դաշնակիցների եւ միւս գործակիցների մօտ, որովհետեւ Հայաստանն իր քաղաքականութիւնն իրականացնում էր բաց՝ առանց կողմերի շահերի վրայ հակադրութիւններ սարքելու գաւառական պարզունակ ճարպկութեան, յստակօրէն ցուցադրում էր քաղաքական առաջնահերթութիւններին հաւատարմութիւնը, իսկ, որ ամենակարեւորն է, այդ յարաբերութիւնները չէր կառուցում ի հաշիւ եւ ընդդէմ տարբեր կողմերի: Քաղաքական կապերը դիւերսիֆիկացնող այս քաղաքականութիւնը վտանգաւոր մարտահրաւէրներ չէր ստեղծում Հայաստանի համար:
Ներկայիս ճակատագրական պատմափուլում, երբ անփորձ իշխանութիւնը ունակ չէ թշնամական սպառնալիքները յաղթահարելու, 180 աստիճանի շրջադարձ կատարելով, գործիք է դարձել Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակը հետապնդող ուժերի ձեռքին, այսպէս ասած, «եւրոպամէտ քաղաքականութիւնը» փորձում է ներկայացնել որպէս անկախ Հայաստանի անցած ճանապարհի համար չտեսնւած ու շատ առաջադիմական մի բան:
Թերեւս կարելի է չզարմանալ՝ ընդունելով, որ Նիկոլ Փաշինեանն ու իր արկածախնդրական թիմը ցանկութեան դէպքում անգամ այլեւս այլ բան չեն կարող անել, որովհետեւ խորանում է կախումը արտաքին հովանաւորներից եւ երկիրը յոշոտել ցանկացող թշնամիներից:
Այլապէս մի՞թէ Նիկոլ Փաշինեանից լաւ որեւէ մէկը գիտի, թէ ինչ հետեւանքներ են ենթադրում Ռուսաստանի հետ յարաբերութիւնների սրումը եւ աշխարհաքաղաքական բախման պայմաններում այլոց կռւի մէջ ոտատակ ընկնելը:
Փաշինեանը լաւ գիտի, որ Ռուսաստանին թշնամութեան մղելը Հայաստանին սպառնում է ամէն տարի մօտ մէկուկէս միլիարդ տրանսֆերտային գումարների կորստով, որոնք այդ երկրում աշխատող հայերն ուղարկում են իրենց հարազատներին՝ հսկայական սոցիալ-տնտեսական խնդիր լուծելով Հայաստանում: Դա նշանակում է ատոմակայանի հումքի, ադամանդի, էժան նաւթամթերքի, հացահատիկի եւ այլ ապրանքի հոսքի դադարեցում կամ մեծ տոկոսով թանկացում, նշանակում է հայկական՝ հիմնականում գիւղատնտեսական արտադրանքի առջեւ այս մատչելի եւ առայժմ անայլընտրանք շուկայի դռների փակումը, Ռուսաստանում աշխատող մի քանի հարիւր հազար հայերի վտարումը եւ այլն: Այս շարքը կարելի է շատ երկարացնել՝ չանդրադառնալով անգամ ամենակարեւոր անվտանգային խնդիրներին: Փաշինեանը եւ իր բախտախնդիրների թայֆան իշխանութեան գալուց առաջ եւ գալու առաջին օրւանից իրականացրել են հայ ժողովրդի մէջ հակառուսական տրամադրութիւններ բորբոքելու, հայ-ռուսական յարաբերութիւնները խզման տանելու քաղաքականութիւն: Եթէ Նիկոլ Փաշինեանը այս նպատակը չունենար եւ փոքր-ինչ ազնիւ լինէր, կը խոստովաներ, օրինակ, որ 2020 թ. պատերազմի կէսին ստիպւած էր լինելու ամբողջական պարտութիւն ընդունել, եթէ ամէն օր ինքնաթիռները Ռուսաստանից զինամթերք չհասցնէին Հայաստան: Եթէ նա ազնիւ լինէր, կը յիշեր, որ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն առաջարկեց դադարեցնել պատերազմը առկայ դիրքերում, որ Ալիեւին համոզել է համաձայնել դրա հետ, եւ եթէ ինքը չմերժէր, այսօր Արցախը պահպանւած կը լինէր, եւ 2000-ից աւելի հայ զինւորի կեանքը կը փրկւէր:
