Ժողովուրդը քւէով իր դժգոհութիւնը արտայայտեց Ֆրանսիայի վարած քաղաքականութեան նկատմամբ
Alpha News-ի ուղիղ եթերում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը խօսել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութիւնների մասին ու նշել աջ ծայրայեղականների յաղթելու պատճառները։
«Ծայրայեղ աջ կուսակցութեան առաջխաղացումը Ֆրանսիայի ընտրութիւններում նոր երեւոյթ չէ։ Եւրոպական ընտրութիւններում արդէն յստակ էր առաջադէմ լինելու իրենց դիրքը։ Նոյն տրամաբանութիւնը շարունակւեց նաեւ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութիւններում։
Պէտք է այս ամէնի պատճառը փնտրել երեք պայմաններով։ Առաջինը՝ եւրոպական քաղաքականութեան մէջ Ֆրանսիայի վարած քաղաքականութեան նկատմամբ դժգոհութիւնը հետեւեալ տրամաբանութեամբ՝ Եւրոմիութեան ընդլայնման քաղաքականութեան դէմ նոր տարրեր ներգրաւելը, ֆինանսական քաղաքականութիւնը, որն, ըստ ծայրայեղ աջի, Ֆրանսիայի տնտեսական անկախ քաղաքականութիւնը արգելափակում է ու օտարների, գաղթականների ներխուժումը Ֆրանսիա՝ ապօրինի կերպով։
Այս ամէնը Եւրոպական ընտրութիւնների ժամանակ պատճառ դարձաւ, որ ծայրահեղ աջը Եւրոպական խորհրդարանում աթոռների մեծամասնութիւնը գրաւի։ Բայց սա նաեւ պէտք է տարածել եւրոպական այլ երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում ու Աւստրիայում էլ առաջատարները ծայրայեղ աջերն են»,- ասել է մեր զրուցակիցը։
Այսպիսով, ըստ նրա, ֆրանսիացիները քւէներով ցոյց տւեցին իրենց դժգոհութիւնը Ֆրանսիայի վարած քաղաքականութեանը։
«Մարի Լը Բենի ղեկավարած կուսակցութիւնը գրաւեց առաջին տեղը։ Առաջիկայ կիրակի տեղի կունենայ ընտրութիւնների երկրորդ փուլ, որտեղ, հաւանաբար, ծայրայեղ աջը կը կարողանայ խորհրդարանում ապահովել բացարձակ մեծամասնութիւն ու կառավարութիւն կազմելու իրաւունք կունենայ։
Երկրորդ տեղում է «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, որը ձախակողմեան միաւորում է։ Ֆրանսիայում այս պահին ժողովրդի մեծամասնութիւնը ծայրայեղականների քաղաքականութեան համակիր է՝ ձախ կամ աջ։ Սա նշանակում է՝ Ֆրանսիայում ժողովուրդը քւէով իր դժգոհութիւնը արտայայտեց Ֆրանսիայի վարած քաղաքականութեան, յատկապէս՝ տնտեսական եւ արտաքին քաղաքականութեան նկատմամբ»,- եզրափակել է Հրաչ Վարժապետեանը։