ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԼԻԶԲՈՆԻ ՈՒՂԵՐՁՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՎԱՃԱՌՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԸ

44-օրեայ պատերազմից յետոյ, երբ ակնյայտ էր, որ ադրբեջանցիները պատերազմում տարած յաղթանակից յետոյ սկսելու են հետեւողականօրէն սեղմել օղակը Հայաստանի շուրջ, միանգամայն տրամաբանական պիտի լինէր ՀՀ իշխանութիւնների կողմից զգաստանալը, իրավիճակը ճիշտ գնահատելն ու հետագայ գործողութիւններին ու համարժէք քայլերին պատրաստւելը: Բայց չեղաւ: Փոխարէնը՝ աթոռը պահելու, հանրութեանը խաբելու, նրա հաւաքական գիտակցութիւնը խամրելու եւ զգօնութիւնը բթացնելու նպատակով շրջանառութեան մէջ դրւեցին մերկապարանոց ու փուչ յայտարարութիւններ, «խաղաղութեան», «իրական Հայաստանի», «լաւ ու լուսաւոր ապագայի» եւ… մասին խոստումներ, միեւնոյն ժամանակ, կատարելով որպէս «ոչ այլընտրանքային» ներկայացւող թշնամու պարտադրած բոլոր պահանջներն ու պայմանները:

Տւեցին Արցախը, սահմանազատման եւ սահմանագծման քօղի ներքոյ յանձնեցին գիւղեր ու տարածքներ /եւ շարունակելու են յանձնել/, աճուրդի են հանել ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, հրաժարւելու են Անկախութեան հռչակագրից եւ պահանջատիրութիւնից ու փոխելու են Սահմանադրութիւնը…եւ այսպէս՝ մինչեւ վերջ: Ուրեմն ի՞նչ, այսպէս Հայաստանի սահմանները մկրատելով ու կլորեցնելով հայութեան հայրենիք են թողնելո՞ւ, թէ՞ ընդամէնը թշնամու «բարեհաճութեանը» թողնւած հողատարածք՝ գոյութիւն քարշ տալու եւ գերեզմաններ ունենալու համար:

Եւ իրօ՞ք սա է «յարատեւ խաղաղութիւն» ու «բարեկեցիկ կեանք» ունենալու գինը, որի մասին անընդհատ յիշում ու յիշեցնում են Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող անձն ու նրա քաղաքական թիմը:

Այս առումով, հարցի միայն մէկ կողմը, իրականում միայն մակերեսն է ՀՀ ինքնիշխան տարածքի գիւղի, բարձրունքի ու ձորի, քառակուսի կիլոմետրների կորուստն ու հայոց հայրենիքի ծւատումը: Իրականում, ինչպէս բազմիցս ենք ահազանգել, հայոց պետականութեան եւ հայրենիքի ապագայի, լինել-չլինելու հարցն է նժարին դրւած: Արցախի կորուստը, տարածքների յանձնումը միայն նախամուտքն էր: Յաջորդ քայլը, հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակման անւան ներքոյ «Թուրանական միջանցքի» կեանքի կոչելը, Անկախութեան հռչակագրից եւ պահանջատիրութիւնից հրաժարւելն ու Սահմանադրութեան փոփոխութիւնը կը նշանակի տան դռան բանալին անվերադարձ յանձնել թշնամուն:

Ժամանակն արագ է թռչում: Այն գործում է մեր դէմ, եւ արդէն վաղը կարող է ուշ լինել: Ուրեմն բա՛ւ է, գիտակցել է պէտք, որ Հայաստանը՝ ողջ հայութեան հայրենիքը, հայրենավաճառների տիրոյթը չէ, եւ չպէտք է թոյլ տալ, որ նրա հետ ինչպէս կամենան՝ վարւեն: Ժամանակն է ոտքի կանգնել, թօթափել անտարբերութիւնն ու խարխափումները եւ պայքարի նետւել՝ առաջնորդւելով մեր Ճամփան լուսաւորող փարոսով, մեր ուղենշով եւ ուղեցոյցով՝ ԼԻԶԲՈՆԵԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՈԳՈՎ:

42 տարի առաջ, Լիզբոնի 5 ողջակէզ հերոսները մեզ ցոյց տւեցին, թէ ինչպէս է պէտք վարւել, երբ իրավիճակը թւում է անյուսալի եւ փակուղային: Նրանք մեզ սովորեցրին, որ ընկրկել պէտք չէ, անգամ այն ժամանակ, երբ թւում է, թէ որեւէ բան անել հնարաւոր չէ: Նրանք մեզ սովորեցրին, որ ամէն պարագայում յանձնւողականութիւնը մերժելի է, եւ չպէտք է հրաժարւել մէկ թիզ հայրենի հողից անգամ, եթէ, թէկուզ, այն գերւած է ու թւում է անհասանելի:

Նրանք մեզ սովորեցրին, որ Քրիստափոր Միքայէլեանի՝ «ՅԱՐԵՏԵՒ ԿՌՒԻ» անմահ տեսութիւնը, ոչ թէ անմիտ մոլագարութիւն է, այլեւ անբեկանելի բանաձեւ՝ բոլոր ժամանակներում սեփական իրաւունքը, ազատութիւնը եւ արժանապատւութիւնը պաշտպանելու համար:

Նրանք մեզ սովորեցրին, որ Գարեգին Նժդեհի՝ «ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՒՈՒՆՔ: ՈՒԺԵՂԻՆՆ Է ԱՇԽԱՐՀԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՄԷՆ ԻՆՉ» պատգամը անշրջելի բանաձեւ է պատմութեան երկայնքով ձգւող, որից հրաժարւելն ինքնակամ դէպի կառափնարանի ուղին բռնել կը նշանակի:

Եւ վերջապէս նրանք մեզ պատգամեցին, որ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ասելով, մենք պէտք է հասկանանք ոչ թէ ինչ-որ տարածք, գոյութիւն քարշ տալու համար, այլեւ հիմնաքար, որի առանցքի շուրջ պէտք է ձեւաւորւի վաղւայ Հայաստանը, ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ, բոլոր հայերի հայրենիքը, որին խոցել այլեւս անկարող պէտք է լինեն թշնամիներն ու ոսոխները:

Սա է Լիզբոնի ուղերձը մեզ, որի գաղափարական ժառանգները պէտք է դառնանք այսօր, եթէ, իհարկէ, ցանկանում ենք ապրել եւ գոյատեւել որպէս ազատ եւ արժանապատիւ ազգ:

Չկա՛յ այլընտրնաք: Միւս բոլոր ուղիները տանելու են դէպի կործանում, ինչպէս՝ այն ուղին, որով շարժւում են հայրենավաճառներն այսօր:

Related Articles

Back to top button