Փաշինեանը չի յիշի այն մասին, որ ռուսներն առաջարկում էին Արցախի հարցի լուծումը սառեցնել՝ կարգավիճակի խնդիրը թողնելով ապագային, եւ այս առաջարկի հետ եթէ ինքը համաձայն էր այսօր Արցախը լինելու էր պահպանւած եւ պաշտպանւածՙ ապագայում կարգավիճակի լուծման հեռանկարով: Նիկոլ Փաշինեանը, սակայն, պէտք է մերժէր այս բոլորը եւ շարունակէր քայքայել Ռուսաստանի հետ յարաբերութիւնները՝ յստակ առաջնորդւելով այն նպատակներով, որոնք իրականացնելու համար ստանձնել էր իշխանութիւնը: Նիկոլ Փաշինեանը ռուս սահմանապահներին դուրս է հանում օդանաւակայանից, իսկ մօտ ապագայում նա ընդհանրապէս հրաժարւելու է ռուսական ռազմուժի, այդ թւում՝ հայ-թուրքական սահմանի պաշտպանութիւնն իրականացնող սահմանապահ զօրքի ներկայութիւնից մեր երկրում:
Հայաստանի իշխանութիւնն իր առաջնորդի գլխաւորութեամբ հրաշալի հասկանում է, որ ՀԱՊԿ-ի հետ կապերը խզելուց եւ ռուսական զինւած ուժը մեր երկրից դուրս բերելուց յետոյ Հայաստանը դառնալու է ամբողջովին բաց թուրքական ներխուժման համար, հետեւաբար այդ ներխուժման անհրաժեշտութիւնը չի էլ լինելու, առանց դրա էլ Հայաստանն ընկնելու է թուրքական ազդեցութեան տակ: Որպէս Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ՝ հէնց Թուրքիան է մտնելու Հայաստան՝ իհարկէ, նախեւառաջ հետապնդելով Անդրկովկասում Ռուսաստանին փոխարինելու, Զանգեզուրի միջանցքը իր անվերահսկելի հսկողութեան տակ վերցնելու եւ պանթուրանիզմի ճանապարհը գործարկելու նպատակները: Գուցէ հէնց այդ հաշւարկով էլ այժմւանից Հայաստանի իշխանութիւնը կատարում է զիջումներ, որոնք կը պահանջւի, երբ երկիրը փաստացի կը վերածւի թուրքական կամ թուրք-ադրբեջանական գաղութի: Այլապէս հասկանալով, թէ հասարակութեան մէջ ինչ դժգոհութիւն է բորբոքւում՝ ինչի համար են իշխանութիւնները կանխաւ տարածքները յանձնում եւ, ըստ թուրք պաշտօնեաների յայտարարութիւնների, համաձայնում Զանգեզուրի միջանցքի վերաբերեալ թուրքական պահանջներին, խօսում նոր Սահմանադրութեան մասին, թուրքական գաղափարախօսութիւններին համապատասխան փոփոխում հայագիտութեան հիմնարար գաղափարները, տւեալ ճիւղերի կարգավիճակը կրթական համակարգում: Անգամ հասնելով սրբապղծութեան՝ պատերազմի հերոսների նկարները հանում են փառքի անկիւններից: Ալիեւը իր գրպանում համարելով Հայաստանի ութ գիւղերը ստանալու հարցը՝ խօսում է այժմ արդէն «Ադրբեջանի դէմ ռազմական յանցագործութիւններ գործած» հայաստանցիներին յանձնելու պահանջի մասին: Յայտարարելով, թէ ինքը Հայաստանի Հանրապետութեան վարչապետն է՝ Փաշինեանն ամբողջովին հրաժարւում ե՛ւ հայոց պատմական անցեալից, ե՛ւ յիշողութիւնից, ե՛ւ հայ դատից, ե՛ւ այն ազգային արժէքներից, որոնք առնչւում են այդ ամենի հետ:
Ինչ վերաբերում է նրան, թէ Արեւմուտքը մեզ կը պաշտպանի, այդ հեքիաթին իշխանութիւնն անգամ չի հաւատում: Նախ արեւմտեան ղեկավարներն են յայտարարել, որ Հայաստանը պաշտպանելու համար զինւոր չեն ուղարկի տարածաշրջան, միւս կողմից էլ, երբ իշխանութիւնը ժողովրդին շանտաժի է ենթարկում Ադրբեջանի հնարաւոր յարձակման սպառնալիքով, հաստատում է այն տեսակէտը, որ ինքն իսկ չի հաւատում Արեւմուտքի միջամտութեանն ու աջակցութեանը: Ի դէպ, այդ նոյն Արեւմուտքը փոխլրացնող ամուր տնտեսաքաղաքական կապերի մէջ է Ադրբեջանի եւ նրա հովանաւոր Թուրքիայի հետ եւ անգամ շրջափակման երկար ամիսներին ոչ միայն օգնութեան ձեռք չմեկնեց հայութեանը, այլեւ որոշ երկրների ներկայացուցիչներ իրենց հերթին էին պահանջում արցախցիներից լքելու իրենց բնօրրանը՝ սպառնալով հնարաւոր ցեղասպանութեամբ: Ակնառու փաստ է, որ եւրոպական ղեկավարների ու կառոյցների՝ Ադրբեջանին ուղղւած բոլոր յայտարարութիւններին եւ ընդունած որոշումներին հակառակ՝ Ալիեւը անխռով շարունակում է իր սպառնալիքներն ու հակահայ քայլերը՝ դրանով փաստելով ոչ միայն արեւմտեան բոլոր որոշումների, այլեւ նիկոլական իշխանութեւան յոյսերի սնանկութիւնը:
Պէտք է յստակ լինի նաեւ, որ Հայաստանի իշխանութիւնների արտաքին քաղաքականութեան մէջ քաղաքական հիմքեր փնտրելը անիմաստ էՙ այդ քաղաքականութիւնը ամբողջովին պայմանաւորւած է այն ազդեցութիւններով եւ կախումներով, որոնք այս խառնախմբի համար գոյութիւն են ունեցել դեռեւս իշխանութեան գալուց առաջ եւ արտայայտւել են շատ յստակօրէն, երբ նա դեռ ջուր էր պղտորում ընդդիմադիր դաշտում: Չունենալով արտաքին քաղաքականութիւն իրականացնելու փորձառութիւն, խորթ լինելով ազգային մտածողությանն ու ազգային ռազմավարական շահերին, չհասկանալով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային առանձնայատկութիւններով պայմանաւորւած անկախ Հայաստանի որդեգրած քաղաքական ուղեգծերը՝ վերջապէս, որպէս զիւորական պարտադիր ծառայութիւնից խոյս տւած դասալիք, Փաշինեանն իր օտարասուն համախոհների հետ հաւատաց արտաքին հովանաւորների խոստումներին ու նետւեց դաժան գործընթացների յորձանուտի մէջ:
Լողալ չիմանալով՝ այդ ալեկոծումների մէջ կործանեց Արցախը, կործանման շեմին կանգնեցրեց Հայաստանը՝ մեր երկիրը դարձնելով մեծ շահերի բախման եւ անվերջանալի ցնցումների ներուժ պարունակող փորձադաշտ: Ոտատակ ընկնելով մեծ խաղերի մէջ՝ նա այստեղ ներքաշեց նաեւ երբեմնի կայուն, հեղինակութիւն ու յարգանք ներշնչող երկիրը: Նիկոլ Փաշինեանը խուսափելով ուղիղ հնչող հարցերից՝ չունի հիմքեր եւ չի կարողանում որեւէ երաշխիք ներկայացնել, որ ինքը կարող է երկիրը դուրս բերել անվերջանալի անկումների այս ընթացքից: Չունենալով երկիրը փրկելու յոյս եւ հասկանալով, որ երկրի ու ժողովրդի առաջ այսչափ յանցագործութիւններ կատարած մէկը չի կարող չկանգնել անխուսափելի պատասխանատւութեան առջեւ՝ նրա եւ իր թիմի համար ինքնանպատակ իշխանութիւնը դարձել է ինքնապաշտպանութեան զրահ, որի գոյատեւումն էլ կախւած է հովանաւորների եւ իր դաւաճանական իշխանութեան երկարաձգման մէջ շահագրգիռ թշնամիների բարեհաճութիւնից: Այդ պատճառով էլ նա իր քաղաքական գործունէութիւնը պայմանաւորում է թւարկւած ուժերի կամակատարութեամբ, իսկ թշնամիներ է համարում նրանց, որոնց համարում է վտանգ իր իշխանութեան համար, մասնաւորապէս՝ Հայաստանի ժողովրդին, արցախցիներին ու նաեւ ռուսներին:
Այս իշխանութիւնը կարծում է, որ եթէ ռուսներին մերժի եւ ջայլամի պէս գլուխը մտցնի աւազի մէջ, Ռուսաստանը կանհետանայ, այնինչ այս երկիրը եղել է, կայ եւ, ուզենք, թէ չուզենք, տեսանելի ապագայում մնալու է հիմնական դերակատար այս տարածաշրջանում եւ անկախ իւրաքանչիւրի նախասիրութիւնից՝ այս իրողութեան նկատմամբ քամահրանքը շատ ծանր կարող է նստել մեզ վրայ: Կը յաջողւի՞ Հայաստանը դուրս բերել ոտատակ ընկածների այս խաղաբեմից: Այլ ելք չկայ, մնում է, որ հրաբխի պէս պայթիւնի պատրաստ ժողովուրդը կարողանայ տեսնել եւ ընդունել պայքարը յաջողութեամբ աւարտելու ունակ իր առաջնորդներին: Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը թէ՛ քաղաքականապէս եւ թէ՛ բարոյապէս պարտութեան հոգեվարքի մէջ է, բայց այս վիճակը անվերջանալիօրէն կարող է ձգւել, քանի դեռ հրապարակում չի յայտնւել այդ հոգեվարքին վերջ դնող ուժը: